«2012 թվականից ասել եմ՝ ազգային միասնությունը կորցրեցինք, մեզ մատ-մատ ջարդելու են։ Հուսամ, որ Աստծո օգնությամբ ու սրբազանի առաջնորդությամբ իսկապես կգնանք դեպի ազգային միասնություն, դեպի իրար սիրելը, իրար մեջք պահելու սովորություն ունենանք»,-այսօր Սարյան փողոցում գինու փառատոնի ժամանակ, որտեղ այցելել էր նաեւ Բագրատ սրբազանը, լրագրողներին ասաց քաղաքական-հասարակական գործիչ Թեւան Պողոսյանը, որը նաեւ գինու արտադրությամբ է զբաղվում։
«Մեր բոլորի մեղքն է․․․ ինձանից սկսեմ, շատ սխալներ եմ գործել, ներողություն եմ խնդրել, իմ բոլոր սխալների հետ միասին, ցավոք էսօր եկանք․․․ եւ գիտակցության պիտի հասնենք, որ Աստծո ու եկեղեցու հավատքով ու առաջնորդությամբ վերածնունդ լինի»,-ասաց Պողոսյանը։
Բագրատ սրբազանը Թեւան Պողոսյանի մասին ասաց՝ բացի այն, որ քաղաքական- հասարակական գործիչ է, ինձ համար շատ կարեւոր է նրա՝ ժառանգության նկատմամբ ունեցած հավատարմության զգացումը․«Նաեւ արտադրող մարդը միշտ արդար մարդ է։ Նոյ նահապետի գործն է ձեռնարկել»։
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը՝ Փաշինյանի համար հերոս եք, քանի որ հարկատու եք, Թեւան Պողոսյանն ասաց՝ հարկատուն հերոս չէ․ «Հերոսն էն է, որ պատրաստ է իր կյանքը դնել։ Հարկը պարտավորություն է, իսկ հերոսությունը պարտավորություններից դուրս գործողություններ անելն է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ