Երեկ երեկոյան ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Ջաջուռի վարչական տարածքում Երևան-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին։
«Մերսեդես» մակնիշի մեքենան կողաշրջվել ու հայտնվել էր դաշտում, որից հետո հրդեհ էր բռնկվել։ Մեքենայի ղեկին եղել է Գյումրու Օլիմպիական Թաեքվոնդոյի հիմնադիր, Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի Շիրակի մարզի պատասխանատու,49-ամյա Արա Խաչատրյանը, որը մահացել է։
Ինչպես Aravot.am-ին հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, արդեն մահացած է եղել։
Ըստ Արմեն Խաչատրյանի, ուղևորներից մեկը տարբեր վնասվածքներ է ստացել, նա միջին ծանրության է, այս պահին գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում։
Կարդացեք նաև
Արա Խաչատրյանի շրջապատի մարդկանց ասելով՝ նրանք գնացել էին ավտոմեքենա գնելու, տուժողներից մեկը, որն այս պահին Գյումրի բժշկական կենտրոնում է, պարեկ է, Արա Խաչատրյանի մոտ ընկերն է։
Ընկերները բնութագրում են որպես հումորով, ազնիվ մարդու, որը բազում սերունդների է կրթել։
Արա Խաչատրյանն աշխատում էր նաև Գյումրու Խրիմյան Հայրիկի անվան թիվ 41 հիմնական դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
Դպրոցի անձնակազմը ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին՝ գրելով․
«Ամենապայծառ գույնը պակասեց թիվ 41 դպրոցի գունապնակից, ամենապայծառ շողը խամրեց…
Մեր ընկեր Արան, թաեքվոնդոյի Արան, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր հարազատը, մեր…
Մի խորը դաջվածք, մի մնայուն ու արժանապատիվ հետք թողեց դպրոցի, քաղաքի, աշխարհի վրա… ցավ ու վերք՝ իրեն ճանաչողների հոգիներում։
Դու միշտ մեզ հետ ես լինելու, Արա ջան, քո հումորով, զրնգուն ծիծաղով, քո վաստակով, քո՝ եզակի մարդ տեսակով ու մեզ ուղեկցող գեղեցիկ ու բարի հիշողություններով...»։
Դեռ երկու օր առաջ Արա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է սաների հաջողություններով՝ լուսանկար տեղադրելով ու գրելով․
«Էլի չեմպիոն․
Ծանր էր, բայց ինչ անենք, ավանդույթը չենք խախտում»։
Նրա ֆեյսբուքյան էջում սաների հետ լուսանկարներն են, իր հոգեապրումները նրանց մրցումների ժամանակ։
Ֆյեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արա Խաչատրյանը աշխատում է նաև Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես թաեքվոնդոյի մարզիչ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ