«Մենք մեկ անգամ եւս համոզվում ենք, որ մեր պայքարն արդարացի է։ Դուք տեսնում եք, թե այս օրերի ընթացքում ինչ է տեղի ունենում Ադրբեջանում ու Թուրքիայում»,- այս մասին Վանաձորում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այն պայքարը, որը մենք սկսել ենք ապօրինի սահմանազատման ու սահմանագծման դեմ, եւ մենք արդեն իսկ հասել ենք հաջողությունների, թշնամի պետությունն իր պահանջները ավելացրել է։ Ամեն օր նոր պահանջներ է դրել։ Ադրբեջանի պահանջներն անհատնելի են, նոր պահանջներ են դրվում Հայաստանի առջեւ՝ Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, նոր տարածքների հավակնություններ։ Եվ չկա մեկ օր, որ Ադրբեջանը հոխորտանքներով հանդես չգա։ Իսկ այս իշխանությունները խուլի ու համրի կեցվածք են ընդունել եւ որեւէ կերպ չեն արձագանքում եւ չեն պատասխանում Ադրբեջանի հոխորտանքներին։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր պայքարն արդարացի է, եւ մենք իրավունք չունենք այս պայքարը չտանել մինչեւ իր տրամաբանական ավարտ, որովհետեւ Ադրբեջանի վերջնական նպատակը ՀՀ-ն «Արեւմտյան Ադրբեջան» դարձնելն է։ Եվ մենք դա չենք կարող թույլ տալ, դրա համար մեր պայքարը պետք է տանենք մինչեւ տրամաբանական ավարտը։ Ուրիշ տարբերակ ու ելք մենք չունենք»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց՝ հետեւաբար, առաջիկայում պետք է ուժերը կրկնապատկել ու եռապատկել․ «Ինչպես գիտեք՝ վաղը Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք, կոչ ենք անում բոլորին մասնակցել հանրահավաքին, եւ առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է շատ կարեւոր, հանգրվանային ու վճռորոշ շաբաթ»:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ