Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պարտավորվել էր չվիճարկել». համապատասխանում էր Սահմանադրությանը

Հունիս 08,2024 12:30

Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով հունիսի 4-ին ավարտեց միաժամանակ մի քանի գործերի քննությունը՝ «2023 թվականի նոյեմբերի 16-ին Երեւանում ստորագրված «Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրով ամրագրված պարտավորությունների», «2023 թվականի դեկտեմբերի 5-ին Թունիսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Թունիսի Հանրապետության Կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների, «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների, «2023 թվականի հունիսի 8-ին Սոչիում ստորագրված «Ծառայությունների ազատ առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների, 2023 թվականի հուլիսի 31-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման), շրջանառության եւ մարման կանոնների մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների եւ՝ 2005 թվականի դեկտեմբերի 6-ին Ժնեւում ստորագրված «Մտավոր սեփականության իրավունքների` առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների» ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Ներկայացնեմ մտավոր սեփականության իրավունքներին առնչվող Ժնեւյան համաձայնագրի մասին: Այս գործով կառավարության ներկայացուցիչը եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գ. Պապոյանը:

Կառավարությունը դիմումին կից ներկայացրել էր արձանագրություն՝ «Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին» Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայնագիրը (ԹՐԻՓՍ համաձայնագիր) լրացված նոր՝ 31 bis հոդվածով եւ հավելվածով:

2024 թվականի փետրվարի 26-ի դրությամբ արձանագրությանը միացել է 111 պետություն: Ըստ դիմումատու կառավարության. «Հավելվածի դրույթների կիրառումն իրավունք է տալիս դեղամիջոցների ոչ բավարար արտադրական հզորություն ունեցող ԱՀԿ անդամ երկրներին արտակարգ իրավիճակների դեպքում դիմել ԱՀԿ այլ անդամի՝ իր երկրին անհրաժեշտ քանակությամբ դեղորայք ապահովելու համար:

Արձանագրությունը նախատեսում է նաեւ հարկադիր լիցենզիայի հիման վրա արտադրված դեղորայքի արտահանման մեխանիզմ, որի առավելությունը տեղական արտադրողների կողմից արտոնագրված թանկարժեք դեղամիջոցի արտադրության իրականացումն է դրա կարիքն ունեցող երկրի համար»:

Հայաստանը պարտավորվել էր չվիճարկել հավելվածի դրույթներին համապատասխան «ձեռնարկված միջոցները», ներմուծվող արտադրանքի՝ դրա ներմուծման հիմքում ընկած հանրային առողջապահության նպատակներով օգտագործումն ապահովելու համար, որպես իրավասու ներմուծող անդամ՝ ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիությունը Հայաստանի շուկա ուղարկված դեղամիջոցների համար…

Սահմանադրական դատարանը որոշեց, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը:

Բոլոր այս վեց գործերով ՍԴ դատավոր Ե. Խունդկարյանը Հատուկ կարծիք է ներկայացրել: Նույնաբովանդակ հատուկ կարծիքներից յուրաքանչյուրը 7,5 էջից է, միայն համաձայնագրերի անվանումներն են փոխված. «Համաձայն չլինելով ՍԴ որոշմանը՝ ՍԴ դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ Հատուկ կարծիքը»: Այն, ինչպես միշտ, կառավարության կողմից ՍԴ մուտքագրված դիմումի թույլատրելի եղանակով ներկայացված լինելու, դիմումին ներկայացվող պահանջների մասին է:

Տարիներ շարունակ ՍԴ-ում միայն այս դատավորն է գրում, որ կառավարության կողմից ներկայացվում են ապօրինի դիմումներ, նա նույնաբովանդակ հատուկ կարծիքներում գրում է մի բան, որը չեն կարդում, ընթացք չեն տալիս:

«Ինչպե՞ս է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված: Կարծում եմ, սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում ՍԴ-ն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում»,-հարցնում է ՍԴ դատավորը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930