Regionmonitor. Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների առավել ուշագրավ հատվածները.
Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին, և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկից ի վեր նախագահ Ռ. Թ. Էրդողանի շատ բաց ու ճշգրիտ խոսքերը «Թուրքիան Ադրբեջանի կողքին է», մեզ հավելյալ ուժ տվեցին: Այս քաղաքական ու բարոյական աջակցությունը ողջ աշխարհին ցույց տվեց, որ Ադրբեջանը մենակ չէ, և Թուրքիան 44 օրվա ընթացքում մեր կողքին էր: Ամեն օր, երբ և՛ նախագահը, և՛ մյուս պաշտոնատար անձինք հայտարարություններ էին անում, դա հնարավորություն էր ստեղծում, որ մենք մեր այս արդարացի պատերազմը հաղթանակով ավարտենք: Քանի որ, դուք էլ լավատեղյակ եք, որ 44 օրվա ընթացքում Ադրբեջանի վրա տարբեր ուժային կենտրոնների կողմից շատ մեծ ճնշումներ են եղել: Նույնիսկ որոշ երկրներ մեզ սպառնացել են և նման բարդ իրավիճակում Թուրքիայի միանշանակ աջակցությունը մեզ հավելյալ ուժ, վստահություն է տվել, և մենք երախտապարտ ենք այդ աջակցության համար: Ողջ ադրբեջանցի ժողովուրդը դա գիտի և գնահատում է:
Հայաստան-Ադրբեջան գործընթացի հետ կապված՝ կարող եմ ասել, որ մենք կարծում ենք՝ մի քանի բաց հարցեր դեռ մնում են: Դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան: Երկրորդ՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ Հայաստանի անհիմն տարածքային պահանջները պետք է վերջանան: Բնականաբար, մենք դա արդեն առաջարկել ենք հայկական կողմին, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ–ին, Մինսկի խումբը վերացվի: Ընդհանրապես Մինսկի խմբի կարիքը չկա, այն հիմա չի գործում: Մենք դե–ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի: Մնացել է դե–յուրե`իրավական տեսանկյունից դա չեղարկել, և, դա ցույց կտա, թե որքան անկեղծ էր Հայաստանը: Եթե Հայաստանը նախընտրում է Մինսկի խմբի պահպանումը, ուրեմն նրանց տարածքային պահանջները մեր նկատմամբ շարունակվում են: Ինչպես հայտնի է, վերջերս սահմանների որոշման ուղղությամբ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել: Ադրբեջանը 1990 թ. և 1992 թ. կորցրած 4 գյուղերը՝ Ղազախի շրջանում տեղակայված գյուղերն առանց որևէ կրակոցի վերադարձրել է: Դա ցույց է տալիս, որ խնդիրները կարող են խաղաղ ճանապարհով լուծվել: Եթե Հայաստանը 2020 թ. ականջալուր լիներ մեր խոսքին և խաղաղ ճանապարհով վերադարձներ մեր հողերը, ապա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության կարիքը չէր լինի: Այսինքն, դա նրանց համար դաս պետք է լինի, և ես տեսնում եմ, որ այդ դասից նրանք, ինչպես ասում են, հետևություններ են անում: 4 գյուղերի վերադարձը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով եղավ, և այս շրջանում սահմանների որոշումը ցույց է տալիս, որ մենք հարցերը բանակցությունների միջոցով կարող ենք լուծել:
Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ղազախական կողմին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հնարավորություն ստեղծելու նախաձեռնության համար։ Սա անմիջապես ընդունել ենք մեծ երախտագիտությամբ։ Ինչպես գիտեք, բանակցային գործընթացը որոշակի արդյունքներով շարունակվում է։ Չենք կարող ասել, որ բոլոր հարցերում համաձայնության ենք եկել։ Բայց, հավանաբար, այդքան կարճ ժամանակում դա դժվար կլիներ ակնկալել։ Որովհետև 28 տարի ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնիսկ 1 սմ առաջ չի գնացել, 28 տարվա ընթացքում ոչ մի հարց չի համաձայնեցվել։ Ուստի ակնկալել, որ բոլոր հարցերը կհամաձայնեցվեն հիմա՝ մեկուկես տարի հետո, իհարկե, մի քիչ միամտություն կլինի։ Սակայն կարևոր է ունենալ գործընթաց, ունենալ դրա դինամիկան և շատ հարցերում համաձայնության գալ:
Կարդացեք նաև
Մեր դիրքորոշումը հիմնվում է միջազգային իրավական նորմերի վրա։ Մենք երբևէ տարածքային պահանջներ չենք ունեցել և չունենք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Նրանք տարածքային պահանջներ ունեին մեր նկատմամբ։ Հենց Անկախության հռչակագրում է, որը հետագայում ներառվել է նրանց Սահմանադրության մեջ, որ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Նրանց գաղափարախոսության, քաղաքականության և հասարակական խոսքի մեջ է, որ շարունակաբար հնչում են տարածքային պահանջներ Թուրքիայի նկատմամբ։ Ադրբեջանցիներն ու թուրքերը երիտասարդ տարիքից հենց իրենց հասարակության մեջ են ներկայացվում թշնամու կերպարանքով։ Հենց նրանց հասարակությունն է թունավորվել ազգայնականների ու ռազմական հանցագործների կողմից։ Ուստի նրանք պետք է զբաղվեն այս հարցերով։ Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելը պարզապես անհնար է, քանի դեռ Հայաստանի գործող Սահմանադրությունը մնում է անփոփոխ։ Երբ այս հարցը բարձրացրինք, ես ասացի և ուզում եմ նորից ասել, որ ոչ թե այն պատճառով, որ մենք միջամտում ենք նրանց ներքին գործերին, ամենևին էլ ոչ, այլ այն պատճառով, որ խոսքը մեր մասին է։ Այն դեպքում, երբ նրանք մեզանից տարածքային պահանջներ ունեն, մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Նաև, գիտեք, ես պետք է նաև ասեմ, զուտ գործնական տեսանկյունից, եթե նույնիսկ քարտեզին նայեք, ինչ տեղ է զբաղեցնում Հայաստանը, և ինչ տեղ է զբաղեցնում Թուրքիան։ Պարզապես համեմատել երկու երկրների ռազմական ներուժը, ժողովրդագրական ներուժը և տնտեսական ներուժը, իսկ հետո Թուրքիային տարածքային պահանջ ներկայացնելը նշանակում է ինքնասպանություն գործել: Կամ 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնելը, ընդհանուր առմամբ, մոտ է ինքնասպանության։ Դրա համար նրանք պետք է փոխեն իրենց գաղափարախոսությունն ու բարոյահոգեբանությունը հասարակության մեջ։ Դա ժամանակ է պահանջում։ Նրանք պետք է իսպառ հրաժարվեն ռևանշիզմի գաղափարներից, և մենք տեսնում ենք, որ նման գաղափարներ կան ոչ միայն ընդդիմության, այլև իշխանության շրջանում։ Այս բոլոր հարցերն, իհարկե, պետք է հստակեցվեն ու կանոնակարգվեն։ Այնուամենայնիվ, ուզում եմ կրկին ասել, որ մենք հավատարիմ ենք կառուցողական աշխատանքին խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցման ուղղությամբ՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքին համապատասխան: