Արցախում թողնելով 20 տարվա ստեղծածը՝ Շահրամանյանների ընտանիքը մասնատված է անցել գաղթի ճանապարհը։ «Շատ դժվար ու դաժան ճանապարհ ենք անցել։ Ամուսինս ՈՒԱԶ մեքենայով է կամուրջն անցել։ Մյուս մեքենան տղաս էր վարում։ Ճանապարհին մեքենան փչացել է, և մենք ստիպված այլ մեքենայով ենք անցել կամուրջը։ Մեր ծանոթներն արդեն մաս-մաս, ով ինչ կարողացել է բերել՝ մեզ են հասցրել։ Մեքենան այդպես էլ մնացել է կամրջից այն կողմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է թշնամու տիրապետության տակ մնացած Ասկերան քաղաքի բնակիչ Մերի Շահրամանյանը։ Տեղ գյուղում ընտանիքը կրկին միավորվել է։ Երեք օր Երևանում բարեկամի տանը մնալուց հետո համեմատաբար էժան բնակարան Դիլիջանում են կարողացել գտնել։ «Աղջիկս Արցախի Մեսրոպ Մաշտոց պետհավատարամագրված համալսարանի իրավագիտության բաժնի 1-ին կուրսի ուսանող էր՝ ուստի որոշել էինք բնակարան վարձել Երևանում, որպեսզի աղջիկս կարողանա ուսումը շարունակել, սակայն բնակվարձով պայմանավորված հասել ենք Դիլիջան։ Դեկտեմբերին Փոքր Վեդիում տուն ենք վարձակալել և վերադարձել, սակայն պարզվել է, որ մենք էլ չենք կարող օգտվել անվճար ուսումնառության հնարավորությունից, իսկ ուսման վարձը տարեկան 750 հազար դրամ է»,- պատմում է Մերի Շահրամանյանը։
2020 թվականի պատերազմի նախօրեին Շահրամանյանները հիփոթեքային վարկ էին վերցրել և սկսել հինգ սենյականոց բնակարանի հիմնանորոգման աշխատանքները։ Պատերազմի ցավալի ելքից հետո նրանք շարունակեցին վերանորոգման աշխատանքները, սակայն այդպես էլ լիասիրտ չկարողացան վայելել։
«Աղջիկս դպրոցն ավարտեց շրջափակման պայմաններում, երբ ամեն ինչի պակաս կար։ Մենք չէինք ընկճվում և շարունակում էինք աշխատել։ Ամուսինս մեղուների խնամքի հետ միասին նաև բանջարանոցն ու այգին էր մշակում։ Ստեղծած բերք ու բարիքից նաև հարազատներին ու հարևաններին էինք բաժին հանում»,- պատմում է Մերին։ Արցախում Մերին վարսահարդարման դասընթացներ էր անցել, մասնագիտացել սիրած արհեստի մեջ։ Ասկերանում գեղեկցության սրահ էր վարձակալել, արդեն բավականին հաճախորդներ ուներ։ «Տարածք էինք գնել և պատրաստվում էինք սեփական սրահը կառուցել։ Շրջափակման պայմաններում էլ չէի դադարեցնում աշխատանքս, չնայած մազերի խնամքի պարագաների պակաս կար, հաճախորդների գրանցումներն էլ հարմարեցնում էի հովհարային անջատումներին։ Հաստատվելով Փոքր Վեդիում հմտությունների զարգացման նոր դասընթացների եմ մասնակցել և Արտաշատի գեղեցկության սրահներից մեկում արդեն աշխատում եմ։ Ունեմ մշտական հաճախորդներ ու գոհ եմ իմ աշխատանքից»։ Ամուսինը՝ Վահրամ Շահրամանյանն այս ժամանակամիջոցում նույնպես ձեռնունայն չի նստել։ Հմուտ ու բանիմաց մեղվաբույծի անուն վաստակած արցախցին այստեղ ևս որոշել է շարունակել զբաղվել մեղվաբուծությամբ։ Արցախում մոտ 80 փեթակ է թողել։ Տարվա այս ժամանակահատվածում նա արդեն մայիսյան մեղրը քամած է լինում։
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում