Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեն է՝ հանձնարարականը տվել են, էլ գա ի՞նչ անի». Ալեն Սիմոնյանն ընդդեմ Աննա Մկրտչյանի դատական նիստ

Հունիս 07,2024 13:53

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի գործով դատական նիստին այսօր լրատվամիջոցները կրկին չկարողացան տեսաձայնագրել. տեսագրությունն արգելելը եղել է հայցվոր կողմի դիրքորոշումը ու նիստը նախագահող դատավորի որոշումը:

Հիշեցնենք, 2022 թվականի նոյեմբերի 23-ին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։ Հայցի առիթը նոյեմբերի 3-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են. «Ալենը էն մարդն ա, ով որ Երևանում 2018 թվականին դագաղների շքերթից հաճույք էր ստանում: Հաճույք էր ստանում, երբ որ զանգում էին ՀՀԿ-ականների անչափահաս երեխաներին ու ահաբեկում էին», «Էդ 18 թվականը հիշելու ա միայն սեփական անբարո գործողությունները արդարացումներ փնտրելու դրվագների մեջ, թե էդ ոնց հայտնվեցին էդ դագաղները փողոցներում, էդ սև լենտերը, թե հանրապետականի երեխաներին ովքեր էին կազմակերպում, որպեսզի դպրոցներում ահաբեկեն, որպեսզի դպրոցներում հոգեբանական ճնշումների ենթարկեին, ոնց էին բարձրանում հանրապետականների տներ, ոնց էին աստիճաններ դնում էդ տներին: Դուք հիմա պատկերացնում եք ինչ-որ մեկը Ալեն Սիմոնյանի տուն փորձենա, փորձի աստիճանով բարձրանա, ոնց որ իրենք էին կազմակերպում դա 18 թվականին, խրախուսում և իրենց էջերով տարածում էին էդ ամեն ինչը», «Ալենը, նորից եմ կրկնում, 18 թվականը հիշելու ա, միայն ինչ-որ դրվագներ ա փորձելու գտնել՝ սեփական անբարո գործողությունները էդ ժամանակահատվածում արդարացնելու համար», «Էս մարդիկ պատերազմ կեղծեցին, էս մարդիկ իշխանության փոխանցում կեղծեցին, որովհետև իրականում դա պետական հեղաշրջում էր իրենց կողմից կազմակերպված, իրենց կողմից իրականացվող, իրենց տերերի կողմից կազմակերպված՝ Հայաստանի թշնամիների, թուրքադրբեջանական գործակալական ցանցի հետ միասին: Էս մարդիկ կեղծեցին 2-3 ընտրություն, բա վարչության ընտրություններ են կեղծել, բա ինչ պիտի աներ»։

Ալեն Սիմոնյանը պահանջում է Մկրտչյանից հերքում եւ 500.000 դրամի փոխհատուցում:

Պատգամավորը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ակնկալում արդար դատական ակտ: Ըստ նրա՝ քանի որ դատարանում Ալեն Սիմոնյանի շահերը ներկայացնում է նախարարներ Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի համատեղ շահերով կապված ընկերության փաստաբան, դատական ակտը կլինի այնպիսին, ինչպիսին իրենք էլ կթելադրեն. «Հեն է՝ ինչ ակտ ուզում է Ալենը, Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը, ավելի լավ է տալ»:

Պատգամավորը նաեւ նկատեց, որ գլխավոր դատախազությունը Ալեն Սիմոնյանի՝ ոչ միայն մարդու վրա թքելը խուլիգանություն չորակեց, այլեւ պարզվեց, որ եթե նրա ընտանիքի անդամներից մեկն ընդունում է մեղքը, էլ ինչ դատարան, ինչ մեղադրական ակտ, գործը միանգամից կարճվում է: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, մեղադրանք էր առաջադրվել, հետո նրա ու եւս 4 անձի մասով գործը կարճվեց, քանի որ, ըստ դատախազության՝ այդ անձինք «նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները»:

Հարցին, թե ինչու Ալեն Սիմոնյանը չի գալիս դատարան, եթե վիրավորվել է, Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Հեն է՝ հանձնարարականը տվել են, էլ գա ի՞նչ անի: Եթե լինեինք իրավական պետություն, հնարավոր է, որ մարդը, եթե վիրավորվել է, գար դատարանին ներկայացներ, հարգանք դրսեւորեր դատավորի նկատմամբ: Բայց Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը հանձնառել են այդ պարտավորությունը, իրենք այդ թերությունները կլրացնեն»:

Պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ երկու անգամ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նիստը նախագահող դատավորին՝ ասելով, որ ինքը չի կարող արդարադատություն իրականացնել, սակայն վերջինս, ըստ պատգամավորի, պնդել է, որ պետք է մնա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930