«Այս պայքարը գործնականում չհաջողել չի կարող, ուղղակի հնարավոր չէ, այս պայքարն այլեւս անցել է անդառնալիության կետը»,-Վանաձորում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Նա նշեց, որ այս շարժման հիմքում ընկած գաղափարներն արտացոլում են համայն հայության գաղափարները, նպատակները, առաքելությունն ու իղձերը։ «Հետեւաբար, այս շարժումն ուղղակի չհաջողել չի կարող։ Եվ գիտե՞ք ինչն է հետաքրքիր՝ Ադրբեջանը սա շատ լավ հասկանում է։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, թե վերջին օրերին ինչպես է ավելացրել եւ ճնշումները, եւ պահանջները՝ սկսած չակերտավոր «Խոջալուի ցեղասպանությունից», վերջացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումով, որովհետեւ շատ լավ պատկերացնում են, որ այլեւս ասպիսի հնարավորություն չեն ունենալու իրենց ողջ պատմության ընթացքում։ Սա երեւի իրենց վերջին հնարավորությունն է, վերջին շաբաթներն են կամ վերջին ամիսն է, որ նրանք ունեն։ Եվ այս պատուհանից փորձում են առավելագույնն օգտվել։ Եվ իրականում այսպիսի իրավիճակ ողջ պատմության ընթացքում չի եղել։ Փաստացի մենք այսօր կա երկու պետություն եւ մեկ իշխանություն։ Կա Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, եւ միայն Ադրբեջանի իշխանությունը։ Եվ այս հնարավորությունից բոլորն ուզում են հնարավորինս շուտ օգտվել, որովհետեւ տեսնում են, որ շարժումը շատ մոտ է իր տրամաբանական ավարտին, որը լինելու է շատ շուտ եւ մեր բոլորիս մասնակցությամբ»,- ասաց նա։
Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ այս իշխանությունն այնպես է արել, որ մենք ոչ թե երազում ենք ապագայի մասին, այլ այլեւս սկսելու ենք երազել մեր տունը՝ Վանաձորը, Երեւանը, Կապանը պահելու մասին։ «Եվ այս շարժումը հենց նրա մասին է, որ մենք այլեւս չենք երազելու պահել այն, ինչը այսպես թե այնպես մերն է, մենք հավակնելու ենք, որովհետեւ այս շարժումն արժանապատվության, ինքնության եւ իրական խաղաղության մասին է, ոչ թե ծնկած ու ստորաքարշ ապրելու մասին»,- հայտարարեց նա։
Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ երբ այս իշխանություններն ասում են ինքնիշխանություն, նկատի ունեն ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի ինքնիշխանությունը, այլ միայն ղեկավարող վարչախմբի ինքնիշխանությունը, որը նշանակում է անկախություն սեփական ժողովրդից՝ իրականացնելու այն օրակարգը, որը պարտադրվում է Ադրբեջանի կողմից։ Եվ այս շարժումն այն մասին է, որ այդ օրակարգն այլեւս տապալված է։ Եվ հենց այս շարժումն է, որ իրական ինքնիշխանության, անկախության եւ ապագան վերադարձնելու մասին է։
Կարդացեք նաև
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ