Լրահոս
Օրվա լրահոսը

Բոննի կոնֆերանսի շրջանակում մեկնարկած գովազդային արշավը կոչ է անում Ադրբեջանին ապացուցելու «Խաղաղության COP-ի» իր հանձնառությունը՝ ազատ արձակելով հայ քաղբանտարկյալներին

Հունիս 07,2024 15:32

Այս ընթացքում, երբ կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Գերմանիայի Բոնն քաղաքում հավաքվել են՝ սահմանելու COP-ի օրակարգը, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունը» իր գովազդային արշավի շրջանակում մատնացույց է անում Ադրբեջանի՝ որպես «Խաղաղության COP» հանդես գալու կեղծավորությունը՝ հայերի դեմ ցեղասպանության ֆոնին: 

ԲՈՆՆ, ԳԵՐՄԱՆԻԱ, 7 ՀՈՒՆԻՍԻ, 2024 թ –«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունն» այսօր գովազդային արշավ է սկսել՝ կոչ անելով COP29-ի հյուրընկալող Ադրբեջանին կյանքի կոչելու «Խաղաղության COP-ի» իր ենթադրյալ տեսլականը՝ ազատ արձակելով  հայ քաղբանտարկյալներին: Արշավը անցկացվում է Բոննի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի բացման շաբաթվա համատեքստում։ Այս կոնֆերանսի շրջանակում փորձագետները սահմանում են COP հեղինակավոր հանդիպումների օրակարգը, որն իր շուրջն է հավաքելու աշխարհի առաջնորդներին նոյեմբերին՝ Բաքվում:

Այս ուշագրավ գովազդները հայտնվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն անցած ամիս լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ իր երկիրը ցանկանում է «COP29»-ը դարձնել «Խաղաղության COP»: Այդ հայտարարությունը լայնորեն քննադատվել է․ փորձագետները մատնանշում են էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի կառավարության իրականացրած ցեղասպանական գործողությունները և այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման երկար տարիների պատմությունը:

 «Ադրբեջանում Ալիևի ռեժիմը շարունակում է կալանքի տակ պահել հայ քաղբանտարկյալներին և պատանդներին, ոչնչացնել մեր մշակութային ժառանգությունն ու սեփականությունը, որոնք գտնվում են նրանց բռնազավթման տակ, համակարգված կերպով հայերի դեմ քարոզել էթնիկ ատելություն և արգելափակել բռնի կերպով տեղահանված արցախցիների վերադարձն իրենց տներ։ Այս գործողությունները՝ միջազգային և ներքին այլ հանցագործությունների հետ մեկտեղ, Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ցեղասպանական քաղաքականության վառ օրինակ են։ Մեր ջանքերը նպատակ ունեն բարձրացնելու միջազգային հանրության իրազեկությունը՝ Ալիևի ռեժիմի կողմից շարունակվող ոտնահարումների վերաբերյալ, ինչպես նաև  ընդգծել ապօրինի կերպով ձերբակալված մեր ղեկավարներին և հայրենակիցներին ազատ արձակելու հրատապ անհրաժեշտությունը։ Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Ալիևի ռեժիմը մոլորեցնի և շեղի իրեն COP 29-ով և խուսափի պատասխանատվությունից՝ իրագործած ցեղասպանության և շարունակական խախտումների համար»,- ասել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» նախագահ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունը» հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքացիների կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ներխուժել է Արցախ՝ ստիպելով ամբողջ բնակչությանը՝ 120 հազար բնիկ հայերին, լքել հայրենիքը։ Ռազմական հարձակմանը հաջորդել է նաև Արցախի ութ հայ քաղաքական առաջնորդների ձերբակալումն Ադրբեջանի պաշտոնյաների կողմից։ Ապօրինաբար կալանավորված և պատանդառված այս անձինք շարունակում են մնալ Բաքվում՝ սպասելով իրենց դատավարության ժամկետների մասին լուրերին: Քաղբանտարկյալների թվում է միջազգային բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը, որը վերջերս դադարեցրեց 21-օրյա հացադուլը։ Վարդանյանը հացադուլ էր հայտարարել ի նշան բողոքի՝ իրենց անօրինական կալանքի, բանտարկության պայմանների վատթարացման և ոչ թափանցիկ իրավական համակարգում պատշաճ ընթացակարգերի սահմանափակ հասանելիության համար:

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեզը վերլուծելով այս գործողությունները, պաշտոնապես հաստատել է․ «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ իրականացվել  է ցեղասպանություն, սակայն նմանօրինակ նոր տառապանքների վտանգն ամենևին էլ չի անցել։ Միջազգային հանրությունը դեռևս պատասխանատվություն է կրում այս բնակչությանը հետագա վնասներից պաշտպանելու համար»:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին պաշտպանելու էթնիկ հայերի վերադարձի իրավունքը՝ հանձնարարելով այդ երկրին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող վանդալիզմի և պղծման գործողությունները, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքային վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանների և արտեֆակտներին նկատմամբ, սակայն չսահմանափակվել միայն այդքանով», ինչի անհրաժեշտությունն առաջացել է նախորդ տարի, Ադրբեջանի ներխուժմամբ: Չնայած այս հանձնարարություններին՝ արբանյակից արված վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ ոչնչացվում են հայկական մշակութային ժառանգության վայրերն ու բնակելի շենքերը, ինչը խոր մտահոգություններ է առաջացնում:

Ադրբեջանի վրա միջազգային հանրության կողմից ճնշումը շարունակվում է աճել COP 29-ին ընդառաջ, որը նաև հայտնի է որպես Կողմերի համաժողով։ Այն անցկացվելու է այս տարվա նոյեմբերին Բաքվում: Ապրիլյան  բանաձևում Եվրամիությունը վերահաստատել է, որ «Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումներն անհամատեղելի են այդ երկրի՝ COP29-ը հյուրընկալելու նախապատրաստական ​​աշխատանքների հետ»: ԱՄՆ սենատորները ևս կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղաքական առաջնորդներին, ընդ որում՝ Կոնգրեսի մի քանի անդամներ մայիսի կեսերին լրացուցիչ նամակ են հղել՝ բարձրաձայնելով իրենց անհանգստության մասին։ Ֆրանսիացի սենատորները նույնպես բանաձեւեր են ներկայացրել՝ առաջարկելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած գործողությունների համար։

Բոննի կլիմայի փոփոխության կոնֆերանսը, որը մեկնարկել է հունիսի 3-ին, hակազդեցության ևս մեկ ալիք է առաջացրել: Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հունիսի 5-ին  հայտարարություն է տարածել՝ քննադատելով Ադրբեջանին «Խաղաղության COP» գովազդելու համար՝ միևնույն ժամանակ ցեղասպանական գործողություններ իրականացնելով։

Այս ամենին զուգահեռ՝ Freedom House կազմակերպության «Ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցում Ադրբեջանը հայտնվել է Սաուդյան Արաբիայից և Իրանից ցածր հորիզոնականում՝ 100 միավորից հավաքելով ընդամենը 7 միավոր:  «Լրագրողներ՝ առանց սահմանների» 2024 թվականի մամուլի ազատության ինդեքսում էլ 180 երկրների շարքում Ադրբեջանը 164-րդն է, ինչը ավելի վատ է, քան Վենեսուելայի և Թուրքիայի  դիրքերն են։

Free Armenian Prisoners թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930