Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները՝ հակաֆրանսիական քարոզչության հեղինակներ․ «Ազատություն»

Հունիս 08,2024 10:35

X սոցիալական ցանցը տասնյակ օգտահաշիվներ է արգելափակել այն բանից հետո, երբ Ֆրանսիան Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելու մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ X-ում արգելափակված օգտահաշիվների ետևում Ալիևի կուսակիցներն են թաքնված, որոնք համակարգված ապատեղեկատվության քարոզարշավի շրջանակներում կեղծ, մոլորեցնող լուսանկարներ և տեսանյութեր են տարածել՝ Ադրբեջանից շուրջ 14 հազար կմ հեռավորության վրա գտնվող Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ։

«Յենի Ազերբայջան» կուսակցության խոսնակ Նուրլան Գալանդարլին «անհեթեթ և կողմնակալ» է որակել պնդումները, թե քաղաքական ուժը կամ Ադրբեջանի իշխանություններն են նախաձեռնել առցանց քարոզարշավը:

«Կուսակցության անդամները կարող են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիայում, մեկնաբանել երկրում և միջազգային մակարդակով տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները, բացառություն չէ նաև Նոր Կալեդոնիայի հարցը», – «Ազատության» ադրբեջանական ծառայությանը փոխանցել է Գալանդարլին։

Այն, որ ադրբեջանցիներն են հակաֆրանսիական քարոզչության հեղինակները, առաջինը փաստել է ֆրանսիական կառավարության առցանց ապատեղեկատվական արշավների մոնիտորինգով զբաղվող գերատեսչության Viginum-ը։ Կառույցի հետաքննությունը Ադրբեջանի իշխող ընտանիքի ղեկավարած կուսակցության անդամների կողմից հրապարակված ավելի քան ութ տասնյակ գրառում է հայտնաբերել, այդ հրապարակումներն ուղեկցվել են #RecognizeNewCaledonia, #FrenchColonialism հեշթեգերով, իսկ վեց օրվա ընթացքում այդ հրապարակումների թիվը տարածվելով անցել է 1400-ը։

Ֆրանսիայի տիրապետության տակ գտնվող խաղաղօվկիանոսյան կղզում արյունալի անկարգությունները սկիզբ առան անցած ամիս։ Բողոքի ալիք էր հարուցել Ֆրանսիայի խորհրդարանի կայացրած որոշումը, որի համաձայն՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը Նոր Կալեդոնիայում կընդլայնվի, որը հետագայում կընդգրկի նաև 1998 թվականից հետո այստեղ բնակություն հաստատած անձանց, որոնց մեծամասնությունը էթնիկ ֆրանսիացիներ են։ Փարիզի նախաձեռնած այս փոփոխությունների հարուցած անկարգությունները յոթ մարդու, այդ թվում՝ մեկ ոստիկանի մահվան պատճառ դարձան, հարյուրավորները ձերբակալվեցին, հարձակման ենթարկվեցին շենքեր ու մեքենաներ։

Բաքուն կղզին վերահսկող Փարիզի դեմ գործողություններին աջակցում էր բացեիբաց։

Ալիևի վարչակազմը Փարիզի դեմ դեմարշների շրջանակներում դեռևս ամիսներ առաջ սկսեց ակտիվորեն հիշատակել «ֆրանսիական գաղութատիրությունը», պետական մակարդակով համաժողովներ կազմակերպեց իր հարկի տակ՝ քննարկելու Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը։ Սեփական քաղաքացիների ցանկացած բողոքի ալիք բռնի ուժով ճնշող, ընդդիմադիրներին ու լրագրողներին բանտարկող Ադրբեջանի կառավարությունը հրավիրում էր ներկայացուցիչներ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից՝ ինչպես Նոր Կալեդոնիայից, այնպես էլ Ֆրանսիական Պոլինեզիայից, ակտիվիստներ Կարիբյան ծովում գտնվող Մարտինիկայից ու ֆրանսիական Գվիանայից՝ ակնհայտորեն մեկ նպատակով՝ Ֆրանսիայի նեոգաղութատիրական քաղաքականությունը քննադատելու։

Իսկ արդեն Նոր Կալեդոնիայի բողոքի ցույցերին Բաքուն սեփական դրոշն էր ծածանում, բացի այդ՝ Փարիզի դեմ ընդդիմացող ակտիվիստները, ըստ տարբեր աղբյուրների, կապի մեջ են եղել անցած տարվա հուլիսին հիմնադրված ադրբեջանական մի կազմակերպության հետ՝ Բաքվի նախաձեռնող խումբ, որի առաքելությունը ֆրանսիական տարածքներում անջատական շարժումներին աջակցելն է։

Ընդ որում, մինչև Նոր Կալեդոնիայի բողոքի ալիքը կհասունանար, Ադրբեջանի կառավարությունը ժամանակ չկորցրեց․ ըստ Ֆրանսիայի իշխանությունների՝ Ադրբեջանը մեկ այլ զրպարտչական արշավ էլ նախաձեռնել էր Փարիզի կողմից Օլիմպիական խաղերը հյուրընկալելու դեմ՝ փորձելով կասկածի տակ դնել Ֆրանսիայի կարողությունները։ Այդ արշավի առաջամարտիկներն էլ էին Ադրբեջանի իշխող կուսակցությունից, մարտավարությունն էլ՝ նույնը։ Սոցցանցերում հակաֆրանսիական այդ արշավին թափ էր հավաքում Արցախի շրջափակման, ապա սեպտեմբերյան հարձակման և արցախցիների բռնի տեղահանության հետ կապված Մակրոնի կառավարության կոշտ քննադատություններին զուգահեռ։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930