Տրետյակովյան պատկերասրահում օրերս բացվել է Երեւանի Ռուսական թանգարանի «Մոսկվա-Երևան-Մոսկվա» խորագրով ցուցահանդեսը, իսկ ավելի կոնկրետ` 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ռուսական արվեստի նմուշների կոլեկցիոներ, աշխարհահռչակ բժիշկ-ուրոլոգ, գիտությունների դոկտոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, Մոսկվա քաղաքի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի հավաքածուի ցուցադրությունը, որը նվիրված է նրա ծննդյան 125-ամյակին:
«Մեզ համար շատ կարեւոր է մեր թանգարանի հիմնադրի եւ ընդհանրապես Աբրահամյան կերպարի ներկայացնելը: Նա ծնունդով Թիֆլիսից էր, իր կրթությունը ստացել է Մոսկվայում եւ գործունեությունն է ծավալել Մոսկվայում: Նա 1917թ որպես կամավոր գալիս է Հայաստան եւ զինվորագրվում լեռնահեծելազորային մարտկոցի շարքերը, ապա 2018-ին մասնակցում Սարիղամիշի, Ալեքսանդրապոլի եւ Սարդարապատի լեգենդար ճակատամարտերին: Այդ իրադարձությունները այնպես են անդրադառնում ապագա պրոֆեսորի վրա, որ նա ցանկանում է իր կյանքի ուղին որպես բժիշկ շարունակել, ուստի Թիֆլիսում ընդունվում է Անդրկովկասյան բժշկական համալսարան, ապա երկու տարի անց Մոսկվայում շարունակում մասնագիտական ուղին:
Արամ Աբրահամյանը 1950-ականներին արդեն հայտնի ուրոլոգ էր, Կրեմլի հիվանդանոցի, հետագայում՝ Մոսկվայի մարզային կլինիկայի ուրոլոգիական բաժնի ղեկավարը: Զուգահեռ նա հետաքրքրված էր կերպարվեստի գործերով»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում՝ Արամ Աբրահամյանին այսպես ներկայացրեց Երեւանի Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինա Մկրտչյանը:
Կարդացեք նաև
«Աբրահամյանը հավաքում էր 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի, մինչեւ 20-րդ դարի կեսերի կերպարվեստի ստեղծագործություններ, որոնք ռուսական կերպարվեստում հայտնի են որպես արծաթե դարաշրջանի գործեր: Դա ռուսական ավանգարդն էր, նոր ուղիներն էին, որոնք մինչ Խորհրդային կարգերի հաստատումը կերպարվեստում ժամանակակից դրսեւորումներն էին:
Այդ շրջանը սոցռեալիզմի շրջանն էր, եւ որոշ չափով սահմանափակվում էին նման հեղինակների գործերը, Խորհրդային կարգերի հաստատումից հետո այդ շրջանի հեղինակների մեծ մասը տեղափոխվել է Եվրոպա: Աբրահամյանն այնպիսի սիրով է սկսում հավաքել, միգուցե ինչ-որ տեղ նաեւ թաքուն: Այսօր Հայաստանի ռուսական արվեստի թանգարանը կոնկրետ ռուսական ավանգարդն է ներկայացնում»,-հավելեց Մարինա Մկրտչյանը:
Նրա խոսքով. «Հետագայում Աբրահամյանը կնոջ՝ Մարիա Լեոնտեւնա-Աբրահամյանի խորհրդով որոշում է իր հավաքածուն նվիրել հայրենիքին: Նամակով դիմում է Հայաստանի ղեկավարությանը: 1979-ին նա արդեն իսկ պատասխան ուներ մեր ղեկավարության կողմից: 1980թ բացվում է մեր թանգարանը՝ պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու թանգարանը: Այս տարին հոբելյանական է մեզ համար. եւ Աբրահամյանի 125-ամյակն ենք նշում, եւ թանգարանի 40-ամյակը: Ինչու 40, որովհետեւ թանգարանը այցելուների առջեւ որպես թանգարան իր դռները բացել է 1984թ: Դա կարևոր իրադարձությունն էր Աբրահամյանի կյանքում: Նա ասում էր՝ ինչպես ես եմ սիրում ռուս կերպարվեստը, կարծում եմ հայ ժողովուրդն էլ կսիրի ու կգնահատի»:
Մարինա Մկրտչյանը նաեւ նշեց, որ մեկ տարի բանակցություններից հետո են բացել Ռուսական արվեստի թանգարանի ցուցահանդեսը Տրետյակովյան թանգարանում: «Պատահական չէ Տրետյակովյան թանգարանում բացելը, 1960-70-ականներից Աբրահամյանը հայտնի էր որպես կոլեկցիոներ, մոսկովյան արվեստասեր հանրությունը գիտեր նրա կերպարի մասին: Ի դեպ, հայ մեծերը Աբրահամյանի հետ սերտ կապեր են ունեցել, բուժվել են նրա մոտ, հյուրընկալել են նրան՝ Չարենցը, Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը: Մարտիրոս Սարյանը շատ էր այցելում Աբրահամյանին, նրան բազմիցս հյուրընկալել է իր տանը: Իր հուշերում Սարյանը Արամ Աբրահամյանին անվանել է Տրետյակով:
Մարտիրոս Սարյանը Աբրահամյանի դիմանկարն է նաեւ նկարել, որը գտնվում է Մոսկվայում՝ նրա ժառանգների մոտ: Հուսով ենք, որ մոտ ապագայում նկարը կնվիրեն մեր թանգարանին: Ինչ վերաբերվում է Տրետյալովյան թանգարանում ցուցահանդեսին, նշեմ, որ աշխատանքները կարեւոր էին, հավաքածուն հետազոտական փուլով անցավ՝ Տրետյակովյան պատկերասրահի եւ մեր թանգարանի մասնագետների հետ համատեղ աշխատանքի, որի արդյունքում տպագրվեց նաեւ «Մոսկվա-Երևան-Մոսկվա» խորագրով պատկերագիրքը: Այնտեղ ներկայացված է Աբրահամյանի հավաքածուի ընտրանին, դրան հաջորդեց ցուցահանդեսի բացումը Տրետյակովյան պատկերասրահում: Զուգահեռ մայիսի 29-ին խորհրդանշական մի ցուցահանդես էլ բացվել է Երեւանում, որովհետեւ, ինչպես նշեցի, Աբրահամյանը մասնակցել է մայիսյան հերոսամարտերին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Տրետյակովյան թանգարանի կայքից