ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հունիսի 7-ին ներկա են գտնվել Ինժեներական քաղաքի գիտության եւ տեխնիկայի թանգարանում կայացած Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ին նվիրված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը:
Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ տարիներ առաջ, երբ փորձ էր արվում ոլորտը կանոնակարգել, եւ խորհրդարանը քննարկում էր «Տիեզերական գործունեության մասին» օրենքը, թերահավատություն կար, եւ շատերը հարցնում էին, թե Հայաստանն ինչ կապ ունի տիեզերքի հետ: «Բայց մենք հավատում էինք, որ ունենալու ենք նոր նվաճումներ: Սկզբում իսպանացի գործընկերների հետ իրականացրած, հետո նաեւ Հայաստանում մշակված արբանյակի թողարկումը բոլոր թերահավատներին հիմք տվեց հավատալու, որ Հայաստանում գիտությունն ապագա ունի, եւ այդ ապագան միայն ջանքերի շնորհիվ է դառնում իրականություն»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում արտադրված բազմաթիվ այլ ցուցանմուշների եւս ականատես կլինենք:
«Կարծում եմ՝ դժվար է գերագնահատել այն ձեռքբերումները, որոնց հիմա հասել ենք: Հույս ունեմ, որ մենք ավելի շատ համակարգեր ներգրավող, ավելի մեծ մասշտաբի նախագծեր կունենանք: Պետությունն իր վարած քաղաքականությամբ, գիտությանը հատկացվող միջոցներով եւ ուշադրությամբ կանգնած է ձեր կողքին: Շնորհավորում եմ»,- եզրափակելով խոսքը՝ ասել է Հակոբ Արշակյանը:
«Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ու Գիտական նորարարության եւ կրթության կենտրոնի կողմից: Տիեզերք է դուրս բերվել 2023 թվականին:
ՀՀ Ազգային ժողով