Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ամենացավալին որդուս հարցական հայացքն էր՝ ուղղված տատիկին. «Տատիկ, հիմա որ գյուղ գնանք, հայրիկին չենք տանելո՞ւ»․ «Ա1+»

Հունիս 09,2024 14:12

Լիանայի եւ Մխիթարի սերը սկսվեց դպրոցական նստարանից ու հարատեւեց։

Մասնագիտությամբ ուսուցչուհի Լիանան, ամուսնանալով զինվորական Մխիթարի հետ, մի կարճ շրջան աշխատեց, ապա մոռացավ իր կարիերայի մասին։ Միշտ ամուսնու կողքին էր, այնտեղ, ուր նրան ուղարկում էին ծառայության։

Պատերազմը, սակայն, բաժանեց անբաժան ամուսիններին․․․

«Փոխադարձ սեր, երեխաներ ու այս ամենը՝ դրախտավայր Արցախում։ Էլ ի՞նչ էր պետք՝ երջանիկ լինելու համար։ Դժվարություններ, իհարկե, կային, մանավանդ երբ դու զինվորականի կին ես և ստիպված ես փոքր երեխաներիդ հետ տեղից-տեղ տեղափոխվել։ Բայց չէի տրտնջում»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Մխիթար Հովհաննիսյանի այրին՝ Լիանա Ավանեսյանը։

Զինվորական հարուստ ուղի է անցել Մխիթարը՝ շարքային ծառայողից հասնելով փոխգնդապետի կոչման։ Վաշտի, գումարտակի, ապա գնդի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ էր։

Հովհաննիսյանների գերդաստանն իրենց տանը վերջին անգամ միասին հավաքվել է 2020 թվականի սեպտեմբերի 25-ին։

«Սկեսրայրիս ծննդյան տարեդարձն էր, և մենք Մարտունուց եկանք Քարին տակ։ Ճանապարհին ամուսնուս զանգեցին և հետ կանչեցին։ Իմանալով այցի նպատակը՝ թույլատրեցին երեք ժամով բացակայել։ Հասանք գյուղ, ուրախ սեղանի շուրջ ամուսինս շատ մտազբաղ էր, նրան բնորոշ հումորը բացակայում էր։ Հետո զանգեց ամուսնուս զինվորական ընկերոջ կինը և ասաց, որ սահմանին լարվածություն է զգացվում, կուտակումներ կան՝ մնամ գյուղում»,- հիշում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված փոխգնդապետ Մխիթար Հովհանիսյանի այրին՝ Լիանա Ավանեսյանը։ Ամուսինը վերադարձավ իր պարտականությունների կատարմանը, Լիանան երեխաների հետ մնաց գյուղում։

«Մխիթարը նույնիսկ թույլ չտվեց, որ հետը գնամ, գոնե երեխաների շորերը վերցնեմ։ Դա մեր վերջին հանդիպումը եղավ…»,- արցունքն աչքերին՝ պատմում է Լիանան։

Մարտական գործողություններն սկսվեցին սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 07:10-ին։

«Հուժկու պայթյունների ձայնից արթնացանք և հասկացանք՝ պատերազմ է։ Հասկացա նախօրեին ամուսնուս մտազբաղության պատճառը։ Երեկոյան արդեն լսեցինք առաջին զոհերի մասին։ Մի կերպ հաջողվեց կապվել Մխիթարի հետ, կարճ խոսեց, ասաց, որ ամեն ինչ լավ է։ Իսկ մի քանի օր անց զանգեց հորը և ասաց, որ հնարավորության դեպքում երեխաներին Երևան ուղարկի»։

Սեպտեմբերի 30-ին Լիանան երեխաների հետ տեղափոխվեց Երևան, ապա Արա գյուղ, որտեղ ժամանակավոր ապաստան գտան բարեկամի առանձնատանը։

«Այդ ընթացքում մեկ-մեկ հաջողվում էր ամուսնուս հետ թեկուզ կարճատև, բայց հեռախոսազրույց ունենալ։ Վերջին անգամ ամուսնուս ձայնը լսել եմ հոկտեմբերի 8-ին։ Երբ զանգեցի, նա ինձ հույս տվեց և ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ասաց՝ հարևան պաշտպանական շրջանին օգնության են գնացել, հրամանատարական կետը հետ են վերադարձրել, զինտեխնիկա առգրավել», – հիշում է տիկին Ավանեսյանը։

Հաջորդ օրն արդեն Լիանային ոչ մի կերպ չէր հաջողվում ամուսնու հետ կապ հաստատել։ Իսկ երեկոյան իմացան Մխիթարի զոհվելու մասին։


Լիանա Ավանեսյանի համար հաջորդ ցավալի հարվածը իր ծննդավայր Քարին տակի կորուստն էր, որտեղ ամփոփված էր ամուսնու մարմինը։

Մեծ դժվարություններով նրանց հաջողվեց արտաշիրիմում կազմակերպել։

«2021 թվականին կարողացանք արտաշիրիմում անել։ Ամուսնուս և 44-օրյա պատերազմում նահատակված նրա երկու հարազատներին հուղարկավորեցինք Եռաբլուրում։ Ամենացավալին որդուս հարցական հայացքն էր՝ ուղղված տատիկին. «Տատիկ, հիմա որ գյուղ գնանք, հայրիկին չե՞նք տանելու»։ Անպատասխան մնալով՝ Էրիկս ուժգին լաց եղավ։ Կյանքում առաջին անգամ ես անկարող զգացի երեխաներիս առաջ, կարծես թե կորցրել էի խոսելու ունակությունը»,- զսպելով հուզմունքը՝ ասում է Լիանան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930