Բուդապեշտում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հեղինակավոր մրցաշարը, որը հավաքել է աշխարհի ուժեղագույն ըմբիշներին, Փարիզի օլիմպիական խաղերին գործնականորեն նախապատրաստվելու լավ հնարավորություն է։ Հենց այս նկատառումով էլ այստեղ մրցագորգ են մտնել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար այն ըմբիշները, որոնք ամռանը պայքարելու են օլիմպիական մեդալների համար։
Մինչեւ 70 կգ քաշային կարգում նախնական արգելքները հաղթահարելով եզրափակչի զույգ կազմել էին մեր երկրի ներկայացուցիչներ Վազգեն Թեւանյանը, որը հանդես է գալիս 65 կգ քաշային կարգում եւ Արման Անդրեասյանը։ Սակայն նրանց միջեւ գոտեմարտը չկայացավ, քանի որ Թեւանյանը որոշեց իր թիմակցի հետ գոտեմարտելու համար մրցագորգ չմտնել։ Հաղթանակը շնորհվեց Անդրեասյանին, իսկ Վազգենը բավարարվեց արծաթե մրցանակով։
Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը հերթական անգամ ցույց տվեց իր բարձր կարգը՝ 61 կգ քաշայինների վճռորոշ գոտեմարտում պարտության մատնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թաիրբեկ Ժումաշբեկին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ