Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում անախորժ դեպք եղավ, ԱԺ տեսանյութերը հայտնվեցին կամ Տարոն Չախոյանի կամ Վահագն Ալեքսանյանի կայքերում, ո՞նց եք վերահսկելու»

Հունիս 07,2024 12:59

«Քաղաքացու ամբողջական տեղաշարժը տեսանկարահանվելու է, եթե Տարոն Չախոյանը հրապարակի իր կայքում, ի՞նչ եք անելու»

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց Ոստիկանության մասին եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու փաթեթին։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց․ «Այս պահին, եթե մենք խոսում ենք տարբեր վարչական իրավախախտումների, հանցանքների բացահայտելիության մասին, պրակտիկայում շատ են լինում այնպիսի իրավիճակներ, երբ միակ հուսալի ապացույցը կլիներ տարածքի տեսահսկումը, որի միջոցով կկարողանայինք գործընթացի հետագծելիություն ապահովել, բացահայտումներ իրականացնել եւ հանրային անվտանգության բավական բարձր մակարդակ երաշխավորել։ Բայց փորձը ցույց է տալիս, որ շատ ու շատ իրավիճակներում, հատկապես որոշակի տարածքներում, որոնց շրջակայքում հիմնականում կատարվում են հանցագործությունները, մենք չենք ունենում տեսահսկման համակարգեր։ Եվ այս մասով բարդանում է իրավապահ համակարգի գործունեությունը»։

Նա ասաց, որ տեսահսկման համակարգեր կտեղադրվեն այդ վայրերում, եւ սա որեւէ կերպ չի կարող ընկալվել որպես մարդու անձնական տիրույթ ներխուժում, որովհետեւ խոսքը հասարակական վայրերի մասին է։

«Այս օրենսդրական փաթեթով մասնավորապես նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսվարողների համար սահմանել պարտականություն՝ շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովել տեսահսկման համակարգերով։ Շփոթ կա, որ այս տեղեկատվության հավաքագրումը մարդկանց մասնավոր, ընտանեկան, անձնական կյանքին միջամտություն է։ Բայց ես նշեմ՝ խոսքը հանրային տիրույթի մասին է»,- ասաց Արփինե Սարգսյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ ՀՀ քաղաքացին շատ վտանգավոր իրավիճակում է հայտնվում, որովհետեւ քաղաքացու ամբողջական տեղաշարժը տեսանկարահանվելու է։

«Հագուստի խանութ է, մարդը, որը մտնում է խանութ շոր գնելու, իր ամբողջական տեղաշարժը 24-ժամյա օնլայն ռեժիմով ոստիկանությանն է։ Ո՞րն է երաշխիքը, որ ոստիկանության այդ նյութերը վաղը չեն հայտնվելու, պայմանական եմ ասում, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի տարբեր սնկեր կայքերում։ Չասեք, որ բացառվում է դա, ես առնվազն երկու օրինակ եմ ասել։ Մեկը՝ ԱԺ տեսախցիկների սերվերը ԱԺ-ում է, այդ սերվերի հսկողությունն իրականացնում է ՊՊԾ-ն։ Այստեղ մի անախորժ դեպք եղավ պատգամավորների մեջ, երեք-չորս ժամվա մեջ ԱԺ ամբողջ տեսանյութերը հայտնվեցին կամ Տարոն Չախոյանի կայքում կամ Վահագն Ալեքսանյանի civic.am-ում։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանությունից քանի հատ արտահոսք է լինելու։ Գեղամ Մանուկյանը գնում է լոմբարդ, գրավ է դնում իր վերջին վզնոցը, ոստիկանությունը տեսանյութը վերցնում է, Տարոն Չախոյանն էլ տեսանյութը դնում է, որ Գեղամ Մանուկյանը մտել է լոմբարդ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

ՆԳՆ քարտուղար Արա Ֆիդանյանն, ի պատասխան պատգամավորի մտահոգությունների, ասաց․ «Թույլ տվեք հակառակը պնդել՝ տվյալ նախագծերի ընդունմամբ ՀՀ քաղաքացիները շատ ավելի ապահով եւ անվտանգ միջավայրում են հայտնվում։ Այս ամբողջի նպատակն է հանցագործությունների կանխում, նախականխում եւ բացահայտում։ Նշեցիք՝ հագուստի խանութի ներսում, բայց թյուրըմբռնում կա, որովհետեւ մենք խանութներում չենք դնում տեսախցիկներ եւ չենք իրականացնելու հսկողություն։ Ինչ հագուստ կփորձեք, ինչ հագուստ չեք փորձի, մենք չենք տեսնելու։ Եվ առհասարակ մենք այդքան ռեսուրս ու ցանկություն էլ չունենք, որ նստենք օնլայն ռեժիմով բոլորին հսկենք։ Թե որտեղից ինչ արտահոսք է եղել նախկինում, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ ոստիկանությունում այսօր մեծ թվով տեղեկատվական տվյալներ են պահպանվում։ Հետեւաբար, երբ դուք ասում եք, որ եթե սա ներդնենք, ոստիկանությունից ահռելի արտահոսք կլինի, եթե լիներ, մինչեւ այս էլ տեղի կունենար։ Որեւէ արտահոսք ոստիկանությունից չի եղել»։

Ֆիդանյանը նշեց, որ 100 քմ-ից ավելի տարածք զբաղեցնող տնտեսվարողի համար մեկանգամյա ծախսը կազմում է մոտ 50 հազար դրամ, դա այնքան էլ մեծ ծախս չէ։

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Պարոն Մանուկյան, ձեր նշած դեպքը այն դրվագն էր, երբ ԱԺ միջանցքում դաշնակցական պատգամավորը մեր պատգամավորին հարվածելուց հետո վազում էր միջանցքով։ Եվ դա տեսանկարահանվել է այն միջանցքում, որտեղ մշտապես լրագրողների մուտք ու ելք կա։ Այսինքն՝ այդտեղ անձնական դաշտի հետ կապված հարց չկա։ Ամեն դեպքում, առաջարկում եմ չվազել ԱԺ միջանցքներում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930