Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից հունվար ամսից մինչ օրս ընդամենը 79 դիմում է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ անձնական օգնականի ծառայությունից օգտվելու համար։ Այս մասին տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանն ու նշել, որ դեռևս կնքված պայմանագիր չկա, քանի որ փաստաթղթային գործընթացների ապահովման փուլում են։
Ըստ Զարուհի Մանուչարյանի փոխանցած տեղեկատվության՝ ՀՀ-ում շուրջ 193068 հաշմանդամություն ունեցող անձ կա։
Նշենք, որ 2024թ. հունվարի 1-ից` կառավարության որոշմամբ ներդրվել է անձնական օգնականի ծառայությունը` հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող անձանց համար` աջակցելու նրանց անկախ ապրելուն: Այսինքն՝ անձնական օգնականը օգնելու է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական հիգիենան ապահովելու, դեղամիջոցներ ընդունելու, կենցաղային աշխատանքներ և այլ գործողություններ կատարելու հարցում։ Սակայն ըստ փորձագետների` կառավարության այս որոշումն ունի այնպիսի սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս, որ իրականում այդ ծառայության կարիքն ունեցող մարդիկ կարողանան օգտվել:
Կարդացեք նաև
Ընդգծենք նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականները իրենց մատուցած ծառայության 1 ժամվա համար ստանալու են 1050 դրամ՝ ներառյալ հարկերը:
Անձնական օգնականի ծառայությունը ներդնելով պետությունը որքանո՞վ է թեթևացնում հաշմանդամություն ունեցողի ու նրա ընտանիքի բեռը, և որո՞նք են դիմումների սակավաթիվ լինելու պատճառները։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի հետ։
«Անձնական օգնականի ծառայությունը միտված է ոչ այնքան ընտանիքի հոգսերը թեթևացնելուն, որքան հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի խթանմանը, որպեսզի նա ավելի անկախ լինի իր ընտանիքից ու հարազատներից, վարի ինքնուրույն կյանք: Ցավոք բավականին մեծ խոչընդոտներ կան ծրագրում ընդգրկվելու համար. առաջին խնդիրը, օրինակ, եթե անձն ունի առաջին կարգի հաշմանդամություն, ստիպում են հրաժարվել արդեն իսկ ստացած հաշմանդամության խմբից ու նորից փորձաքննություն անցնել և հաշմանդամության կարգավիճակը վերահաստատել, ինչը տարօրինակ է, քանի որ կան մարդիկ, որոնց անժամկետ է տրված հաշմանդամության կարգը»,-ասաց Արմեն Ալավերդյանն ու հավելեց, որ շատերը հրաժարվում են օգտվել ծրագրից հենց այդ խնդրի պատճառով:
Նրա խոսքով՝ ծառայությունից օգտվելու սահմանափակումներից է նաև տարիքային շեմի սահմանումն ու աշխատանք ունենալու կամ ուսանելու պահանջը. «Անձնական օգնականի ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած անձինք։ Բացի դա՝ անձնական օգնականները միայն աշխատող կամ սովորող հաշմանդամություն ունեցող անձանց համար են։ Եթե մարդը տվյալ պահին չի աշխատում, գոնե պետք է երաշխավորի, որ երեք ամսից կաշխատի, որպեսզի օգտվի այդ ծառայությունից։ Այսինքն` այն հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք շատ ծանր վիճակում են` զրկվում են ծառայությունից»:
Արմեն Ալավերդյանն այս համատեքստում ընդգծեց նաև այն հանգամանքը, որ անձնական օգնական կարող է լինել միայն լիցենզավորված` վերապատրաստում, անցած անձը. «Անձնական օգնականի լավագույն թրեյները հենց հաշմանդամություն ունեցող անձն է, եթե իհարկե գործունակ է այդ անձը»,-կարծիք հայտնեց նա։
Մուշեղ Հովսեփյանը ևս խնդրահարույց է համարում ծրագրից օգտվելու պահանջները. «Անձնական օգնականի ծառայությունը բնորոշվում է որպես ծառայություն, որը ձևավորվում և ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձի կողմից, ցավոք, կառավարության ընդունած տարբերակը որևէ կերպ չի կարող այդպիսին համարվել: Առկա բազմաթիվ բացերը թույլ չեն տալիս, որ իրականում այդ ծառայության կարիքն ունեցող մարդիկ օգտվեն»,-ասաց նա ու կրկին մեջբերեց հաշմանդամությունը նոր գնահատման համակարգով գնահատված լինելու պահանջը, անձի աշխատանք ունենալը, որը, ըստ նրա խոսքի՝ Հայաստանում երբեմն անհնար է:
«Եվ ամենևին զարմանալի չէ, որ հիմա շատ փոքր թվով մարդիկ են օգտվում այդ ծառայությունից»,-հավելեց նա։
Նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում գտնվող որդեգրման ենթակա երեխաների մեծ մասն ունեն հաշմանդամություն։ Ծնողները երբեմն իրենց երեխաներից հրաժարվում են երեխայի հենց այդ խնդրի պատճառով։
Արմեն Ալավերդյանին ու Մուշեղ Հովսեփյանին հարց ուղղեցինք՝ պետության կողմից բավարար աջակցության պակա՞սն է խնդիրը, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխան իր ընտանիքում մեծանա, թե՞ հասարակության մեջ եղած կարծրատիպեր են խանգարում։
«Ես կասեի` և, և,…: Իհարկե, պետության կողմից բավարար աջակցություն չի տրամադրվում հաշմանդամություն ունեցող անձանց, դա ոչ միայն արժանապատիվ կենսաթոշակն է, այլ վերականգնողական սարքերի առկայությունն է, այն ինչ-որ պետք է անձին, ոչ թե այն, ինչը բյուջեն է թույլ տալիս կամ առկա է: Որոշ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք շուրջօրյա խնամքի կարիք ունեն և, իհարկե, կան ընտանիքներ, որոնք վախենում են այդ բեռի տակ մտնելուց ու ցավոք սրտի հրաժարվում են իրենց երեխաներից»,-արձագանքեց Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ մեր հասարակությունում կա նաև կարծրատիպ, որ հաշմանդամություն ունեցող երեխա ունենալն ամոթ է. «Նույնիսկ գյուղական բնակավայրերում կա կարծրատիպ, որ մայրն է մեղավոր, որ երեխան այդպիսին է ծնվել: Բայց, կարծում եմ, եթե լինի բավարար աջակցություն՝ առկա լինեն համայնքահեն որակյալ ծառայություններ, օրինակ, ծանր վիճակում գտնվողների համար խնամքի, հիգիենայի հարցերը, վերականգնողական թերապիաները, անհրաժեշտ պարագաներ ապահովելը և դրանց գումարած բավարար ֆինանսական ապահովությունը, ապա հնարավորություն կստեղծվի, որ երեխաներն իրենց ընտանիքում մեծանան»։
Արմեն Ալավերդյանն այս համատեքստում ընդգծեց, որ միջավայրի մատչելիությունը մեծ դեր է խաղում. «Օրինակ, դժվարաշարժ, կամ կրկնակի, բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքի անդամները ստիպված են լինում հրաժարվել անձնական կյանքից, կարիերայից և դրա փոխարեն միայն զբաղվել հաշմանդամություն ունեցող անձի խնամքով, հետևաբար այստեղ պետության աջակցությունն է պետք»:
Մուշեղ Հովսեփյանն էլ նշեց, որ հաճախ տարբեր մարդիկ, այդ թվում` մասնագետներ, ծնողներին հորդորում են «թողնել» իրենց երեխաներին՝ համոզված լինելով, որ դա բխում է երեխայի շահերից. «Հենց այդ պատճառով ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը քրեականացվել է։ Բացի այդ, հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների դեպքում ռիսկը մի քանի անգամ ավելի մեծ է: Տնտեսական այս հարցը երբեմն ստիպում է ընտանիքներին դժվար որոշումներ կայացնել՝ հիմնականում հակառակ իրենց ցանկության»,-ասաց նա ու հավելեց, որ այդ փաստն ընդունելը երբեմն ծանր է լինում ընտանիքների համար և նրանք սկզբնական ժամանակահատվածում նաև կարող են կաշկանդվել ու ամաչել, հետևաբար հաշմանդամության նկատմամբ հասարակության վերաբերմունքը կարևոր դեր է խաղում։
Մուշեղ Հովսեփյանի դիտարկմամբ՝ համակարգային առումով Հայաստանը չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ և զարգացած աջակցության համակարգեր՝ հաշմանդամություն ունեցող երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելու համար:
Արդյոք ճի՞շտ մոտեցում է, որ պտղի առողջական խնդիրը (հաշմանդամություն ունենալը) հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատելու ցուցում լինի։ Արմեն Ալավերդյանը պատասխանելով այս հարցին, նշեց. «Իհարկե ճիշտ չեմ համարում այդ մոտեցումը, որովհետև երեխան Աստծո օրհնությունն է, դա ընծա է, անկախ նրանից, թե ինչ խնդիրներ կարող է ունենալ, բայց դա խիստ անձնական որոշում է և միանշանակ պնդում անելը դժվար է»:
Մուշեղ Հովսեփյանն էլ բարձրաձայնեց, որ որպես հաշմանդամություն ունեցող անձ, այս հարցի քննարկումը մեր հասարակությունում համարում է շատ վաղ և լի վտանգներով։
«Ուզում եմ նկատել, որ երբ մենք ասում ենք «հաշմանդամություն», հասկանում ենք սոցիալական երևույթ, որն առաջանում է առողջական խնդիրների և միջավայրի փոխազդեցության արդյունքում։ Այս դեպքում միջավայրն առկա չէ։ Պտղի առողջական խնդրի պատճառով հղիությունն ընդհատելու որոշումը բարդ որոշում է, նաև չափազանց անձնական։ Դա կարող է պայմանավորված լինել ինչպես անհատական, այնպես էլ մշակութային, էթիկական և հասարակական գործոններով: Կարևոր է այս թեմային մոտենալ զգայունությամբ և տարբեր պատկերացումների և փորձերի նկատմամբ հարգանքով»,-ասաց Մուշեղ Հովսեփյանն ու շեշտեց, որ նման որոշումը կայացվում է պայմանավորված ծնվելուց հետո երեխայի կյանքի որակի հետ կապված մտահոգություններով և մարտահրավերներով, և դա հաճախ արվում է ծանր սրտով․ «Բոլոր դեպքերում այս զգայուն խնդիրը քննարկելիս պետք է հարգել և՛ կանանց իրավունքները, ազատությունները և որոշումները, և՛ հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունը»։
Կա՞ տարբերություն հաշմանդամությունն ի ծնե է, թե՞ կյանքի ընթացքում ձեռքբերովի, և արդյոք հաջողությունների հասնելուն խանգարու՞մ է այն:
Արմեն Ալավերդյանը վստահ է` էականն այն է, թե ինչ շրջապատում ու ընտանիքում է ապրում անձը, իսկ հաշմանդամությունն ի ծնե է, թե ձեռքբերովի է՝ դա այդքան էլ էական չէ. «Երբ ընտանիքը հետևողականորեն կազմակերպում է վերականգնողական պրոցեդուրաները, ապահովվում է հաշմանդամություն ունեցող անձի ուսումը, որը երկրում պետք է իրականացվի ներառական կրթության շրջանակում, ապա`այս պարագայում հաշմանդամություն ունեցող անձինք հասնում են հաջողությունների, ու այդպիսիք քիչ չեն։ Նրանք նաև ընտանիք են կազմում, երեխաներ ունենում և սա անկախ նրանից՝ հաշմանդամությունն ի ծնե է, թե ձեռքբերովի»:
Նարա Մարտիրոսյան