Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուժաշխատողների կողմից հետազոտությունների անցկացումը վկայում է մեղքի բացակայության մասին»

Հունիս 07,2024 13:30

Լույս է տեսել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի 2024 թվականի անդրանիկ համարը (հունվար-մարտ): Ամսագրում տեղ են գտել իրավունքի տարբեր ճյուղերին նվիրված հրապարակումներ, մասնավորապես, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի քննիչ, երկրորդ դասի խորհրդական Նարեկ Հարությունյանի «Բնակչության միգրացիայի էության, տեսակների եւ դրսեւորման ձեւերի մասին», ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ գործունեությանն աջակցման վարչության պետ, փոխգնդապետ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ Արմեն Ասատրյանի «Միգրանտի պատասխանատվության քրեաիրավական հիմքերը եւ իրավակիրառ պրակտիկան», «Մասնավոր իրավական կենտրոն» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան, «Գլաձոր» համալսարանի հայցորդ Ինգա Ավագյանի «Ապացույցների գնահատումը եզրափակիչ դատական ակտ կայացնելիս», Իրավագիտության մագիստրոս, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մարիամ Մանուկյանի «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հայեցողությունն իր լիազորությունները կիրառելիս մաս 1. «Ընդհանուր նկարագիր, հայեցողության շրջանակները եւ դրա առանձնահատկությունները» հրապարակումները … Ամսագրում ավանդույթի համաձայն կարող եք ծանոթանալ Վճռաբեկ դատարանի որոշումներին:

«Առավոտի» իրավական էջը ձեզ է ներկայացնում իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի քրեական իրավունքի եւ քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս ԱԴԵԼԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ «Ախտորոշիչ յատրոգենիաները հանցագործությունների համակարգում» վերլուծությունից մի հատված:

«Հիվանդի առողջությանը վնաս պատճառելու հիմնական գործոններից է սխալ ախտորոշման կայացումը, իսկ հետագայում՝ բուժման սխալ մարտավարության ընտրությունը։

Ախտորոշումը հատուկ հետազոտությունների անցկացում է՝ հիվանդի առողջական վիճակը պարզելու համար, այսինքն՝ ճշտելու հիվանդությունների առկայության կամ բացակայության փաստը: Ախտորոշումը կարող է իրականացվել տարբեր ձեւերով. մի շարք բժշկական միջամտությունների միջոցով, որոնք ուղղված են անամեզի հաստատմանը, հետազոտոթյանը, լաբորատոր, գործիքային եւ այլ հետազոտություններին, ինչպես նաեւ ներառում են ախտորոշում եւ հիվանդի բուժման միջոցառումների ընտրություն: Ախտորոշիչ յատրոգենիաների առանձին ուսումնասիրության արդիականությունն ու կարեւորությունը հաստատվում են նաեւ սոցիոլոգիական հարցումների արդյունքներով: Այսպես՝ 280 հարցվածներից (հարցումն անցկացվել է Երեւանում եւ ՀՀ տարբեր մարզերում) 152-ը (54.3%) առանձնացրել են ախտորոշիչ յատրոգենիան որպես յատրոգենիայի առավել տարածված տեսակ։ Հարցվածների 40.8%-ը նշել է, որ իրենց ոչ պատշաճ կամ անբարեխիղճ բժշկական օգնություն ցուցաբերելը դրսեւորվել է սխալ ախտորոշման մեջ։ Հետաքրքրական է, որ հարցվածների 23.6%-ը նշել է բուժման սխալ տակտիկայի մասին, ինչը եւս մեկ անգամ հիմավորում է մեր պնդումը, որ ախտորոշիչ յատրոգենիան օժտված է երկակի բնույթով, եւ հաճախ որպես հետեւանք հանգեցնում է սխալ բուժման…

Մեր կողմից իրականացվել է յատրոգեն հանցագործությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայի վերլուծություն, մասնավորապես՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 187-րդ հոդված) հիման վրա հարուցված քրեական գործերի վերլուծություն: Դատական գործերի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել նկատել յատրոգենիաների նկատելի կողմնակալությունը դեպի ախտորոշիչ յատրոգենիաներ. սխալներ ինչպես ախտորոշման, այնպես էլ ախտորոշիչ ընթացակարգերի մեջ (սխալ ախտորոշում, ախտորոշիչ ընթացակարգերի թերի իրականացում, ախտորոշիչ ընթացակարգերի չկատարում): Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է վերլուծված հանցավոր յատրոգենիաների սուբյեկտիվ կողմի ուսումնասիրությունը, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում բժշկական աշխատողների հանցավոր անփութության եւ հանցավոր ինքնավստահության դրսեւորման առանձնահատկությունների բացահայտումը։ Յատրոգեն հանցագործությունների սուբյեկտիվ կողմի վերլուծության առնչությամբ անհրաժեշտ է մատնանշել Հայաստանի Հանրապետության նոր Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունը, ըստ որի՝ հանցանքը համարվում է հանցավոր ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսում է իր արարքի վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի համոզված է լինում, որ տվյալ դեպքում դրանք կկանխվեն: ՀՀ ՔՕ 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանցանքը համարվում է հանցավոր անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսում իր արարքի վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը, թեեւ տվյալ իրադրությունում պարտավոր էր եւ կարող էր նախատեսել: Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված նաեւ սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում: ՀՀ ՔՕ 28-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե անձը չի գիտակցում իր արարքի փաստական հանգամանքները, սակայն կարող էր գիտակցել, ապա ենթակա է քրեական պատասխանատվության հանցանքն անզգուշությամբ կատարելու համար, եթե դա սույն օրենսգրքով նախատեսված է: Կարեւոր է նաեւ բուժաշխատողի մեղավոր արարքն առանց մեղքի կատարված արարքից տարանջատելը, մասնավորապես, առանց մեղքի վնաս պատճառելն ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածով, համաձայն որի՝ սույն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության այն դեպքում, երբ չի գիտակցել իր արարքի հակաիրավականությունը եւ տվյալ իրադրությունում չէր կարող գիտակցել դա, ինչպես նաեւ այն դեպքում, երբ չի նախատեսել իր արարքի վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը եւ տվյալ իրադրությունում պարտավոր չէր կամ չէր կարող նախատեսել դա: Այսպիսով, ախտորոշիչ յատրոգենիա արձանագրվել է ամբաստանյալի թիվ ԵԱԿԴ/0016/01/14 գործով որոշման մեջ։ Հերթապահ բժիշկ Լ. Վ.-ն սխալ ախտորոշում է կատարել (սուր շնչառական վարակ), քանի որ հիվանդի անամեզիկ եւ օբյեկտիվ տվյալները վկայում են օրգանիզմի արտահայտված ինտոկսիկացիայի մասին, ինչը բնորոշ է եղել ոչ թե ՍՇՎ-ին, այլ թոքաբորբին: Սա, իր հերթին, հանգեցրել է նշանակման սխալ բուժման։ Այս դեպքում հստակ ցույց է տրված մի օրինակ, թե ինչպես են ախտորոշիչ ընթացակարգերի յատրոգենիաները կրկնակի բացասական ազդեցություն ունենում եւ հանգեցնում այլ յատրոգենիաների (բուժական): Սակայն, ինչպես տեսնում ենք, այս դեպքում բժիշկ Լ.Վ.-ն հենվելով միայն անամեզի տվյալների վրա, անտեսելով իր մասնագիտական պարտականությունները, հիվանդին չի իրականացրել ռենտգեն հետազոտություն՝ իր ախտորոշման մեջ համոզվելու համար։ Այս դեպքում անհրաժեշտ է նշել ախտորոշիչ յատրոգենիայի այնպիսի ասպեկտ, ինչպիսին է անամեզի տվյալների ոչ պատշաճ օգտագործումը: Միեւնույն ժամանակ, հաճախ լինում են դեպքեր, երբ անամեզն ամբողջությամբ անտեսվում է: Պետք է նշել, որ ինքնին անամեզի տվյալների անտեսումն ախտորոշման մեջ բացասական կողմ է: Ախտորոշիչ սխալների պատճառով ախտորոշիչ յատրոգենիան առաջանում է հիվանդի անամեզի տվյալների նկատմամբ բժշկական մասնագետների անուշադրության եւ ախտանիշի սխալ գնահատման պատճառով։ Այսպիսով, հաճախ տեղի է ունենում բժիշկների կողմից անամեզի ախտորոշիչ նշանակության թերագնահատում:

Ըստ Վ. Յոնաշի՝ վատ հավաքված պատմության պատճառով սրտի հիվանդությունների ախտորոշման մեջ ավելի շատ սխալներ են առաջանում, քան այն բանի արդյունքում, որ հիվանդին զննելիս որոշ ախտանիշներ չեն նկատվել: Վերլուծելով Լ. Վ. կողմից կատարված յատրոգեն հանցագործության սուբյեկտիվ կողմի առանձնահատկությունները՝ պետք է փաստել անփութության տեսքով մեղքի անզգույշ ձեւի մասին: Լ. Վ.-ն ունեցել է բոլոր օբյեկտիվ հնարավորությունները, որպեսզի ժամանակին նշանակի եւ իրականացնի անհրաժեշտ համալիր հետազոտություններ՝ ճիշտ ախտորոշում հաստատելու հնարավորության համար, ինչը, սակայն, չի արվել ամբաստանյալի կողմից: Ախտորոշման կարեւոր կետերից եւ փուլերից մեկն անամեզի՝ հիվանդի հիշողությունների հավաքումն է, այսինքն՝ հիվանդից սուբյեկտիվ տվյալների ստանալը: Անամեզը պետք է բացահայտի հիվանդության սուբյեկտիվ պատկերը, այսինքն՝ հիվանդի զգացողությունները եւ այն խանգարումները, որոնք նա ինքն է նկատում իր մեջ:

Հ. Գ.-ի գործով որոշման մեջ հայտնաբերվել են ախտորոշիչ պրոցեդուրաների յատրոգենիաներ՝ ախտորոշման ընթացակարգի (սրտի ԷՍԳ) չիրականացում՝ որպես տարբերակիչ ախտորոշում, ինչպես նաեւ սխալ ախտորոշում։ Այսպես, բժիշկը չի կատարել տվյալ դեպքում անհրաժեշտ էլեկտրասրտագրություն, ինչպես նաեւ սրտանոթային անբավարարության դրսեւորումներն ախտորոշելու նպատակով չի իրականացրել թոքերի աուսկուլտացիա (գործիքային լսում), որի արդյունքում Զ. Ղ-ի մոտ չի ախտորոշվել սուր կորոնար համախտանիշ (սրտամկանի սուր իշեմիա, սրտամկանի սուր ինֆարկտ եւ այլն), այլ միայն ստուգել է վերջինիս զարկերակային ճնշումը եւ նրանից տեղեկանալով, որ գանգատներ չունի, տվել է սխալ ախտորոշում՝ «հիպերտոնիա», արդյունքում՝ Զ.Ղ-ն անմիջապես ստացիոնար չի տեղափոխվել եւ ստացիոնար պայմաններում չեն իրականացվել անհրաժեշտ կլինիկական-լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ: Դիֆերենցիալ ախտորոշումն էական նշանակություն ունի, այսինքն՝ որոշակի հիվանդության եւ այլ հիվանդությունների միջեւ տարբերության հաստատումը, որոնք նման են կլինիկական դրսեւորումներին, քանի որ ախտորոշելով եւ չհամոզվելով դրա ճշտության մեջ, բուժաշխատողը կարող է սխալմամբ վստահ լինել հիվանդի կյանքի համար վտանգի բացակայության մեջ։ Ա. Օ.-ի գործով թիվ ԵԱԴԴ/0015/01/17 որոշման մեջ կարելի է նաեւ տեսնել բժշկի կողմից անամեզի տվյալների անբավարար վերլուծությունը եւ, որպես հետեւանք, սխալ ախտորոշման հաստատմանը։ Այսպես՝ Ա. Օ.-ն 2013 թվականի հոկտեմբերի 20- ին վաղաժամկետ դուրս է գրել Գ. Հ.-ին՝ իր իսկ կողմից սխալ ախտորոշված «սուր ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ, ինչի հետեւանքով վերջինս, զրկվելով ժամանակին եւ պատշաճ ստացիոնար բուժում ստանալու հնարավորությունից, 2013 թվականի հոկտեմբերի 21-ին առողջական վիճակի կտրուկ վատթարացմամբ կրկին հոսպիտալացվել է եւ մահացել: Հաջորդ դեպքը (Ռ. Ա-ի գործով թիվ ԼԴ/0044/01/08 որոշումը) նույնպես զգալի հետաքրքրություն է ներկայացնում բժշկի կողմից թույլ տրված ախտորոշիչ յատրոգենիայի սուբյեկտիվ կողմի քրեաիրավական վերլուծության համատեքստում։ Գործով որոշման մեջ նշվում է, որ բժիշկը տվյալ դեպքում հանցավոր անփութություն է դրսեւորել, ինչն արտահայտվել է գլխի վնասվածք չհայտնաբերելով (այլ կերպ ասած՝ կարող էր եւ պետք է հայտնաբերեր/կանխատեսեր հանրորեն վտանգավոր հետեւանքներ, բայց չէր կանխատեսել): Սակայն, մեր կարծիքով, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Դատապարտյալը տեղյակ է եղել տուժողի ընկնելու մասին, տեսել է նրա վերքը, որը նա համապատասխանաբար վիրակապել է, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ տվյալ դեպքում Ռ. Ա.-ն կանխատեսել է հնարավոր բացասական հետեւանքները, որոնք կարող են առաջանալ…

Նմանօրինակ իրավիճակներում բուժաշխատողների կողմից բոլոր համապատասխան հետազոտությունների անցկացումը վկայում է մեղքի բացակայության մասին, նույնիսկ եթե, ի վերջո, ճիշտ ախտորոշում չի հաստատվել, կամ հիվանդին չի հաջողվել փրկել հիվանդության արագ ընթացքի պատճառով: Սակայն, ինչպես ցույց է տալիս դատական պրակտիկայի վերլուծությունը, խնդիրն այն է, որ նրանք չեն կատարում անհրաժեշտ միջոցառումների ամբողջ համալիրը»։

«Առավոտ» օրաթերթ
06.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930