Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ հույսերով եւ համակրանքով եմ վերաբերվել շարժմանը, բայց գուցե վճռականությո՞ւնն էր պակասում»

Հունիս 08,2024 13:00

«Արեւմտյան, «ժողովրդավարական» երկրների դեսպանները կարծես հերթագրված լինեն ՆԳՆ սադիստական հակումներով նախարարի մոտ ընդունելության, համագործակցության հարցերով։ Այս ամենն ունի մեկ բացատրություն՝ քա-ղա-քա-կա-նու-թյուն եւ շա-հեր». «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

– Փաստացի, Տավուշում իշխանությունը բարեհաջող իրականացրեց սահմանազատման-սահմանագծման իր ծրագիրը եւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը չհաջողեց կասեցնել գործընթացը։ «Հետո՞».  այս հարցը վերջին օրերին ամենաշատը հնչող հարցերից է, ո՞րն է Ձեր պատասխանը։

– Այո՛, նույնիսկ Արցախը հանձնելուց եւ հայաթափելուց հետո, հայ ժողովուրդը անկարող եղավ հեռացնել Հայաստանի դավադիր իշխանությանը։ Փաստորեն, Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնության համար երեկ Արցախը, այսօր արդեն Տավուշը հայրենիք չեն։ Իսկ վա՞ղը, գուցե արդեն Վայոց ձորն ու Սյունի՞քը։ Այլ բացատրություն ես չունեմ, հակառակ դեպքում, Հայաստանի ողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգներ եւ գոնե այս անգամ վռնդեր իշխանությանը։ Մենք բոլորս պասիվ ականատեսներն ենք, թե «սահմանազատման եւ սահմանագծման» անվան տակ Հայաստանի դավադիր իշխանությունը ինչպես է բավարարում մեր դարավոր թշնամիների բոլոր պահանջները։ Ցավոք, պետք է արձանագրել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ի վիճակի չեղավ կասեցնել գործընթացը։ Չգիտեմ, ինքս մեծ հույսերով եւ համակրանքով եմ վերաբերվել շարժմանը, բայց գուցե վճռականությո՞ւնն էր պակասում։

Իհարկե, այս իշխանությանը, հանձին վարչապետ կոչեցյալի, տրամաբանական հարցեր ուղղելն անիմաստ է։ Այնպես որ, հարցս հռետորական է։ Պատկերացնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ոչ թե Ջերմուկի, այլ Կիրանցի ուղղությամբ էր հարձակվում ու տարածքներ գրավում։ Վարչապետ կոչեցյալը դիմում էր ՀԱՊԿ եւ այնտեղից պատասխանում էին, որ քանի դեռ սահմանազատում չկա, ապա… Եվ անմիջապես դրան կհետեւեին ՀԱՊԿ-ին վարկաբեկելու քայլերը։ Այնպես որ, ինչպես 2020 թվականի պատերազմը,այսօր սահմանազատման անվան տակ Հայաստանի տարածքների հանձնումը, այնպես էլ 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա պատերազմը համաձայնեցված էր Ադրբեջանի նախագահի եւ վարչապետ կոչեցյալի հետ։ Նպատակը՝ թեկուզ հազարավոր զոհերի գնով Արցախի հանձնումը եւ Հայաստանի ՀԱՊԿ-ից անդամակցությունից դուրս գալն էր։

– Եթե հաջողվի իշխանությանը հեռացնել, հնարավոր լինելո՞ւ է ետ շրջել սահմանազատման-սահմանագծման գործընթացը։ Ինչպե՞ս է դա հնարավոր լինելու։

– Արձանագրենք, որ հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում երբեւէ չի ունեցել նման՝ թշնամու բոլոր պահանջները բավարարող իշխանություն։ Այնպես որ, համոզված եմ, որ սա Վարդան Այգեկցու «Թագավորը եւ այրի կինը» առակի դեպքը չի եւ իշխանափոխությունը հնարավորություն կտա կասեցնել, արդեն 4 տարի տեւող մղձավանջը։ Հնարավոր իշխանափոխության դեպքում, նոր իշխանությունը պետք է կասեցնի բոլոր  շփումները Ադրբեջանի հետ, քանի դեռ չեն վերադարձել մեր գերիները եւ ադրբեջանական զորքերը դուրս չեն եկել Հայաստանի տարածքներից։ Բանակցությունների հիմնական կետերից պետք է լինի արցախցիների վերադարձը դեպի հայրենիք։ Բնականաբար, այս պահանջներին զուգահեռ, առաջին հերթին պետք է համախմբել հայ ժողովրդի ողջ ներուժը, վերականգնել զինված ուժերի մարտունակությունը,  ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ  դաշնակցային հարաբերություններ ստեղծել Իրանի հետ։ Այս ամենը բացարձակապես չի նշանակում թշնամանալ Արեւմուտքի հետ։ Համոզված եղեք, այս գործողություններից հետո Արեւմուտքը հարգանքով կվերաբերվի Հայաստանին եւ հայ ժողովրդին։

– «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը` ի հեճուկս իշխանության հայտարարությունների, չի «մեռել», բայց շարժման գործողությունները, դրանց ակտիվությունը, շարժման առաջնորդի քայլերը շատերի համար են, թերեւս, անհասկանալի, բայց գործող իշխանությանը հեռացնելու հրամայականը մեկ է` կա։ Ձեր գնահատմամբ` ի՞նչ փուլում է շարժումը, ի՞նչ խնդիրներ կան, որոնք անհրաժեշտ է լուծել, հռչակած արդյունքներն ունենալու համար։ Շարժման` քաղաքական ինստիտուցիոնալիզացիան ինչպե՞ս պետք է լինի։

– Բնականաբար, իշխանության ներկայացուցիչներն ու նրանց համախոհներն ու քարոզիչները ցանկալին ներկայացնում են՝ որպես իրականություն։ Այն, որ ժողովրդի մեծամասնության համար գործող իշխանություններին հեռացնելու ցանկություն կա, համոզված եմ։ Բայց, ընդունենք, որ այդ մեծամասնության մեծամասնությունը պատրաստ չի ակտիվ գործողությունների։ Հակառակ դեպքում, ինչպես վերը ասացի, այս իշխանությանն արդեն վռնդած կլինեին։

Հանուն ճշմարտության, պետք է ասել, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը փորձում է համախմբել ողջ ընդդիմադիր ուժերին, հասարակական գործիչներին, ստեղծագործ մտավորականությանը։ Եվ սա այն դեպքն է, որ շարժմանը չմիանալը որեւէ արդարացում եւ բացատրություն չի կարող ունենալ։ Չմիանալ նշանակում է, քաղաքական ուժերի եւ գործիչների պարագայում՝ խանդ, մտավորականների դեպքում՝ «ի՞նչ գործ ունեմ, բա որ…», այսինքն՝ թեկուզ պասիվ իրենց պահվածքով համաձայն լինել Հայաստանի տարածքային կորուստներին։

Դժվարանում եմ ասել, թե ի՞նչ փուլում է շարժումը, հուսով եմ՝ վերջնական, այն է՝ հաղթական։ Հակառակ դեպքում, կկանգնենք հերթական տարածքային զիջումների առջեւ։ Այնպես որ, համոզված եմ, որ շարժման մասնակիցներն ու առաջնորդ Բագրատ սրբազանը գիտակցում են այս ամենը եւ պատրաստ են արդեն ավելի վճռական գործողությունների։

– «Բարեփոխված» ոստիկանների վայրագությունների մասին ի՞նչ կասեք։ Նախկինում նմանատիպ դեպքերի համեմատությամբ, տեղական, միջազգային իրավապաշտպան կառույցների արձագանքը իրավիճակներին ինչպե՞ս կգնահատեք։

– Որպես մարդու իրավունքների կազմակերպության ղեկավար, որի հիմնական գործառույթներից էր խաղաղ հավաքների, ինչպես նաեւ խոշտանգումների մշտադիտարկումը, հաստատապես պնդում եմ, որ անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ, նման վայրագություններ ոստիկանությունը չէր կատարել։ Հիշենք, ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումների մի շարք փաստերը։ Ի դեպ, ոստիկանական բաժանմունքներում առնվազն երկու անգամ խոշտանգումների ենթարկվեցին նաեւ փաստաբանները։ Սա աննախադեպ երեւույթ է, գուցե ողջ համաշխարհային պատմության մեջ։ Հիշենք նաեւ Սամվել Վարդանյանի դաժան ծեծի դեպքը։ Ինչ վերաբերում է խաղաղ հավաքների ժամանակ երփներանգ բերետավոր ոստիկանների պահվածքին, մարդ ուղղակի ապշում է, թե արդյոք, այդ համազգեստի տակ մա՞րդ է, թե՞ ծրագրավորված ռոբոտ։ Վստահաբար պնդում եմ, որ ոչ 2015, ոչ 2016 եւ ոչ էլ 2008 թվականներին ոստիկանությունն այսպիսի դաժանությամբ եւ հակամարդկային կերպով չէր գործել։ Համոզված եմ, որ նման դաժանությունների ցուցումներ անձամբ հրահանգում է վարչապետ կոչեցյալը եւ դրանից մեծագույն հաճույք է ստանում, բավարարելով իր սադիստական հակումները։ Հիշենք, որ նրա հրապարակային ցուցումով սկսվեց «ասֆալտին փռելու» պրակտիկան։ Նա  նույն անձն է, որի հոգին 2008 թվականին  փառավորվում էր ոստիկան ծեծելիս։ Եվ ճակատագրի հեգնանքով, այսօր նույն ոստիկանները, անարժանապատիվ ձեւով, հլու-հնազանդ կատարում են նույն անձի հրահանգները։

Ինչ վերաբերում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքին, ապա հավանաբար նրանք սպասում են իրենց երկրների պաշտոնական ներկայացուցիչների արձագանքին, դրանով իսկ ապացուցելով իրենց ոչ անաչառությունը։ Իսկ արեւմտյան, «ժողովրդավարական» երկրների դեսպանները կարծես հերթագրված լինեն ՆԳՆ սադիստական հակումներով նախարարի մոտ ընդունելության, համագործակցության հարցերով։ Այս ամենն ունի մեկ բացատրություն՝ քա-ղա-քա-կա-նու-թյուն եւ շա-հեր։

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
07.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իսկ ինչու՞ են ոստիկանները ճակատագրի հեգնանքով կատարում 2008 թվականին ոստիկան ծեծելուց հոգին փառավորվող անձի հրահանգները: Որովհետև այդ դեպքերից 10 տարի հետո` 2018-ին Սերժը (իր տերերի ցուցումով) կանչեց նիկոլին և նրա ականջին շշնջաց. «Այսուհետ ոստիկանը քոնն է» (այդ մասին հրահանգվեց նաև ոստիկանությանը): Դրանից հետո հրապարակներում ծղրտոցներ լսվեցին. «Ոստի-կանը-մեր-նէ, ոստի-կանը-մեր-նէ» վանկարկումներով:
    ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ էլ բերետավոր ոստիկանները փող են վաստակել իրենց տիրոջ հրահանգով ցուցարար ծեծելու համար և բերետավորներ են ընտրվել մարդկային ամենացածրակարգ որակներ ունեցող անձինք: Իսկ հիմա գույնզգույն բերետավորները ցուցարարներին ավելի ուժգին են ծեծում, քանի որ նիկոլն այդ արյունարբուներին վարձատրում է բավականին շռայլորեն: Զավեշտալին այն է, որ բերետավոր այդ ստահակները ժողովրդի մուծած հարկերի հաշվին ինչքան շատ փող են ստանում, այնքան ավելի շատ են ծեծում ու ջարդում իրենց կերակրող այդ նույն ժողովրդին:
    Քանի դեռ ծեծ ու ջարդ իրականացնող այդ տականքները մեր երկրում ժողովրդի կողմից հետևողական պարսավանքի և պատիժների չեն արժանանում, նրանք կշարունակեն իրենց եկամտաբեր, բայց ստոր գործը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930