Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային դոնորների աջակցությամբ էներգախնայողության ծրագիր է իրականացվել, որի վերաբերյալ գովազդն ավելի շատ է, քան իրական արդյունքներն են․ «Հետք»

Հունիս 08,2024 21:22

Լոռու մարզի Տաշիր քաղաքի Անի թաղամասը էներգաարդյունավետության չափանիշ է դարձել։ Այստեղ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ էներգախնայողության մի ծրագիր է իրականացվել, որի վերաբերյալ գովազդն ավելի շատ է, քան իրական արդյունքներն են։

Լոռու մարզի Տաշիր քաղաքը Երևանից շուրջ 160 կմ է հեռու։ Տաշիրից 12 կմ դեպի հյուսիս հայ-վրացական սահմանն է։ Քաղաքի բնակչության թիվը չի գերազանցում 12 հազարը։

Քաղաքից դուրս չեկած՝ աջ կողմում Անի թաղամասն է` 16 նույնանման շենքերով։ Վրացի հարևանները, որպես 1988 թվականի երկրաշարժից տուժածներին աջակցություն, 1990-ին արագ կառուցել են պանելային շենքերը։ Թաղամասը մարդաշատ չէ, ամեն մուտքում 2-3 ընտանիք է ապրում։ Շենքերից մեկում ընդամենը 2 բնակարան է բնակեցված։ Բնակիչները պատմեցին, որ շատերը թողել են տները և հեռացել, մի մասը Ռուսաստանի Դաշնությունում է, մի մասն էլ տեղափոխվել է Երևան կամ այլ թաղամաս Տաշիրում, և որոշ բնակարաններ այժմ վարձակալությամբ տրամադրվել են Արցախից բռնագաղթած ընտանիքներին։

Տաշիր քաղաքի Անի թաղամասը էներգաարդյունավետ է դարձել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2017 թ.-ին և պետք է ավարտվեր 2023-ին։ Սակայն ինչ-ինչ պատճառներով ծրագիրը չի ավարտվել և շարունակվելու է մինչև 2026 թվականը։

Կանաչ կլիմայի հիմնադրամը 20 մլն դոլար է տրամադրել դրա իրականացման համար։ Ծրագիրը, սակայն, շատ ավելի մեծ է և համաֆինանսավորվել է նաև ՄԱԶԾ-ի՝ 1 մլն 420 000 դոլար, Երևանի քաղաքապետարանի՝ 8 մլն դոլար, Հայաստանի կառավարության՝ 400 000 դոլար և Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ 86 մլն 250 000 դոլար։ Ընդհանուր բյուջեն կազմել է 116 մլն դոլար։

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագիրը միտված է նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից և, այդ միջոցով, նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և ապահովել կայուն զարգացման օգուտները:

ՇՄՆ-ն մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ծրագրի մեկնարկից՝ 2017 թվականից ի վեր, համաֆինանսավորվել են Հայաստանի 19 համայնքում իրականացվող բազմաբնակարան բնակելի և հասարակական շենքերի էներգաարդյունավետության միջոցառումներ։

Շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ներառում են՝

  • պատերի ջերմամեկուսացում,
  • տանիքի ջերմամեկուսացում,
  • նկուղի ջերմամեկուսացում,
  • արտաքին պատուհանների և դռների փոխարինում,
  • լուսավորման համակարգի արդիականացում,
  • ջեռուցման/օդափոխության/օդորակման համակարգերի արդիականացում,
  • արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում,
  • արևային ջրի ջեռուցման համակարգի տեղադրում։

Էներգաարդյունավետության լիարժեք վերազինման դեպքում սովորաբար իրականացվում են վերը նշված բոլոր միջոցառումները, մասնակի վերազինման դեպքում օգտագործվում է ցանկից ընտրված միջոցառումների համակցությունը։

Շրջակա միջավայրի նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան տրամադրել է այն շենքերի և կառույցների հասցեները, որտեղ ամբողջությամբ կամ մասնակի իրականացվել  է ծրագիրը։ Համաձայն այդ ցանկի՝ Անի թաղամասի 4 շենքում 2020 թվականին էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիրն իրականացվել է բոլոր բաղադրիչներով։ Եվս 6 շենքում ծրագիրն իրականացվել է մասնակի։

Մենք այցելեցինք Անի թաղամաս, որպեսզի հասկանանք, թե որքան արդյունավետ է եղել շենքերի էներգաարդյունավետության ծրագիրը: Մեր այցելության արդյունքում պարզեցինք, որ Անի թաղամասի ծրագրի շահառու 4 շենքերում (որտեղ ծրագիրը պետք է ամբողջությամբ իրականացվեր) թվարկված 8 միջոցառումներից առնվազն 3-ն իրականացված չէր․ շենքերի նկուղները ջերմամեկուսացված չէին, արևային ֆոտովոլտային և ջրի ջեռուցման համակարգեր տեղադրված չէին։

Ջերմամեկուսացվել են պատերը, մուտքերում տեղադրվել են պատուհաններ և նոր դռներ, նորոգվել և ջերմամեկուսացվել են տանիքները, տեղադրվել է լուսավորության համակարգ։

Անի թաղամասի 2-րդ շենքի 9-րդ բնակարանի բնակիչ Գայանե Ադամյանը պատմեց, որ իրենք առաջին հարկում են ապրում, և նկուղի ջերմամեկուսացումը զգալիորեն կտաքացներ իրենց բնակարանը, և առհասարակ՝ առաջին հարկերի բնակարանները։

Տաշիրի Անի թաղամասի ջերմամեկուսացված շենքի նկուղը

Մանկապարտեզների տնօրենները տեղյակ չեն, որ մասնակցում են նման ծրագրի

Երևան քաղաքի մեծ թվով մանկապարտեզներ են ներառված այն  ցանկում, որտեղ էներգաարդյունավետության մասնակի միջոցառումներ են իրականացվել։ Մենք այցելեցինք մի քանի մանկապարտեզ, որտեղ ամենամեծ գումարներն են ծախսվել։ Նորաշեն 47/2 հասցեում գործող թիվ 50 մանկապարտեզի տնօրեն Արմինե Բաղդասարյանը նշեց, որ իրենց դպրոցն ամբողջությամբ վերանորոգվել է, սակայն էներգաարդյունավետության ծրագիրը դեռ չի իրականացվել։ ՄԱԿ-ի գրասենյակից մասնագետները եկել են, զննել, ուսումնասիրել ու գնացել, իսկ այդ ծրագիրը, իր տեղեկություններով, նոր պետք է իրականացվի։

Թիվ 50 մանկապարտեզը

Այս մանկապարտեզի էներգաարդյունավետությունը մասնակի բարձրացնելու համար, ըստ Շրջակա միջավայրի նախարարության, 29,5 մլն դրամ է ծախսվել՝ ԿԿՀ-ի միջոցներից։

Դավթաշեն 1-ին թաղամասի 27/2 հասցեում գործող թիվ 58 մանկապարտեզը նորոգվել է 2021-22թթ.։ Այստեղ շուրջ 15 մլն դրամի ներդրում է կատարվել էներգաադյունավետության միջոցառումների համար։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Վարաժյանը մի քանի ամիս է այս պաշտոնում և ասաց, որ եթե նույնիսկ ինչ-որ միջոցառումներ իրականացվել են, ինքը տեղյակ չէ։

Չեխովի 100 հասցեում գործող  թիվ 143 մանկապարտեզը վերանորոգվել է 2022-23թթ․։ Տնօրեն Ռուզաննա Դանիելյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ օրերս քաղաքապետարանից այցելել են իրենց այդ հարցով, ստուգել են, թե ինչպես կարող է իրականացվել այդ ծրագիրը, բայց դեռևս գործողություններ չեն կատարվել։

Միայն Հասրաթյան 1 հասցեում գործող թիվ 160 մանկապարտեզի տնօրեն Սոնա Շամախյանը հաստատեց, որ իրենց մոտ լեդ լամպեր են տեղադրվել, պատերի մասնակի, ջերմամեկուսացում, տանիքի նորոգում և ջերմամեկուսացում է կատարվել։ Այստեղ ընդամենը 12,4 մլն դրամ է ծախսվել։

Ցանկում ներառված 4 մանկապարտեզներ էլ այս պահին նորոգման փուլում են, դրանց բացումը նախատեսվում է սեպտեմբերին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930