2019 թվականին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ներդրվեց կենսաթոշակների կուտակային բաղադրիչը: Գրեթե հինգ տարվա ընթացքում՝ մինչեւ Ադրբեջանի կողմից 2023 թվականի աշնանը արցախցիներին իրենց բնակավայրերից բռնի տեղահանման ենթարկելը, արցախցիներն այդ համակարգում ներդրումներ են արել: Խոսքն, ընդհանուր առմամբ, մոտ 17 մլրդ դրամի և մոտ 34,5 հազար շահառուի մասին է։
Հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ արդարադատության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների համահեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով, ըստ էության, նախատեսվում է, որ արցախցիների կուտակած միջոցները փոխանցվելու են ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ: Այս օրենսդրական նախաձեռնությանը չեն նախորդել արցախցիների հետ համապարփակ քննարկումներ, հաշվի չեն առնվել նրանց ցանկությունները եւ մտադրությունները՝ սեփական միջոցները տնօրինելու առնչությամբ:
Արցախցիները փորձում են տարբեր հարթակներում իրենց անհամաձայնությունը հայտնել կամարտահայտման եւ ընտրության հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ։
«Առավոտի» հետ զրույցում Արցախից բռնի տեղահանված, «Գեն նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմինե Ավագիմյանն ասում է. «Արցախի քաղաքացիների մոտ օբյեկտիվորեն հարց էր առաջացել՝ ինչպե՞ս են տնօրինվելու, ի՞նչ ճակատագրի են արժանանալու այդ գումարները։ Մեր կենտրոնը որոշեց խնդրի առնչությամբ հարցադրումներ իրականացնել պատկան մարմիններին՝ Արցախի իշխանություններին, ՀՀ Կենտրոնական բանկին, Կենտրոնական դեպոզիտարիային։ Մոտ մեկ ամիս հետո ստացել ենք, մասնավորապես, Կենտրոնական բանկի եւ Դեպոզիտարիայի անտրամաբանական, ակնհայտ քաղաքականացված պատասխանը, որ հարցն իրենց տիրույթում չէ»:
Կարդացեք նաև
Տիկին Ավագիմյանը նշում է, որ տառացիորեն ամեն ինչ ՝ տուն-տեղ, աշխատանք, կորցրած արցախցիների մեծ մասն այսօր այն վիճակում է, որ ոչ միայն չի ցանկանում, պարզապես չի կարող սպասել՝ կենսաթոշակի անցնելուց հետո այդ գումարները ստանալուն, եւ հենց հիմա են ցանկանում հետ ստանալ իրենց գումարները կամ առնվազն տեղեկություն ունենալ, թե դրանց ճակատագիրն ինչպես է դասավորվելու. «Խոսքը միջինում 1-1,5 մլն դրամի մասին է, որն այս պայմաններում բավականին հարց լուծող թիվ է: Կան նաեւ շատ արցախցիներ, որոնք, իրենց անորոշ, անաշխատանք եւ սոցիալապես ու հոգեբանորեն դժվարին վիճակը հաշվի առնելով, իրենց ապագան չեն կապում Հայաստանում մնալու հետ, որոշել են, որ ցանկանում են հետ ստանալ այդ գումարները»:
«Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ուղղորդել էին ՀՀ կենտրոնական բանկ: Այնտեղից մենք ստացանք նույն պատասխանը, ինչ Արմինե Ավագիմյանն էր ստացել՝ «Կենտրոնական բանկը գործում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, եւ Արցախի կուտակային համակարգի հետ կապված հարցերում կամ գործընթացներում որոշումներ կայացնելու իրավասություններ չունի»:
Զրուցեցինք նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, որը մինչ այդ անդրադարձել էր այս խնդրին՝ նշելով, որ Արցախի իշխանություններն իրենցից կախված քայլերն արդեն արել էին. «2024 թ․ հունվարի 16-ին ԱՀ Ազգային ժողովը լրացում է կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որով հնարավորություն է ստեղծվել մասնակիցների համար կուտակված միջոցները իրենց ցանկությամբ փոխանցելու այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին, կամ էլ հետ ստանալու՝ փոխանցելով այն իրենց բանկային հաշիվներին։ 2024 թ․ փետրվարի 29֊-ին ԱՀ կառավարության որոշմամբ հաստատվել է վերոնշյալ օրենքից բխող համապատասխան ընթացակարգը։ Հարցի շուրջ Արցախի կառավարությունը քննարկումներ է ունեցել շահագրգիռ կառույցների՝ ՀՀ կենտրոնական բանկի, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ֊-ի և ֆոնդի կառավարիչ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ֊-ի հետ, որոնց կողմից ևս որևէ խոչընդոտ գործընթացի իրականացման տեսանկյունից չի ներկայացվել»։
Պարոն Ստեփանյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ըստ էության՝ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների և շահագրգիռ այլ կառույցների կողմից ապահովվել են անհրաժեշտ բոլոր իրավական ընթացակարգերը, որոնք ԱՀ քաղաքացիներին հնարավորություն են տալիս կամ հետ ստանալու կուտակված միջոցները, կամ էլ դրանք փոխանցելու ՀՀ կուտակային համակարգում գործող այլ ֆոնդի։ Ըստ օրենքի՝ գործընթացը պետք է ավարտվեր 2024 թվականի նոյեմբերին» : Սակայն մայիսին ինչ-որ բան փոխվեց : Գեղամ Ստեփանյանի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, փաստացիորեն չունենալով որևէ լիազորություն կուտակված գումարների ճակատագրի տնօրինման մասով, շրջանառվող օրենքի նախագծով փորձում է ներդրումային ֆոնդի գումարները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդ՝ զրկելով կուտակային համակարգի մասնակցին սեփական միջոցները տնօրինելու հնարավորությունից։
Արցախի ՄԻՊ-ը նաեւ փաստում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համար վարքագիծ է դարձել բռնի տեղահանվածներին վերաբերող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման, առանց ներառականություն ապահովելու՝ անտեսելով առնվազն իրենց վերաբերող հարցերի շուրջ լսված լինելու իրավունքը, մինչդեռ, կյանքի նման դժվարին իրավիճակներում հայտնված մարդուն պետք է հնարավորություն տրվի՝ տնօրինելու սեփական դրամական միջոցների ճակատագիրը:
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ։
Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ