Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի` համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը եւ համագործակցության իրականացման միջոցները:
Կարդացեք նաև
Նախարարի տեղակալի խոսքով համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմին են հանդիսանալու երկու երկրների պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով:
«Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնված համագործակցություն ունենալ ոչ միայն ռազմական արտադրությունների համատեղ տեղադրման, այլեւ մեր զինվորների պատրաստվածության հարցում»,- ասել է հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը եւ կոչ արել նախագծին կողմ քվեարկել:
Հանձնաժողովն օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել:
ՀՀ Ազգային ժողով