Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն դադարեցնել աջակցությունը կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի անցկացման հարցում, այլև արձանագրել Ադրբեջանի հանցանքները. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը միանում է Լեմկինի ինստիտուտի կոչին

Հունիս 07,2024 11:50

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին դադարեցրել աջակցությունը ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP 29) անցկացման հարցում։ Ինստիտուտն իր կոչում հստակորեն արձանագրել է, որ «Ադրբեջանը ցեղասպան պետություն է»։ Ինստիտուտի արձանագրումն սակայն միայն դրանով չի սահմանափակվել թիրախային կերպով առարկայացված հիշատակում է, որ Ադրբեջանը ղեկավարվում է մի նախագահի կողմից, որը պարբերաբար արտահայտում է հայերի նկատմամբ ցեղասպանության գաղափարախոսությունը՝ հայերին որակելով որպես «շներ, շնագայլեր և ահաբեկիչներ»։

Ինստիտուտն արձանագրում է, որ «Ադրբեջանն անօրինական կերպով պահում է շուրջ 300 հայի և հրաժարվում է ազատ արձակել նրանց, այդ թվում՝ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) ընտրված իշխանության 8 անդամին»։ Կոչը չի շրջանցում նաև ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումների և բռնությունների խնդիրը։ Նման իրողությունները հիմք են տալիս պահանջելու դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին՝ որպես COP29 համաժողովն ընդունող երկրի, իսկ միջազգային հանրությունը պետք է վճռականապես մերժի ցեղասպանության և դրա գաղափարախոսության քարոզչությունը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտի արձանագրումները և վճռականությունը ադրբեջանական հանցանքների վերհանման և դրանց արդարացի պատժի կապակցությամբ։ Վերջին հարյուրամյակում ադրբեջանական վայրագությունները շարունակաբար մնացել են անպատիժ, ինչը հիմք է տվել ժամանակակից Ադրբեջանին կարծելու, թե հնարավոր է քայլել մարդու իրավունքների՝ քաղաքակրթական բարձրագույն արժեքների վրայով՝ որպես մարդկության դեմ հանցավորության փայլուն օրինակ և մնալ անպատիժ՝ կլիմայի փոփոխության խնդիրներով «մտահոգության» փաթեթավորմամբ, ինչը բնական հարց է առաջացնում․ ինչպես կարող է ահաբեկչական երկիրն իր նմանատիպ նախագահի հետ մտահոգ լինել կլիմայական և բնապահպանական խնդիրներով, եթե վերջին տարիներին առնվազն երկու խոշորամասշտաբ պատերազմներ է հրահրել խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ՝ օգտագործելով այնպիսի զենքեր, որոնք ոչ միայն մարդկային կորուստների պատճառ են դարձել, այլև խստորեն վնասել են Լեռնային Ղարաբաղի էկոմիջավայրը, մի երկիր, որը շուրջ 10 ամիս հումանիտար աղետ է հարուցել և փաստացի գերության մեջ պահել 120 հազար խաղաղ քաղաքացիական բնակչությանը, որը ամենաիսկական էթնիկ զտում է իրականացրել և այս պահին զբաղված է ինտենսիվ էթնոցիդով ճիշտ այնպես, ինչպես իրականացրել է պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը միանում է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտի կոչին՝ պահանջելով ոչ միայն դադարեցնել աջակցությունը կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի անցկացման հարցում, այլև արձանագրել Ադրբեջանի իրականացրած մյուս բոլոր հանցանքները՝ միջազգայնորեն և անհապաղ կերպով պատասխանատվության ենթարկելով դրանց համար։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930