Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամի քույրերը

Հունիս 07,2024 13:00

Սկիզբը՝ այստեղ:

Անահիտը

Նա հրաշքով փրկվածներից է։ Այն հազվադեպ փրկվածներից, ով երկրաշարժի պահին գտնվելով բազմաբնակարան շենքում, մեկ օր մնացել է փլատակների տակ եւ առանց վնասվածքների դուրս է բերվել փրկարարների կողմից, իրենց հյուրասենյակի բազմոցի վրայից՝ գորգի մեջ փաթաթված։

Սպիտակի երկրաշարժից երկու տարի անց, սկսեցի նոր տուն կառուցելու ծրագրերս իրականացնել։ Այդ տարիներին չափազանց դժվարացել էին թե՛ շինանյութ հայթայթելու խնդիրները, թե ազատ ժամանակ ունենալու իմ հնարավորությունը եւ թե կնոջս ու ավագ որդուս առողջության հետ կապված հարցերը։

Այդ դժվարին տարիներին ամուսիններով աշխատում էինք՝ համարյա առանց աշխատավարձ ստանալու, եւ միաժամանակ, որպես առաջնահերթություն, մեր նոր բնակարանի կառուցման հարցերն էինք քննարկում։  Եվ ամենակարեւորը՝ Վահրամին խնամելու «գերագույն հարցը»։ Վահրամն արդեն տասն ամսական էր։ Այս ամենը մոլորեցրել էին մեզ, թե ինչպե՞ս էինք կարգավորելու այս չափազանց կարեւոր խնդիրները։

Եղբորս աղջիկները հաճախ էին այցելում մեր վագոն-տնակ, բայց երկար չէին մնում, քանի որ չափազանց նեղվածք էր ու չկային ապրելակերպի գոնե նվազագույն պայմաններ։ Նրանք բոլորը պատրաստակամություն էին հայտնում Վահրամի խնամքն իրականացնելու, եւ ամենից առավել՝ Անահիտը։ Նա դեռ մանուկ հասակից ավելի էր կապված ընտանիքիս հետ եւ շատ ջերմությամբ էր վերաբերվում երեխաներիս։

Անահիտին օրերով մեր տնակ էի բերում, Վահրամին հանձնում նրա հոգածությանը եւ կնոջս հետ զբաղվում էինք մեր գործերով։

Անահիտը հարազատ քրոջ նման պահում-պահպանում էր Վահրամին։ Որդիս առանց նրա, երբեմն չէր խաղաղվում։ Սա էր պատճառը, եւ ոչ միայն, որ նրանք նաեւ ցանկալի խաղընկերներ դարձան։ Ու երբ գալիս էր ճանապարհելու ժամանակը, Անահիտը Վահրամից «պրծում չուներ»։

-Անա՛, Անաաա՜,- ձեռքը երկարում էր դեպի Անահիտն ու սկսում լաց ու կոծը։

Այդ ժամանակներից Անահիտը «կիսով չափ» դարձավ մեր աղջիկը եւ այդպես էլ մնաց մինչ օրս…

Անահիտը Թբիլիսիում ամուսնացավ, Վահրամի «Անա՛, Անա»-ն տանելով իր հետ։ Թբիլիսիում այսօր էլ, զարմանալիորեն, շատերն են այդպես կանչում Անահիտին։

Ամուսնությունից հետո Անահիտն, ամուսնու եւ երեխաների հետ, հաճախ էր այցելում իմ նորակառույց տուն, որպես իր հարազատ օջախ։ Իսկ նրա որդին՝ Գեւորգը, ում բոլորս Գիվի  կամ Գիվիկո էինք կանչում, ամառային արձակուրդներն անց էր կացնում մեզ հետ։ Գիվիկոն զարմանալի աշխատասիրություն ու ձգտումներ ունեցող երեխա էր։ Նա ինքնուրույն հայերեն գրել-կարդալ սովորեց, որը հետագայում օգնեց նրան ընդունվել եւ բարձր առաջադիմությամբ ավարտել Էջմիածնի հոգեւոր ճեմարանը։ Այս ամենի համար շատ ուրախ էինք։ Չէ՞ որ առանց նրանց եւ մեր մյուս հարազատների, չափազանց տխուր կլիներ մեր ապրելակերպը՝ երկրաշարժից բզկտված իմ ընտանիքի համար։

Անահիտը հարազատ եղբոր տեղ էր ընդունել Վահրամին։ Իսկ Վահրամն էլ կնոջ՝ Հեղինեի հետ, Թբիլիսի՝ Անահիտին էր այցելում՝ որպես հարազատ քրոջ օջախ, անմոռանալի կատակներով լցնում նրա ու նրա շրջապատի մարդկանց օրը…

… Վահրամի անբուժելի հիվանդության չարաբաստիկ լուրն Անահիտին Կարինեն էր հայտնել։ Թե որքա՛ն էր տեւել ուշաթափությունը, Անահիտն ինքն էլ չէր իմացել։ Նա, առանց մեզ Սպիտակում հանդիպելու, անմիջապես մեկնում է Երեւան, Արյունաբանական ինստիտուտ, որտեղ Սարգսի ուղղորդմամբ, բուժման նպատակով, պառկեցրել էին Վահրամին։

Անահիտի կողմից Վահրամին ոչ մի խոսք անբուժելի հիվանդության մասին։ Միայն ժպիտ ու հուսադրող խոսքեր,  կատակներ, անցյալի քաղցր հիշողություններ։ Եվ  կերակրատեսակների պատրաստում, դեղորայքի ժամանակին մատակարարում՝ մեկ շաբաթ շարունակ։ Այնուհետեւ, Սարգիսն ու Անահիտը, Հեղինեի հետ, Վահրամին հիվանդանոցից տուն բերեցին։ Անահիտը մի քանի օր էլ մնաց Վահրամի մոտ, ապա մեկնեց Թբիլիսի։ Վերադարձավ տասնչորս օրից, Վահրամին հիվանդանոցում երկրորդ քիմիաթերապիան ընդունելու ժամանակ խնամելու համար, որը նույնպես յոթ օր տեւեց։ Այդ ընթացքում ոչ մի քայլ հեռու չգնաց Վահրամի մահճակալի մոտից, իսկ Սարգիսը, Կարինեն ու Հեղինեն սնունդ ու դեղորայք էին մատակարարում։

Հունվարի հինգին կատարված փորձաքննությունից պարզվեց, որ երկու քիմիաթերապիաները ոչնչով չեն կանխարգելել օրեցօր ահագնացող մետաստազների զարգացման ընթացքը եւ Վահրամին անհույս վիճակում դուրս գրեցին հիվանդանոցից։

… Վահրամի վերջին մի քանի գիշերը Անահիտը, ավագ որդուս ու Կարինեի հետ, առանց աչք փակելու անց կացրեց…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
06.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930