Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր բանակցություններ գոյություն չունեն, գոյություն ունի միայն ուժի պարտադրանք․ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարեւոր է»․ Բագրատ սրբազան

Հունիս 08,2024 13:05

«Այսօր բանակցություններ գոյություն չունեն, այսօր գոյություն ունի ուժի պարտադրանք, թելադրանք։ Եվ վերջին դեպքերն էլ դրա  մասին են խոսում»,- այս մասին միջազգային լրատվամիջոցներին տված ասուլիսում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Այս սահմանազատման կամ սահմանագծման գործընթացը տեղի է ունեցել բոլոր ասպեկտներով խախտումներով՝ թե՛ օրինականության դաշտում, թե՛ տրամաբանական դաշտում, թե՛ բարոյական, թե՛ քաղաքական դաշտում, թե՛ անվտանգային դաշտում։ Եվ այսօր տեսնում ենք, թե ինչպես Ադրբեջանի իշխանությունները պարզապես խոսում են պարտադրանքի եւ սպառնալիքի լեզվով։ Վերջին օրինակը այն է, որ ասացին՝ խաղաղություն չի լինի, եթե սահմանադրական փոփոխություններ չլինեն։ Հետեւաբար, մեր խնդիրն այն է, որ գոյություն չունեցող բանակցությունների ֆոնի վրա մենք իրական բանակցությունների մեջ մտնենք, իրական օրակարգով եւ իրական բանակցություններով։ Ես համաձայն չեմ, որ բանակցություններ գոյություն ունեն, բանակցություններ չկան այսօր»,- ասաց նա։

Բագրատ սրբազանը նշեց, որ ԵԱՀԿ ներկայությունը չափազանց կարեւոր է՝ այս բանակցություններում որպես երաշխավոր հանդես գալու։ «Այսպիսի հարաբերություններով, այսպես միակողմանի զիջման, սպառնալիքի, պարտադրանքի ներքո խաղաղություն չի կարող լինել։ Եթե մենք ձգտում ենք խաղաղության, այդ խաղաղությունը նախ եւ առաջ պետք է սահմանված լինի։ Չի կարող լինել սահմանազատում ու սահմանագծում, եւ հետո որոշեն, թե ինչպես պետք է խաղաղություն լինի, առանց երաշխավորների։ Սա տրամաբանությունից դուրս է»,- նշեց նա։

Բագրատ սրբազանին հարց տրվեց նաեւ այն մասին, որ Ադրբեջանը կոչ է անում դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարման համար։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարեւոր է։ Միջազգային երաշխավորները, արդեն իսկ գոյություն ունեցող հարթակը այդ ամրագրումը կկատարի, եւ բանակցությունները կընթանան ավելի թափանցիկ ու վստահելի մթնոլորտում։ Չեն լինի պարտադրանքներ, սպառնալիքներ՝ միակողմանի զիջման թելադրանքով, այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Եվ այդ պատճառով էլ Ադրբեջանը ցանկանում է վերացնել այդ միջնորդական կամ երաշխավորների առաքելությունը։ Աշխարհը մշակել է այդ հնարավորությունը, որն այս պարագայում ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- պատասխանեց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իշխանափոխությունը, եթե  մեծ թվով մարդիկ դուրս չեն գալիս փողոց, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Նախ համաձայն չեմ այն մտքի հետ, որ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց։ Բավական լայն աջակցություն ունի այս շարժումը, կա եւ տեսանելի կողմը, եւ անտեսանելի։ Բնականաբար, մեր գործողությունները միտված են նրան, որ ի վերջո լայն զանգվածների առկայությունը եւ ներկայությունը ավելի մեծ թվով զգալի դառնա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930