Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 1 տարում մեր երկրում 27 անչափահաս է ամուսնացել, 22-ը մայրացել են. Որոշել են արգելել երեխաներին ամուսնանալ՝ անկախ ծնողների կամքից

Հունիս 07,2024 12:21

Այսօր ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է ամուսնության տարիքային շեմը բարձրացնել:

Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքային շեմը 18 է, բայց բացառություններ կան ու, ըստ էության, թույլատրվում է ամուսնանալ 17, 16 տարեկանում: Հիմա առաջարկվում է այդ բացառությունները հանել ու թույլ չտալ անչափահասներին ամուսնանալ:

Նախագծի հիմնավորումներում պատգամավորը նշել է, որ ամուսնությունն ընտանիք կազմելու նպատակով տղամարդու ու կնոջ կամավոր միություն է: Կինն իր կամքի ազատ արտահայտությամբ պետք է ընտրի ամուսին եւ կազմի ընտանիք: Ամուսին ընտրելու, ամուսնանալու իրավունքը չի կարող եւ չպետք է խոչընդոտի անձի մի շարք այլ իրավունքների իրացմանը՝ կրթության իրավունք, առողջության պահպանման եւ այլն:

Գործող օրենսդրությամբ, անձը կարող է ամուսնանալ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, եւ ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է, այսինքն, երկու 16 տարեկան չեն կարող ամուսնանալ:

18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք համարվում է երեխա, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

2022թ.-ին ՀՀ-ում արձանագրվել է 30 անչափահասի ամուսնության գրանցում, իսկ 2023-ին՝ 27:

Ըստ նախագծի հեղինակի հիմնավորման, վաղամուսնությունը կարող է երկարաժամկետ բացասական հետեւանքներ ունենալ՝ ներառյալ սոցիալական մեկուսացումը, ընտանեկան բռնությունը եւ ծննդաբերության հետ կապված բարդությունները՝ պայմանավորված անչափահաս կնոջ թերզարգացած օրգանիզմով: Հետազոտությունները փաստում են, որ մանկական մահացությունների ցուցանիշներն ավելի բարձր են կրթական ցածր ցենզ ունեցող մայրերի մոտ: Դեռահասը, զրկվելով պարտադիր կրթության իրավունքից, միաժամանակ վտանգում է ոչ միայն իր, այլ նաեւ իր երեխայի առողջությունը:

Ըստ ՀՀ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության տրամադրած տեղեկատվության, մինչեւ 18 տարեկան երեխաների ծննդաբերելու, մայրանալու դեպքերը հետեւյալ պատկերն ունեն. 2018թ.- 18, 2019թ.- 19, 2020թ.- 13, 2021թ.- 24, 2022թ.-18, 2023թ.- 22 երեխա:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ամուսնությունը իրավունք է, կարող են ամուսնանալ ու չձեւակերպել իրենց ամուսնությունը:

Բաքոյանն ասաց, որ Հայաստանում 14, 15 տարեկանում էլ ամուսնություններ են լինում, հուսով են՝ նախագիծը կունենա ազդեցություն:

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այդ դեպքերը, ավանդույթները օրենքից դուրս են. «17 տարեկան 11 ամսականի ամուսնությունը ասում ենք լավ չի, իսկ 18 տարեկանինը առողջական խնդիրներ չե՞ն առաջացնի: Ձեր կողմից մատնանշած խնդիրները կարող են լինել նաեւ 18+ տարիքում»:

ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանն ասաց, որ ԱՄՆ-ում 21 տարեկանն է համարվում չափահաս ու եթե իրեն մնար, 21 տարեկանը կարելի էր սահմանել՝ որպես ամուսնության շեմ, բայց ավելի մեծ աղմուկ կբարձրանար:

Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն ասաց, որ պետության պարտավորությունն երեխայի պաշտպանությունը, ուստի կողմ են նախագծին:

Վլադիմիր Վարդանյանը կատակեց, որ «գործընկերները հորդորում են նաեւ վերին շեմ սահմանել ամուսնության համար, որ պարտավորություն լինի՝ մինչեւ X տարիքը պետք է ամուսնանաք ու վերջ, հակառակ դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն»:

Փոխնախարարն ասաց, որ այս նախագծով զուտ ազդակ են հղում, որ վաղ ամուսնությունները խրախուսելի չեն ոչ սոցիալական, ոչ առողջապահական տեսանկյունից:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930