ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ոստիկանության գվարդիայի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հեռախոսով կադրեր ցույց տվեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին․ «Տիկին Սարգսյան, ձեր ոստիկաններն են, որոնք գազանաբար 30-40 հոգով ԱԺ պատգամավորի վրա են հարձակվում Այստեղ մայոր կա, կապիտան կա, լիքը սպաներ կան։ Այս ստորաբաժանումները լուծարվելու են, սրանցից շատ-շատերը հետո ոստիկանության գվարդիայում անցնելու են ծառայության։ Եվ այս ամբողջ օրենքի նախագիծը, որ կա, եւ այս ոստիկանների վայրագությունը 180 աստիճան իրարից տարբեր են»։
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ այս նախագծով ոստիկանների կողմից ՀՀ պաշտպանությանը մասնակցելու դրույթը չկա։ «Կարծեմ՝ մինչեւ 2021 թվականը ներքին զորքերի ոստիկանների մարտական հերթապահություն են իրականացրել։ Հետո, չգիտեմ ինչու, այդ հերթապահության մասին այլեւս լուր չեղավ։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժն ապահովելու համար Երեւանում հազարավոր ոստիկանների զբոսնելը շատ ավելի կարեւոր է, քան հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը։ Աստված մի արասցե, վաղը ռազմական գործողությունների դեպքում գվարդիայի ծառայողը, հղում տալով այս օրենքին, ազատված կլինի։ Այսինքն՝ ոստիկանության գվարդիան ՀՀ պաշտպանությանը մասնակցելու առաջադրանք ու խնդիր չունի օրենքի համաձայն։ Սա հատո՞ւկ է արված»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Կարդացեք նաև
Արփինե Սարգսյանն ասաց․ «Ի սկզբանե նախարարություն գալով՝ իմ հանձնառությունը եւ առաքելությունը եղել է ոստիկանության ոլորտում բարեփոխումների իրականացում։ Եվ հետեւապես քաղաքական կամքը միտված է ճիշտ եւ գրագետ ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացնելուն եւ ոչ հակառակը։ Հետեւապես, եթե դուք տեսնում եք, որ պաշտպանությանը մասնակցության գործառույթը մենք դուրս ենք բերել գործառույթների շրջանակից, սա որեւէ քաղաքական ենթատեքստով չպետք է մեկնաբանել։ Մեր նպատակը եղել է այն, որ ոստիկանությունում չի կարող հիբրիդ կառուցվածքով ստորաբաժանում լինել։ Քաղաքացիական նախարարության վերահսկողության տակ անցնելով՝ ոստիկանության համակարգի կառուցվածքի եւ գործառույթների տրամաբանությունն այն է, որ գործառույթը պետք է բնորոշ լինի տվյալ ստորաբաժանմանը։ Իսկ ոստիկանության ստորաբաժանմանը չի կարող ուղղակիորեն վերապահվել պաշտպանական գերատեսչության որեւէ ֆունկցիա։ Կհամաձայնեք, որ ոստիկանական համակարգում լինելով՝ անտրամաբանական է ունենալ ծառայող, որն սպասարկում է թե պաշտպանական գերատեսչությանը, թե նաեւ ոստիկանությանը։ Սա թույլ չի տալիս, որ որեւէ գործառույթ լիարժեք իրականանա»։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Այն մտահոգությունը՝ բա որ․․․ Բա որի դեպքում վերջին նույնիսկ անդամալույծ մարդը պետք է այս երկիրը պաշտպանի՝ գվարդիա կլինի, տատիկ կլինի, պապիկ կլինի։ Այս ամենը մինչեւ բա որին հասնելն է, այսինքն՝ մեր պաշտպանական գերատեսչությունը, մեր ուժային կառույցները ամեն մեկը պետք է կենտրոնանա իր ֆունկցիոնալ խնդիրների լուծմանը։ Եթե մենք այսպես խառնում ենք իրար, ոչ ոստիկանն է ոստիկան մնում, ոչ էլ զինվորականը զինվորական»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ