Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ևս մեկ անգամ վերահաստատում է փաստը, որ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ. Տաթևիկ Հայրապետյան

Հունիս 07,2024 12:16

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկ Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի (TURKPA) 13-րդ Գլխավոր ասամբլեայի պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետ Ալիևը հանդես է եկել մի քանի ուշագրավ հայտարարություններով։ Դրանցից որոշները, որոնք առնչվում են Հայաստանին, արդեն ներկայացվել են մեր մեդիա տիրույթում, ուստի ես կանդրադառնամ այն հայտարարություններին, որոնց մասին անդրադարձ չի եղել, բայց կարևոր են մեզ համար։

Նախ նշեմ, որ վերանշյալ վեհաժողովին մասնակցել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահը, Ղրղզստանի Ժողորկու Քենեշի (ԱԺ) նախագահը, Ուզբեկստանի Օլի Մեջլիսի Սենատի (ԱԺ) նախագահը, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» «ԱԺ նախագահը» և Հունգարիայի Ազգային ժողովի փոխնախագահը։

Ուշագրավ են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի և Ալիևի, ինչպես նաև Հունգարիայի ԱԺ փոխնախագահի հետ երկխոսության հատվածները, դրանք կներկայացնել մաս-մաս։

Այսպես, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը Ալիևին ուղղված իր խոսքում ասում է․

«Իհարկե, համաշխարհային պատմության նոր դարաշրջանի դռները բացվում են մեր առջև։ Խորհրդային Միության փլուզմամբ երկբևեռ համաշխարհային համակարգը անցավ պատմության գիրկը: Աֆղանստանից Ամերիկայի դուրս գալուց հետո Ամերիկայի միաբևեռ աշխարհակարգը անցավ պատմության գիրկը: Այժմ մենք բազմաբևեռ դարաշրջանի նախաշեմին ենք:

 

Մոտ 300 միլիոն թուրքեր ապրում են այն աշխարհագրական տարածքում, որն ընդգրկում է Կենտրոնական Ասիան, ներառյալ Ուզբեկստանը և Ղազախստանը, Կովկասից մինչև Անատոլիա, իսկ այնտեղից մինչև Եվրոպա՝ Հունգարիա: Սա հսկայական ներուժ է։ Դա անսովոր մեծ ներուժ է թե՛ մարդկային կարողությունների, թե՛ ստորգետնյա ու վերգետնյա ռեսուրսների առումով։ Ինշալլահ, թյուրքական պետությունները դա կօգտագործեն ամենախոհեմ ձևով և կդառնան մեծ ուժ նոր ձևավորվող աշխարհում: Այն փաստը, որ թյուրքական աշխարհը ուժերի կարևոր հավասարակշռություն է, սպառնալիք չէ աշխարհում խաղաղության համար։ Ընդհակառակը, դա հնարավորություն է՝ ապահովելու կայուն խաղաղություն աշխարհում։ Առաջիկա ժամանակաշրջանում մենք, Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների և մեր մյուս եղբայրների հետ, մոբիլիզացնելու ենք մեր բոլոր հնարավորությունները՝ թյուրքական աշխարհը մեծ հզորություն հաղորդելու համար։ Մենք կամրապնդենք մեր միասնությունը, իրավահավասարությունն ու եղբայրությունը, և որպես «win-win» սկզբունքի մաս համատեղ նախագծերով կվերականգնենք իրավունքներն ու արդարությունը աշխարհի այս տարածաշրջանում։ Մենք ջանքեր ենք գործադրելու, որպեսզի ձևավորվի մի կառույց, որտեղ կգերիշխի արդարությունը։ Այս համատեքստում մենք դարաշրջանի նախաշեմին ենք և մեծ հույս ունենք։ Մեզ մնում է միայն կատարել մեր պարտքը և հաջորդ սերունդներին ավելի ուժեղ թյուրքական աշխարհ փոխանցել»:

Ի պատասխան Ալիևն ասել է․

«Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին, և երբ սկսվեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շատ բացահայտ և դիպուկ խոսքերը, որ «Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին», մեզ լրացուցիչ ուժ տվեցին։ Այս քաղաքական և բարոյական աջակցությունը ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ Ադրբեջանը միայնակ չէ, և որ Թուրքիան մեր կողքին է 44 օր։ Ամեն օր թե՛ նախագահը, թե՛ մյուս պաշտոնյաները հայտարարություններ էին անում, որոնք մեզ հնարավորություն տվեցին ավարտին հասցնել հաղթանակի այս արդարացի գործը։ Որովհետև դուք լավ գիտեք, որ 44 օրվա ընթացքում Ադրբեջանը ենթարկվել է մեծ ճնշման տարբեր ուժային կենտրոնների կողմից։ Որոշ երկրներ նույնիսկ սպառնացին մեզ, բայց նման բարդ իրավիճակում Թուրքիայի աներկբա աջակցությունը, կրկնում եմ, մեզ լրացուցիչ ուժ և վստահություն տվեց, և մենք շնորհակալ ենք այս աջակցության համար։ Սա գիտի և գնահատում է Ադրբեջանի ողջ ժողովուրդը։

Ինչպես նշեցիք, ես շատ ուրախ եմ, որ սա արդեն ընդհանրական մոտեցում է, միասնական գաղափար։ Թյուրքական աշխարհի հզորացումն ու միավորումը թյուրքական աշխարհը և Թյուրքական պետությունների կազմակերպությունը կվերածի համաշխարհային մասշտաբով մեծ ուժի: Որովհետև, ինչպես նշեցիք, գործող համակարգերը ճգնաժամի մեջ են։ Նրանցից յուրաքանչյուրն իր ճգնաժամն է ապրում։ Մեր ներուժը, ընդհակառակը, օրեցօր մեծանում է։ Ինչպես նշեցի, այն ընդգրկում է մեծ աշխարհագրություն։ Եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ թյուրքական աշխարհն անսահման է, այն ընդգրկում է մեծ աշխարհագրություն։ Աճող ու երիտասարդ բնակչություն, բնական ռեսուրսներ, տրանսպորտային ուղիներ և միասնություն մեր մեջ: Այս միասնությունը բնական է, և դրա հիմքում ընկած են ընդհանուր արմատները: Ուստի այս միասնությունն ավելի ուժեղ և հզոր է, քան մյուսները։ Այսինքն՝ մեր միասնությունը հիմնված է էթնիկական և մշակութային արմատների վրա, և, իհարկե, պետք է գործնական քայլերով ամրապնդենք այդ միասնությունը»։

Սա ևս մեկ անգամ վերահաստատում է այն փաստը, որ այս երկրները շարժվելու են Հայաստանի Սյունիքի մարզով իրենց համար արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ, քանի որ իրենց ծրագրերի համաձայն՝ դա թյուրքական աշխարհը կապող օղակ է։ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել բանակցային առաջընթաց մասին ու նշել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի։ Իբր թե ՌԴ-ն չի լինի, այլոք կլինեն, դե էլի միջանցքը ո՞նց է լինում, այսինքն՝ ՀՀ-ն միևնույն է չի լինի վերահսկողը, ավելին ասեմ՝ նման տրամաբանություն չի գործի, եթե ճանապարհն անցնի Ադրբեջանի տարածքով։ Պատկերացնո՞ւմ եք Իրանի տարածքով Նախիջևան կապի դեպքում Իրանը համաձայնվեր, որ երրորդ կողմ, ով ուզում է լինի, ուղեկցում ապահովի, իհարկե չեք պատկերացնում։ Այնպես որ ՀՀ իշխանություններն ակնհայտորեն շարունակում են առաջ շարժվել Էրդողանի ու Ալիևի երազանքների իրագործման ուղիով։ Իսկ վերջիններս էլ ունեն մեծ ծրագրեր, որոնք երկարաժամկետ առումով առհասարակ հարցականի տակ են դնելու ոչ միայն ժողովրդավարության, իրավունքների ու արժանապատիվ խաղաղության գաղափարը, այլ հայոց պետության գոյությունն առհասարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930