«Մեդիա կենտրոնում» այսօր տեղի ունեցավ քննարկում «Հայաստանը 30 հազար եւրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը» թեմայով։
ՄԻԵԴ-ը 2012 թվականին զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 30 հազար եւրոյի չափով ոչ նյութական վնասի փոխհատուցում տալ մահացած զինծառայողի ընտանիքին՝ արձանագրելով Տիգրան Վարյանի կյանքի իրավունքի խախտման փաստը։
Արցախի զորամասերից մեկի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանը հայտնաբերվել էր մահացած՝ գլխին հրազենի կրակոցով։
Տիգրան Վարյանի հայրը՝ Վանո Վարյանը, նշեց, որ որդու մահը ահավոր էր իր ընտանիքի համար։ «Մենք Հայաստանում պայքարեցինք’ իմանալու, թե ինչ է եղել, ոնց է եղել, պայքարեցինք մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար, բայց արդյունք չտեսանք։ Դրա համար ստիպված դիմեցինք Եվրադատարան։ Հարցն այստեղ գումարային չէ։ Ես կուզեի, որ մեղավորները պատժեին ոնց որ պետք էր, որպեսզի սիրտս հովանա։ Ես մինչեւ հիմա ուշքի չեմ գալիս։ Դատն Արցախում է եղել։ Այդքան գնացինք ու եկանք, բայց անիմաստ։ Շատ վիրավորված եմ, որ այդպես վարվեցին։ Ես սկզբից էլ զգացի, որ պետք է Եվրադատարան դիմենք։ Ծածկադմփոց էր»,-ասաց նա։
Կարդացեք նաև
ՄԻԵԴ-ում Տիգրան Վարյանի գործով ներկայացուցիչ Անի Չատինյանը նշեց. «Ի սկզբանե Հայաստանում այս գործի քննության որակից, իրականացվող գործողություններից, մեր կողմից ներկայացվող քննչական եւ դատավարական միջնորդություններին տրվող իրավական գնահատականներից պարզ էր, որ գործը չի գնալու այնպես, որպեսզի մեղավորները բացահայտվեն։ Հենց սկզբից ինքնասպանություն որակելն այն ազդակն էր, որ գործով ներգրավվող մեղադրյալներ չտեսանք, կասկածյալներ չկային։ Վերջնարդյունքն իրեն երկար սպասել չտվեց եւ ունեցանք քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում, ինքնասպանության վարկած։
Հետեւաբար, այլ տարբերակ, քան սպառել ՀՀ-ում հնարավոր բոլոր դատական ատյանները, բայց սպառել այն հույսով, որ որեւէ ատյանում կգա տուժողին հասանելի արդարադատության իրականացման հնարավորությունը, այդպես էլ չեղավ։ Անպատժելիության մթնոլորտն է հասցրել նրան, որ այս գործը հասել է Եվրոպական դատարան»,-ասաց Անի Չատինյանը։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը ասաց, որ ինքնասպանություն որակված գործերը այս վիճակում են, մեղավորներ չեն հայտնաբերվում ու չեն պատժվում։ Նրա խոսքով, երբ Հայաստանը ԵՄ անդամ դարձավ, առաջին ակնկալիքներն ու հույսերը կապված էին Եվրոպական դատարանի հետ։
«Կարծում էինք, որ այդ վճիռները ուղղակի ազդեցություն պետք է ունենան Հայաստանում արդարադատության իրականացման վրա։ Դատական համակարգի ղեկավարներն էլ էին այսպիսի հույսեր, իբր, տածում։ Բայց տեսանք, որ ոչինչ չի ազդում, ոչ մի հետեւություն»,-ասաց նա։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ