Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության «պատմական» պայմանագիրը. Անկե՞ղծ են Էրդողանն ու Ալիեւը

Հունիս 07,2024 12:00

Խաղաղության պայմանագիրը վերջ կտա երկարամյա հակամարտությանը, կարծում է Բայդենը

Միացյալ Նահանգները Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ վերջին օրերին ակտիվ հայտարարություններով է հանդես գալիս:

«Միացյալ Նահանգները շահագրգիռ է Հարավային Կովկասում կայունության ապահովմամբ», – օրերս հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բաքվում մեկնարկած միջազգային էներգետիկ ցուցահանդեսի մասնակիցներին հղած իր ուղերձում։ «Խաղաղ պայմանագրի ստորագրումը վերջ կտա երկարամյա հակամարտությանը եւ համաշխարհային մասշտաբով կփոխի Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի դերակատարությունը», – նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Պաշտոնական Երեւանն ու Բաքուն ավելի քան երկու տարի բանակցվող խաղաղության պայմանագրի տեքստն արդեն հասցրել են 9-րդ խմբագրման փուլի:

Պաշտոնական Երեւանն ապրիլի վերջին հաստատեց, որ ստացել է Բաքվի հերթական առաջարկները։ Բաքվում չեն բացառում, որ արդեն երկու տարի բանակցվող փաստաթուղթը ստորագրվի նոյեմբերին։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը «լավ հնարավորություն» էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Պաշտոնական Երեւանն էլ արձագանքել էր՝ «ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու»։ «Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք եզրագծին, եւ մնում է ստորագրել», – ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը օրերս հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ակիֆ Չագաթայ Քըլըչի հետ։ Ըստ Սպիտակ տան՝ կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը։

Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն էլ ընդունել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ Այս հանդիպմանը քննարկվել էին Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր ուղղությունները, ինչպես նաեւ հետհակամարտային շրջանում տարածաշրջանային խաղաղ գործընթացը։ Բայրամովն ընդգծել է, թե սահմանազատման հանձնաժողովների միջեւ վերջերս ձեռք բերված համաձայնությունը, որը ներառում է Հայաստանի կողմից 4 գյուղերի վերադարձը, եւս մեկ անգամ հաստատել է երկկողմ բանակցային գործընթացի օգտակարությունը տարածաշրջանային խաղաղության եւ վստահության վերականգնման համար:

Բաքվից դրական շեշտադրումներով համեմված հայտարարություններին զուգահեռ Անկարան է սկսել ոգեւորել Հայաստանի իշխանություններին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Անկարան ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցություններում առաջընթացը եւ ակնկալում է խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։

Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում օրերս արձանագրեց, թե Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կա շատ առողջ երկխոսություն։ «Կան նաեւ պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները, ցավոք, դեռ կյանքի չեն կոչվել՝ պայմանավորված 3-րդ գործոններով»,- հավելեց նա։ Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի ակնկալիքն է Թուրքիայից, որ պայմանավորվածությունները կիրականանան։ «Մենք պատրաստ ենք շարունակել այս շատ առողջ երկխոսությունը»,- նշեց Միրզոյանը։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը երկու տասնամյակ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ կապող Անկարային հիմա ի՞նչն է խոչընդոտում, որպեսզի վերջ տան Հայաստանի շրջափակմանը…

Այս հարցին պաշտոնական Երեւանը չի անդրադառնում: Մինչդեռ Հայաստանը պարտավոր է Բաքվի թեւ ու թիկունք Անկարայից պահանջել վերջ տալ Հայաստանի նկատմամբ թշնամական այդ գործողությանը: Իսկ Անկարայից երբեմն-երբեմն հերթապահ «ոգեւորող» հայտարարություններ, ճիշտ է, հնչում են, սակայն այս հարցը, միեւնույն է, մնում է օդում կախված` հիմա ինչի՞ն է սպասում թուրքական իշխանությունը…

Մայիսի կեսերին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է։ Էրդողանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այդ օրը ողջունել էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մեկնարկած սահմանազատման գործընթացը։

Ըստ էության, Անկարան հիմա էլ սպասում է ադրբեջանանպաստ պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրմանը, եւ Հայաստանի հետ ո՛չ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ո՛չ Հայաստանի ապաշրջափակմանը վերջ տալու մտադրություն չունի:

Բաքուն ու Անկարան հետեւողականորեն իրագործում են իրենց միակ նպատակը` այն է` Հայաստանից որքան հնարավոր է զիջումներ կորզել` երկարաձգելով խաղաղության հաստատումը եւ պայմանագրի ստորագրումը:

Հետեւաբար, «պատմական» որակել ընդամենը ստեղծված հնարավորությունը, առանց պայմանագրի ստորագրման, կամ` ստորագրման գործընթացի նշմարվող փուլի, ընդամենը քարոզչական հնարք է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 06.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930