Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն ինչ կախված կլինի ժողովրդից

Հունիս 08,2024 12:00

Ի՞նչ է սպասվում համաժողովրդական շարժմանը

Կարելի է ասել, որ մայիսի 9-ից փաստացի՝ ամբողջ թափով մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը 2020-ից հետո առաջին մեծաքանակ միտինգն էր՝ ժողովրդական հավաքը, որը հիմնականում միտված էր Տավուշի 4 գյուղերում իրականացվող սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների արգելմանը, որի պատճառով նաեւ իշխանափոխության խնդիր դրվեց: Հենց նույն օրը հանրահավաքը վարող՝ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 1 ժամ ժամանակ տվեց վարչապետին՝ հրաժարական ներկայացնելու համար, սակայն այդ 1 ժամից հետո վարչապետի կողմից որեւէ արձագանք չեղավ, որից հետո 15 րոպե եւս ավելացվեց այդ ժամանակին, որը եւս մնաց անարձագանք: Այդ ժամանակ որոշվեց, որ հաջորդ օրվանից՝ ամսի 10-ի առավոտյան ժ. 8:00-ից քաղաքով մեկ անցկացնել ինտենսիվ անհնազանդության ակցիաներ: Որոշվեց, որ մինչեւ մայիսի 24-ը պարբերաբար կիրականացվեն այդ ակցիաները, իսկ նույն օրերի երեկոյան կանցկացվեն ամփոփման միտինգներ, քնարկումներ՝ հաջորդ օրերի անելիքները որոշելու համար: Մինչեւ մայիսի 24-ը օրերն անցնում էին այս ընթացակարգով: Որոշում կայացվեց մայիսի 24-ին, ժ. 16:00-ին անցկացնել համազգային մեծ հանրահավաք, որի ավարտին Բագրատ սրբազանը ժողովրդին առաջարկեց միասին քայլել դեպի կառավարական ամառանոց, դուրս կանչել գործող վարչապետին ու համատեղ հանդես գալ ժողովրդի առջեւ: Չնայած մեծաքանակ ժողովրդի հետ այցելությանը, այնտեղ հանդիպումը եւս չկայացավ, քանզի վարչապետը չբարեհաճեց դուրս գալ հանդիպման …

Տեսականորեն գոյություն ունեն նաեւ հրաժարականի պահանջի այլ տարբերակներ, որոնք դեռեւս չեն փորձարկվել: Դրանք են. վարչապետին անվստահություն հայտնելու հարցի ներառումը ԱԺ-ի օրակարգ եւ ամբողջ կազմով ընդդիմադիր պատգամավորների մանդատների վայր դնելը, որը կարող է առաջացնել սահմանադրական ճգնաժամ: Իհարկե, պրակտիկորեն դրանց իրագործումը բավականին դժվարությունների հետ է կապված: Նախ այս իրավիճակում համարյա անհնարին է ապահովել անվստահություն հայտնելու համար բավարար ձայների ապահովումը, քանզի համարյա անիրատեսական է ՔՊ-ի կողմից 19 ձայնի ավելացումն ընդդիմության ձայներին, իսկ մյուս տարբերակում շարժման ներսում վստահ չեն, որ ընդդիմադիր բոլոր պատգամավորները վայր կդնեն մանդատները: Մնում է երրորդ՝ ռեալ տարբերակը. հավաքել 100 հազարից ավելի մարդ, որոնց ճնշման տակ փորձ արվի կորզել վարչապետի հրաժարականը եւ հարցը լուծվի … Այս տարբերակով հարցի լուծման հավանականությունն շատ ավելի բարձր ու ռեալ է, քան վերը նշված մյուս երկու տարբերակներինը, հետեւաբար, առաջին հերթին պետք է առաջ շարժվել նշածս տարբերակով: Չհաջողելու պարագայում, հետո միայն պետք է փորձել մյուս երկու տարբերակները: Կարծում եմ, շարժման ղեկավարությունը պետք է շատ ինտենսիվ աշխատի եւ փորձի հնարավորինս արագ շատացնել իր շարքերը, քանզի հակառակ պարագայում շարժումը կգնա աստիճանական մարման ու դրանով ամեն ինչ կավարտվի:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամեն ինչ կախված կլինի ժողովրդից եւ այստեղ իշխանափոխության հարցը զուտ ածանցյալ է, քանզի իրականում զոհասեղանին դրված է հայրենիքի գոյության հարցը, որն այս դեպքում մաս-մաս տրվում է թշնամուն: Ըստ շարժման ղեկավարության, իշխանափոխությունն անհրաժեշտ է հայրենիքի պաշտպանության եւ պահպանության համար, քանզի ըստ նրա՝ այս իշխանությունն ինքն է իր կամքով հայրենիքը զիջում թշնամուն: Եթե ժողովուրդը եւս այսպես է մտածում, ապա նա պարտավոր է ոտքի կանգնել եւ փրկել իր հայրենիքը կործանումից, այլապես այս իշխանությունն իր մոտեցումն արդեն հրապարակել է, այն է. առաջին քայլում հաձնել Տավուշի մարզի 4 գյուղերը, ապա անցնել Հայաստանում եղած մի շարք անկլավներին, դրանից հետո մնացած մարզերի անհայտ թվով գյուղերին ու այլ տարածքներին …

Եվս մեկ անգամ կրկնեմ. շարժման այսպիսի գործելակերպի պարագայում, այն կգնա մարման, քանզի ոչ մի ուղղությամբ առաջընթացի քայլեր չի արձանագրվում եւ ամեն ինչ կարծես դոփում է տեղում, իսկ անցնող ամեն վայրկյանն ի վնաս հայրենիքի է աշխատում: Կարծում եմ, գոնե ուսանողության հետ շարժումը ոչ մշտապես է ինտենսիվ աշխատում եւ դա այն դեպքում, երբ շարժման հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է հենց ուսանողության մասնակցության ակտիվության ավելացմամբ:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
07.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հարգելի Անանիա Մաղաքյան, եթե սրտանց անհանգիստ եք, որ շարժման այսպիսի գործելակերպի պարագայում այն կգնա մարման և կարծում եք, որ շարժման հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է ուսանողության մասնակցության ակտիվության ավելացմամբ, ապա հանդիպեք շարժման ղեկավարների հետ և կոնկրետ առաջարկություններ արեք, ինչպես նաև՝ որպես ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ հաճախակի հանդիպեք գոնե Ձեր (ճարտարագիտական) ոլորտի ուսանողությանը և համոզեք նրանց ավելի ակտիվ ներգրավվելու ժողովրդական այս շարժման մեջ: Դա չանելու դեպքում, կստացվի «Ճառ ասեմ, թե զանգ կախեմ» հայտնի արդարացումը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930