Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Հրապարակում հնչում են «Նիկո′լ, դավաճան» վանկարկումներ։ Հանրահավաքի սկզբում ցուցադրվեց փաստագրական ֆիլմ, որում ներկայացված էին շարժման մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունները։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ելույթում ասաց․ «Տեսնում ենք՝ ոնց են ծեծում մարդկանց։ Մի հոգի ոստիկան պատասխանատվության կանչվե՞ց։ Եվ քանի դեռ մի ոստիկան չի կանչվել պատասխանատվության, քաղաքացիների նկատմամբ ցանկացած գործողություն՝ այդ թվում ձերբակալումն ու կալանավորումը, ապօրինի է»։
Կարդացեք նաև
Նա, հատ առ հատ թվարկելով այն անձանց անունները, որոնք կալանավորված են ու տնային կալանքի տակ են գտնվում, հայտարարեց․ «Այդ մարդիկ քաղբանտարկյալներ են, քանի որ նրանց նկատմամբ կիրառվում է տարբերակված մոտեցում»։
Ռուբեն Մելիքյանը նաև թվարկեց այն բոլոր իրավապաշտպանների անունները, որոնք այս օրերին զբաղված են մարդկանց իրավունքները պաշտպանելով․ «Միայն որակյալ դատական իշխանությունը կարող է պատվար հանդիսանալ, որ այլևս չլինեն այս այլանդակությունները։ Մեր երազանքն այն է, որ երբևէ մեր երկրում քաղբանտարկյալներ չլինեն»։
Ռուբեն Մելիքյանն ասաց՝ հենց նոր մի քաղաքացի մոտեցավ ու ասաց՝ իմ ընդդիմադիր հայացքների համար ինձ տարել էին, վատ բաներ էին ասում։ Արտաշատի ոստիկանությունից Վաչիկ Նիկողոսյան, իմացեք, որ մենք ամեն ինչ իմանում ենք, ու հատկապես այն մարդկանց, որոնք հայտնի չեն, չթվա ձեզ, որ այդ մարդիկ անպաշտպան են։ Էդ մարդիկ անպաշտպանված չեն»։
Ռուբեն Մելիքյանն ասաց՝ թեև ՄԻՊ-ում կան մարդիկ, որոնք շատ պրոֆեսիոնալ են աշխատում, բայց իրենք՝ հինգ իրավապաշտպան գործընկերներով ուզում են ՀՀ ՄԻՊ-ին կարմիր բերետ նվիրել․ «ՀՀ ՄԻՊ-ը հիանալի պաշտպանում է կարմիր բերետավորների իրավունքները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ