Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհապաղ դադարեցնել Վահագն Չախալյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը»․ «Կամք»-ի անդամները՝ Քննչական կոմիտեի դիմաց

Հունիս 07,2024 14:41

«Ոչ քաղաքական հետապնդումներին», «Ազատություն Վահագն Չախալյանին», «Այլակարծությունը հանցագործություն չէ», «Ոչ երկակի ստանդարտներին»,- Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամներն ու համակիրները Քննչական կոմիտեի բակում այս կարգախոսներով հավաք անցկացրին։

Նրանք պահանջում են․ «Անհապադ դադարեցնել Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, բացառել քաղաքական շարժառիթներով քրեական վարույթների նախաձեռնումը, հանրային քրեական հետապնդում հարուցել ՔՊ կուսակցության անդամ, սադրիչ Վալերի Մանուչարյանի դեմ»։ Հավաքի մասնակիցները պահանջեցին վերջ տալ քաղաքական գործիչներին անհիմն ու շինծու գործերով հետապնդելու արատավոր սովորույթին։

Հիշեցնենք՝ մայիսի 19-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Վահագն Չախալյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը: Նրան խուլիգանության մեղադրանք է առաջադրվել՝ մայիսի 16-ին, կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ, ցույցի պահանջների հետ անհամաձայնություն արտահայտած քաղաքացիների հետ իբրեւ վիճաբանություն սարքելու համար: Վահագն Չախալյանը եւ ևս չորս անձ ձերբակալվել էին:

Հավաքի մասնակիցները պարբերաբար գոչում էին՝ «ամոթ-ամոթ», «բանսարկու»: Ներկայացնելով իրենց՝ Քննչական կոմիտեի բակում հավաք իրականացնելու դրդապատճառը՝ հայտարարեցին․ «Ինչպես վերջին գործողություններից պարզվեց, Քննչական կոմիտեն քաղաքական պատվերներ է կատարում, առաջնորդվում երկակի ստանդարտներով։ Երկու շաբաթ առաջ ուղղակի բանսարկություն տեղի ունեցավ Վահագն Չախալյանի հանդեպ․ ինչ-որ սադրիչ էր ուղարկվել, որը սադրեց, և Վահագն Չախալյանը բերման ենթարկվեց։ Սադրիչը մինչ օրս ազատության մեջ է․ որևէ գործ հարուցված չէ, թեև ակնհայտ էր, որ ուղարկվել էր իշխանական շրջանակների կողմից, ՔՊ անդամ է, բայց մինչ օրս նրա հանդեպ որևէ քայլ արված չէ։ Վահագն Չախալյանի նկատմամբ խուլիգանության հետ կապված գործ են հարուցել, բայց ոչ մի խուլիգանության դրվագ չկար»։

Ընդգծելով, որ մյուս վիճաբանողը՝ Վալերի Մանուչարյանը, ազատության մեջ է, իսկ Չախալյանը՝ կալանավորված, «Կամք» հասարակական նախաձեռնության անդամներն իրենց դժգոհությունը հայտնեցին, որ գործում են երկակի չափանիշներ: Որպես դրա մի օրինակ էլ հիշատակեցին, որ ԱԺ ղեկավարը թքում է քաղաքացու վրա և որևէ պատասխանատվության չի ենթարկվում։

Հավաքի մասնակիցները հայտարարեցին, որ ոչ ՄԻՊ-ը, ոչ քննչական մարմինները, ոչ դատարանները չեն աշխատում․ «Բոլորը մեկ կետից են կառավարվում։ Ժամանակին ՄԻՊ-ին դիմում էիր, գոնե գործին ընթացք էին տալիս, այսօր բոլորը բացակա են իրենց գործից, անգամ իրենց գործառույթը չգիտեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Կամք»-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930