Լրահոս
Օրվա լրահոսը

Էմին Երիցյան․ Ընտրությունն այլ գործընթաց է, ես միացել եմ Դավիթ Մինասյանի անվստահության գործընթացին, որն այլ գործընթաց է․ «Հրապարակ»

Հունիս 08,2024 12:35

«Հրապարակի» հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը բացել էր ընտրության կուլիսները, պատմել, որ ավագանու անկախ անդամ, փարաքարցի, «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ նախագահ Էմին Երիցյանը, ում ձայնը որոշիչ եղավ ՔՊ-ականի ընտրության հարցում, ու ով սկզբում միացել էր Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու գործընթացին, վերջին պահին հրաժարվել էր իր տեսակետից եւ խոստովանել, որ իր նկատմամբ ճնշումներ կան իշխանության կողմից։

Էմին Երիցյանը լրացուցիչ բացատրություններ տվեց Առաքելյանի ասածների եւ իր նկատմամբ կիրառված ճնշումների վերաբերյալ: Նա հերքեց ճնշումների հանգամանքը ասելով, որ նման բան չի եղել։

– Այսինքն՝ Մեսրոպ Առաքելյանը սո՞ւտ է ասում։ Իմպիչմենթի թղթում գրված է, որ թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է` այդ թղթի տակ կա Ձեր ստորագրությունը։

– Անհեթեթություն է։ Ընտրությունն այլ գործընթաց է, ես միացել եմ Դավիթ Մինասյանի անվստահության գործընթացին, որն այլ գործընթաց է։

– Այո, Մինասյանին անվստահություն հայտնելու որոշման մեջ նշել եք, որ Ձեր թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է` «Ապրելու երկրի» թեկնածուն։

– Իմպիչմենթի թղթում ցանկացածի անուն կարող է գրվել։

– Այդ թղթի տակ Ձեր ստորագրությունն է, այսինքն՝ Դուք ի սկզբանե կողմ եք եղել, որ Գրիգորյանը դառնա համայնքապետ։

– Ոչ, մենք համատեղ հանդես ենք եկել Մինասյանի իմպիչմենթի համար։

– Պարոն Երիցյան, Մեսրոպ Առաքելյանը պատմում է, որ ընտրությունների նախորդ երեկոյան Դուք իրեն ասել եք, թե Ձեր դեմ ճնշումներ են կիրառվում, Դուք չեք կարող դրանց դիմակայել, նա էլ խորհուրդ է տվել դիմել իրավապահներին, եւ ասաց, որ ինքն է դիմելու իրավապահներին։ Սո՞ւտ է։ 

– Բնականաբար, սուտ է։ Նույնիկ անդրադառնալ իմաստ չունի։ Իրենց այդ հայտարարությունները, պահվածքն արդեն իսկ հիմնավորում են, թե ինչու չպետք է ընտրել իրենց թեկնածուին, եթե նույնիսկ առաջադրվեր։

– Իսկ Դավիթ Մինասյանին ինչո՞ւ էիք անվստահություն հայտնում։

– Եթե տեղյակ չեք, մենք մի խմբակցությունում էինք, ես այդ խմբակցության ղեկավարն էի։ Ես դուրս էի եկել խմբակցությունից, համայնքի զարգացման այլ մոտեցումներ ունեմ ու համայնքում փոփոխությունների կողմնակից էի։ Որպես դրա շարունակություն՝ միացել եմ Մինասյանի իմպիչմենթին, որին էլ հաջորդեց Մինասյանի հրաժարականը։ Այդ խնդիրը լուծվեց։ Վերջ։

– Այո, գիտենք, բայց չգիտենք, թե ինչով էր նա վատը, ինչը չէր համապատասխանում համայնքի զարգացման Ձեր գաղափարին, ինչն էր նա սխալ անում. ավելի կոնկրետ կարելի՞ է։

– Դա այլեւս քննարկման թեմա չէ, անցած փուլ է։ Կառավարման արդյունավետության մասին պատկերացումների տարբերություններ կային։

– Նա էլ էր համարյա ՔՊ-ական…

– Մինասյանը ՔՊ-ի անդամ չէ։

– Բայց դաշինք էր կազմել ՔՊ-ի հետ, Լյուդվիգ Գյուլնազարյանը նրա տեղակալն էր, միասին էին անում ծրագրերը, ի՞նչ տարբերություն՝ Մինասյա՞նը, թե՞ նրա դաշնակից ՔՊ-ական տեղակալը։ Համաձայնեք, որ տարօրինակ է Ձեր ընտրությունը։

– Ոչ մի տարօրինակ բան չկա։ ՏԻՄ-երում համայնքի ղեկավարը դեռ շատ առանցքային դերակատարում ունի։ Նույնիսկ ավագանին դեռ չունի այն դերը, որ նախանշված է Սահմանադրությամբ։ Համայնքի ղեկավարից շատ բան է կախված։ Ու սրանք բնական զարգացումներ են։ Կոնկրետ այս դեպքում՝ ավագանու միջամտությամբ փոփոխություններ կատարվեցին։

– Եթե Ձեզ զրպարտում են, կարող եք զրպարտության ու ստի տարածման համար դատարան դիմել։ Դիմելո՞ւ եք։

– Էլ զբաղմունք չունե՞մ։ Սխալներն ու մեղքերն իրենց մոտ թող փնտրեն։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930