Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չի կարող անվտանգ լինել Հյուսիսային պողոտայում, եթե Հյուսիսային Հայաստանում՝ Տավուշում, 7-ամյա Արմանը դպրոց է գնալու ադրբեջանական յաշմայի թիրախի տակ»․ Վարուժան Գեղամյան

Հունիս 09,2024 20:17

«Թուրքիայում ու Ադրբեջանում ուշադիր հետևում են, թե ինչ ենք անում մենք, իսկ ավելի կոնկրետ՝ հենց դուք, հետևում են ձեր պայքարին, անում են անվտանգության խորհրդի նիստ, քանի որ անհանգստացած են ձեր պայքարից»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Նա վստահեցրեց՝ Թուրքիան ու Ադրբեջանը անհանգիստ են, որ ՀՀ-ում չլինի իշխանության փոփոխություն։

Ըստ Վարուժան Գեղամյանի՝ իրենք ոչ թե ուղղակի հետևում են, այլ անհանգստանում են՝ տեսնելով, որ հայերը նորից պայքարի են դուրս եկել․ «Երբ իրենք գնում են բանակցելու, ՀՀ ներկայացուցիչների հետ նստում են մեկ սեղանի շուրջ, դուրս գալիս, բանակցություններից իրենց մոտ ոչ մի անհանգստություն չկա, ընդհակառակը, վստահ են, որ իրենք նվաճել են հերթական հաղթանակը։ Թուրքիայի և Ադրբեջանի շահերից ելնելով՝ այստեղ իշխանափոխությունն իրենց համար ձեռնտու չէ։ Ուրեմն մենք ճիշտ բան ենք անում»։

Վարուժան Գեղամյանը վստահեցրեց՝ թշնամին հավատում է մեր ուժերին և այդ հավատն առաջացնում է անհանգստություն, որ իրենց բոլոր ծրագրերը կտապալվեն․ «Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղությունն օգտագործում են՝ որպես խայծ իրենց ցանկալին կորզելու համար։ Նրանց համար համերաշխ գոյությունը ոչ թե եվրոպական երկու պետությունների նման առանց սահման գոյությունն է, այլ առանց Հայաստան գոյությունն է այս տարածաշրջանում։ Թուրքիայում և Ադրբեջանում հետապնդում են նպատակ այնքան թուլացնել հայկական պետությունը, որ դառնա լիարժեք Թուրքիայից կախյալ պետություն։ Մենք՝ բոլորս այստեղ կանգնած համաձայն չենք, որ լինենք Թուրքիայից կախյալ պետություն»։

Նա, նշելով իրենց պատկերացրած հաղթանակի բանաձևը, հայտարարեց․ «Իրական Հայաստանն է թելադրում հայկական խաղաղությունը։ Սա է մեր հաղթանակի բանաձևը»։

Հաղթանակի համար, ըստ թուրքագետի, պետք են հետևյալ գիտակցումները․ «Պետք է գիտակցում, որ այս պահի զիջումներն անվերջանալի են․ դրանք մտնելու են ցանկացած հայի տուն։ Չի կարող Հյուսիսային պողոտայում լինել անվտանգ, երբ Հյուսիսային Հայաստանում՝ Տավուշում, Լենա տատիկը 50 մետրի վրա է գտնվում ադրբեջանական զորքից, 7-ամյա Արմանը դպրոց է գնալու ադրբեջանական յաշմայի թիրախի տակ։ Երկրորդ պայմանն այն է, որ պայքարը միակ տարբերակն է իրական հայկական խաղաղություն ունենալու համար։ Երրորդ պայմանը՝ գուցե ամենակարևորը։ Դուք այս օրերին տիկին Անահիտի պես վերջին տարիներին շատ եք մտահոգվել, նեղվել, տանջվել, արտասվել, կասկածել մեր ու բոլորի ուժերի վրա՝ կստացվի՞, թե ոչ՝ այս պայքարը։ Թշնամին հավատում է ու գիտի, որ մենք կարող ենք, հետևաբար մենք էլ պետք է սկսենք հավատալ մեր ուժերին։ Մեր նոր հաղթանակների համար ժամանակն է, որ մենք կասկածողներից դառնանք մեր ուժերի վրա հավատացողներ։ Հավատն ակտիվ գործողություն է և տալիս է իր հաղթական արդյունքը»։

Վարուժան Գեղամյանը եզրափակեց՝ ես հավատում եմ, որ մենք տեր ենք մեր երկրին ու նորից ունենալու եք հայկական անվտանգ ու զարգացող պետություն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930