Նիկոլ Փաշինյանի վարչախումբն առայժմ ականջալուր չի լինում ցուցարարների պահանջներին, ովքեր դեմ են Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատմանը: Ձերբակալվածների թիվը հարյուրների է հասնում: Ընդ որում, ձերբակալությունները տեղի են ունենում բիրտ մեթոդներով և չպատճառաբանված: Ավելին, չնայած պատգամավորական անձեռնմխելիությանը, ձերբակալել են նաև ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանին՝ ընդ որում՝ բիրտ ուժ կիրառելով նրա նկատմամբ: Ի դեպ, նշենք, որ «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան, գլխավոր դատախազությունից նշել են, որ այս դրվագով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ, ի տարբերություն 2018թ.-ի, երբ ցույցերի արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ուժայինների գործողությունները խստացվել են: Մասնավորաբար, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, թե Կարապետյանը նշել է, որ այն ժամանակ ուժայիններն ադեկվատ են գործել, իսկ այսօր նրանց գործողություններն անբացատրելի են: Ըստ նրա, դա կապված է քաղաքական որոշման հետ: «Եթե կա քաղաքական որոշում ձեռք չտալ ցուցարարներին, ապա ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակներում: Եթե կա վախ տարածելու և ակցիաները կանխելու որոշում, ուժ է կիրառվում»,-նշել է Կարապետյանը: Նրա խոսքով, ոստիկանության բիրտ գործողությունները կապ ունեն ակցիաների զանգվածային բնույթի հետ: Ըստ նրա, չի բացառվում, որ իշխող ուժը կդիմի 2008 թ.-ի մարտի 1-ի նման գործողության, եթե իշխանափոխության վտանգ զգա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում