Փորձում եմ համեմատել 1988-ի եւ այսօրվա շարժմանը հայ մտավորականության մասնակցությունը։ «Ի զորակցություն Սրբազան պայքարի» երկու շաբաթ տեւող ստորագրահավաքին իրենց աջակցությունն են հայտնել 115 մտավորականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Իրանից, Վրաստանից։
Ստորագրման մեխանիզմը պարզ է. Դիմատետրի իմ էջում կամ [email protected] էլեկտրոնային փոստով մտավորականը հայտնում է իր որոշումը, ու ես նրա անունն անմիջապես ավելացնում եմ ցուցակում։ Գուցե այլ մեխանիզմի դեպքում թիվն ավելին լիներ։ Իհարկե, դա փոքր թիվ է, երբ, օրինակ, Գրողների միության անդամների թիվն անցնում է 500-ից, եթե դրան ավելացնում ենք նկարիչների, ճարտարապետների, երաժիշտների, կինոգործիչների, լրագրողների, գիտության ու բուհերի աշխատակիցների թվաքանակը, ապա պարզ է դառնում, որ ստորագրահավաքի մասնակիցների թիվը հայ մտավորականների մեկ տոկոսն էլ չի կազմում։
Խոսքս այն իրական ներուժի մասին է, որն ունի երկիրը՝ շարժմանը աշխարհի հայ մտավորականության ակտիվ մասնակցության համար։
Խնդրի մի մասը առնչվում է Արցախի ազատագրական պայքարի շուրջ հանրային կարծիքի ձեւավորման ուղղությամբ մինչ արցախյան ազատագրական պայքարի 1988 թ. արցախցի մտավորականների՝ Բագրատ Ուլուբաբյանի, Զորի Բալայանի, Հուրունցի, Բոգդան Ջանյանի, Շահեն Մկրտչյանի եւ իմ կատարած աշխատանքը։ Ինքս խորհրդային իշխանությունների ռեժիմի պայմաններում ռեպորտաժներ էի նկարահանում Արցախում ու եթեր տալիս հայկական հեռուստատեսությամբ, հոդվածաշարեր գրում հայաստանյան թերթերում, մեծ վիպասան Րաֆֆու հետքերով քայլելով Թբիլիսիից սկսած Արցախով, Սյունիքով, Նախիջեւանով, Պարսկաստանով, հրատարակում «Հարյուր տարվա երկխոսություն» գիրքը։ Բագրատ Ուլուբաբյանը հրատարակեց Արցախի պատմությանը նվիրված աշխատությունները։ Շահեն Մրտչյանի աշխատանքը նվիրված էր հայոց այս եզերքի հուշարձաններին։ Զորի Բալայանը միութենական ու հանրապետական մամուլում պարբերաբար բարձրացնում էր Արցախի խնդիրը։
Կարդացեք նաև
Արցախցի մտավորականների աշխատանքը հայությանը նախապատրաստում էր գալիք անզիջում ու հզոր պայքարին։ 88-ից հետո մենք ավելի մեծ ջանքեր գործադրեցինք, որպեսզի չմարի պայքարը։ Ինքս թողնելով հայկական հեռուստատեսությունում «Հսկում է օբյեկտիվը» հաղորդաշարը, հիմնեցի «Արցախյան օրագիր» շարքը, պարբերաբար մեկնում էի Արցախի թեժ կետեր, նկարահանումներ կատարում եւ եթեր տալիս Երեւանում, այդպես պահպանում հայոց երկու մասերի մտավոր կապը։ Արցախյան խնդիրը յուրաքանչյուր հայի սեփականությունն էր։ Այդ պայքարի մասնակից էին համարվում ոչ միայն բոլոր մտավորականները, այլեւ ողջ հայությունը։ Ինքս 1988-ի մարտին մեկնեցի Սումգայիթ, պատրաստեցի «Սումգայիթյան ալիքներ» ֆիլմը, իսկ նոյեմբերին իմ տեսախցիկով ականատես էի Գյանջա–Կիրովաբադի իրադարձություններին։ Դա արվում էր իրականությունը հանրությանը ցուցադրելու նպատակով, քանի որ Բաքվի քարոզչությունը փորձում էր ամենը բռնարարքների զոհերի վրա բարդել։
Այլ հարց է, թե ինչքանով մեզ հաջողվեց շարժման հաղթանակից հետո համապատասխան իշխանություն ձեւավորել։ Դա հիմնականում կախված էր հանրության մտածելակերպից, համընդհանուր կրթության ու կիրթ լինելու մակարդակից։ Սոցիալիզմն ու կոմունիզմը, սովետների ժամանակ հաստատված բարքերը թողեցին իրենց կնիքը նորաստեղծ իշխանության գործունեության վրա։ Կոռուպցիան նոր ոլորտներ գրավեց։ Քաղաքական ու տնտեսական վերնախավին հետաքրքրում էր ոչ թե երկրի զարգացումն ու հզորացումը, այլեւ իրենց անհատական հարստացումը՝ ի հաշիվ համընդհանուրի շահերի։ Կոռուպցիայի, բոլոր ոլորտներում անարդարությունների արդյունքը բարոյական անկումն է, որի պայմաններում չէինք կարող ունենալ առողջ տնտեսություն, ուժեղ բանակ, կրթություն, գիտություն, արդարադատություն, ի վերջո՝ անվտանգություն։
Որպես այս ամենի արդյունք երկրում իշխում էին միջակ ունակությունների կամ միջակությունից ցածր մարդիկ։ Կարող ուժերը դուրս էին մնում ասպարեզից։ Միտքը, գաղափարը չէր գնահատվում։ Այսպես էր բոլոր ոլորտներում։ Որպես հետեւանք, մի շատ վախկոտ մարդ կարողացավ իր շուրջը հավաքել մի խումբ բախտախնդիրների եւ հեշտությամբ, առանց ջանքերի տիրացավ իշխանությանը։ Դա ձեռնտու էր ե՛ւ թշնամուն, ե՛ւ աշխարհի հզոր ուժերին, որոնք մրցակցում էին, թե ով իր ձեռքին կպահի այս վերնախավի սանձը։
Լուրջ խնդիր է նաեւ մշակույթը։ Մեր երկրի չորս ղեկավարներից ոչ մեկը չբարեհաճեց խոսք ասել մշակույթի, նրա խնդիրների մասին։ Մշակույթի գործիչները, մանավանդ գրողները, արհամարհված էին քաղաքական ու տնտեսական վերնախավի կողմից։ Հանրությունն աստիճանաբար կտրվում է իր մշակույթից, գրականությունից։ Ստեղծագործական միություններում եւս մթնոլորտն անառողջ էր։
Խախտումների գագաթնակետը մի անձի համար սուպերվարչապետության մշակումն ու օրինականացումն էր, որն էլ պատուհաս դարձավ Հայոց պետականության համար։
Եվ ահա այս ամենի հետեւանքն անբովանդակ ու անունակ վերնախավի առաջացումն էր, որի առաջնորդն իր երկիրն ատող ու թշնամուն ծառայող անձնավորություն էր։ Նա իր վախկոտության հետեւանքով երկիրը տարավ դեպի պարտության, Արցախի հանձնմանն ու թուրքերի կողմից շարունակվող ցեղասպանության։ Բաքվի եւ Անկարայի իշխանություններն իրենց կամքն են թելադրում հայկական քաղաքական վերնախավին։ Երկրում առաջացող շարժումները մարում էին, քանի որ չէին վայելում լայն զանգվածների վստահությունը։
Երկրում իրավիճակը խիստ անկայուն է, երկրի անվտանգությանը միտված սպառնալիքները կարող են իրական դառնալ, որի արդյունքը կարող է պետականության կորուստը լինել։ Թուրքիայի եւ Ադրբեջանի վերնախավերը նման նպատակը չեն թաքցնում։ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորները ինչո՞ւ են ձեւացնում, թե նման վտանգ գոյություն չունի։ Թե նրանք այնքան թույլ էակներ են, որ սարսափում են երկրի գլխավոր ՍԱՐՍԱՓԻՑ։
Իսկ թշնամին իրոք շատ ավելի խորամանկ է ու հեռատես։ Ադրբեջանի նախագահն ու իր կինը Վատիկանում հադիպելով Հռոմի պապին, իրականացնում են ֆինանսական լայն աջակցություն մի շարք ծրագրերի, դրանով իսկ պապին թելադրում իրենց նախապայմանը. լռել ծայր արեւելյան քրիստոնեական կենտրոնի՝ Արցախի քրիստոնյա հայերի եղեռնի ու հայրենազրկման մասին։ Իրոք, Հռոմի պապը մահմեդական երկրի նախագահի պահանջով չտեսնելու տվեց քրիստոնյա բնիկ ժողովրդի բռնագաղթը, երեքհազարամյա մշակութային ժառանգության վերացումը։
Բաքվի քարոզչամեքենան արցախյան միջնադարյան հուշարձանների ու երկրամասում հայության հետքերի վերացմանը զուգահեռ՝ նոր քայլեր է ձեռնարկում աշխարհի տարբեր երկրներում Ադրբեջանը ներկայացնել որպես քրիստոնեական ժառանգության բազմամշակութային ինքնություն ունեցող երկիր։ Վարշավայում վերջերս կազմակերպվել էր լուսանկարների բաց ցուցահանդես։
Արդեն մի քանի ամիս է, ինչ «Շուշի բերդաքաղաք» հիմնադրամը պատրաստել է «Արցախի 3-հազարամյա պատմությունը վավերագրերում» շրջիկ ցուցահանդեսի նյութերը։ Այն ընդգրկում է 150×80 չափերի 50 պաստառ՝ առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներում ցուցադրելու նպատակով։ Սակայն հովանավորչության բացակայությունը ի չիք է դարձրել մեր ջանքերը, ուստի եւ ադրբեջանական կեծարարություններին հակադրելու ոչ մի հնարավորություն չունենք։
Հայաստանում ժողովրդական շարժմանը տեր կանգնեց Հայ առաքելական եկեղեցին։ Նախորդ շարժումների համեմատ այն ավելի զանգվածային է, սակայն ոչ բավարար վերջնական հարցեր լուծելու, վարչապետի աթոռին կառչած անձին ու նրա կողմնակիցներին դուրս քշելու կառավարությունից։
Թե ինչ իշխանություն կունենանք նոր իշխանություն կազմելիս, դժվար է ասել։ Բագրատ արքեպիսկոպոսը դեռեւս չի հայտնել, որ ինքը դեմ է վարչապետական պաշտոնի գոյություն ունեցող անսահմանափակ իրավունքներին։ Վարչապետական պաշտոնը պետք է զերծ լինի «ձեռնտու գործ» լինելուց։ Վարչապետի ուռճացված իրավունքները պետք է բաշխվեն վարչապետի, նախագահի եւ Ազգային ժողովի միջեւ, ու եթե վարչապետը, կամ որեւէ այլ անձ չի համապատասխանում իր պաշտոնին, հանրությունը պետք է հնարավորություն ունենա նույն պահին հեռացնելու իշխանությունից։ Ու, ընդհանրապես, որեւէ պաշտոն առաջին հերթին երկրին ու ժողովրդին ծառայելու միջոց է, ու եթե նա չի համապատասխանում այդ դիրքին, ապա պետք է լռելյայն հեռանա՝ տեղը զիջելով կարող եւ ունակ մարդու։ Վարչապետը չպետք է հնարավորություն ունենա իր դիրքը պահպանելու համար օգտագործել ոստիկանական ուժերը։ Իսկ ոստիկանապետի ու նրա շրջապատի դերը ոչ թե վարչապետի աթոռին կառչած անհատի անձեռնմխելիությունը պահպանելն է, այլեւ երկրում ներքին կայունություն ստեղծելն ու նրա պահպանությունը։ Բոլոր դեպքերում կողմնորոշումը պետք է լինի դեպի հանրությունն ու երկրի անվտանգությունը։ Բացառվի թույլ եւ անարժան, ոչ իրավասու անձի՝ ղեկավար պաշտոնին հայտնվելը։
Շարժման ղեկավարությունը ստանձնած Բագրատ սրբազանը պարտավոր է կառավարման միաբեւեռ համակարգից 1988-ի օրինակով անցնել բազմաբեւեռ համակարգի, զրկելով վարչապետական աթոռին կառչած ու դիվանագիտական, տնտեսական ու բարոյահոգեւոր ոլորտներում երկրին պարտության տարած, ոստիկանական բիրտ ուժով համազգային պայքարը խեղդելու հնարավորությունից։ Մտավորականությանը լայն հնարավորություն պետք է տրվի մասնակցելու պայքարին, իր խոսքն ասելու հանրությանը։ Այս տեսանկյունից այսօրվա ազգային ազատագրական շարժումը զգալի զիջում է 1988-ի Արցախյան շարժումին։
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Արձակագիր, գեղանկարիչ,
«Շուշի բերդաքաղաք» ԲՀ տնօրեն
«Առավոտ» օրաթերթ
06.06.2024