Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխության գեներացման երկարող, տեւական-սերիալային ժամավաճառությունն ուղիղ համեմատական է շարժման նպատակների իրականացման հավանականության աստիճանական փոքրացմանը. «Ազգ»

Հունիս 07,2024 10:27

Ոչինչ չի փոխվել մեր շուրջն աշխարհաքաղաքական առումով, առաջվա նման Հայաստանը որպես ազդեցությունների ամրապնդման դաշտ են տեսնում տարածաշրջանի գլխավոր խաղացողները եւ քաշքշում են Հայաստանը` մեր հանդեպ գործածելով մահակի եւ քաղցրաբլիթի քաղաքականությունը, Ադրբեջանն առաջվա նման տողատակերով եւ ափաշկարա աչք է տնկել մեր ունեցվածքին, «Տավուշն հանուն սահմանազատման» շարժման ոգեշունչ կոչերով երեւանյան հանրահավաքներին զուգահեռ` ավարտին է հասցվում Տավուշում սահմանազատումը: Անհասկանալի է, թե ո՞ր քարտեզներով պետք է արվի սահմանազատման հաջորդ փուլը, քանի որ ոչ ոք չի պնդում, թե ողջ սահմանազատումն է իրականացվելու 1976 թվականի քարտեզներով: Հանրահավաքներն ավելի ու ավելի են կտրվում իրականությունից: Ընդհանրապես` Հայաստանում երկու իրականություն է, երկուսն էլ հեռու բուն իրողություններից` իշխանության մեջ կարծում են, որ իրենց դիրքերն առավել քան անսասան են եւ շարժումը մարել է, իսկ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման երեւացող եւ չերեւացող շերտերում համոզված են, որ իշխանությունը գնալու է, անգամ մոտավոր ճանապարհային քարտեզ ունեն` անցումային կառավարություն, արտահերթ ընտրություններ եւ այլն: Իսկ հանրության լայն շերտերը բացարձակ այլ ժամային գոտում են` իրենց հոգսին տրված:

Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանին երբ հարցրի, թե ներքաղաքական ճգնաժամի տարրեր չի՞ տեսնում երկրում կատարվողի մեջ, ու եթե տեսնում է` ապա որպես քաղաքական ուժի ղեկավար ինչպե՞ս է պատկերացնում լուծումը: Փաշինյանը լուծման մասին խոսելու փոխարեն (մենք հուշում էինք դրել հարցի մեջ` դրսի ընդդիմադիրների հետ հանդիպել-քննարկել)` ինձ խորհուրդ տվեց նայել քաղաքագիտության դասագրքերը, քանի որ քաղաքագիտական կանոններով Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա: Ես, իհարկե, վաղուց եմ ուսումնասիրել քաղաքագիտական գրականությունը, ի տարբերություն իբր քաղաքական վերլուծություններ անող շատերի, բայց որպես արձագանք նշեմ, որ Հայաստանի քաղաքական կյանքը ոչ մի քաղաքական կանոնի չի ենթարկվում, բացի քառանդամ բաժնետիրական ընկերության ներքին կանոնակարգից, որ գործում է մի քանի տասնամյակ եւ հիմա էլ` հասարակության գլխին կոտրելով քաղաքական քարտեզներ, բաժնետերերի կողմից գծված խորհրդարաններ եւ իշխանություններ: Չնայած ընտրությունների եւ այլ ֆորմալ ինստիտուտների: Միեւնույն ժամանակ այսպիսի փոքր հանրույթում դժգոհների մեծ բանակը չնկատելը, նրանց հանդեպ ուժային մեթոդներով աշխատելը չեմ կարծում, որ քաղաքագիտության հետ կապ ունի եւ ողջամիտ է որեւէ կառավարության համար:

Ուրիշ բան, որ առաջին հայացքից լայն հանրությանն անհասկանալի են նաեւ ներկա կառավարումից դժգոհներին գեներացնող «Տավուշն ընդդեմ սահմանազատման» շարժման բուն նպատակներն ու դրանք հետագայում իրագործողների անունները թաքցնելը: Մարդկանց գործից կտրել, նրանց ուշադրությունը բեւեռել փողոցային երթերի եւ անվերջ, թող որ նաեւ արժեբանական հարցեր շոշափող, խոսքուզրույցի վրա, լուրջ չէ, էլ չասած, որ մարդկանց զբաղեցնելը բերում է երկրին ներկայացվող բազմաթիվ վտանգներն ու խնդիրներն այս պահին չնկատելուն: Եւ ժանրի կանոններով էլ իշխանափոխության գեներացման երկարող, տեւական-սերիալային ժամավաճառությունն ուղիղ համեմատական է շարժման նպատակների իրականացման հավանականության աստիճանական փոքրացմանը: Եթե, իհարկե, բուն նպատակը մինչեւ հերթական ընտրություններ իրոք նոր ընդդիմադիր խմբերի ստեղծմանը խոչընդոտելը չէ` առկա բաժնետիրական քաղաքական ստատուս-քվոն պահպանելու, դրա այս կամ այն թեւն ուժեղացնելու ջանքով:

Անուններ չասելու, տեւական պայքարի հրավիրելու, «Հայրենիք եւ պատիվ» կապակցությունը բավական հաճախ կրկնելու (ակամա զուգորդումները նկատեցի՞ք), շարժման տեւական լինելու մասին թերասացությունները հասարակության մեջ բազմաթիվ ենթադրությունների տեղիք են տալիս, շարժման հետեւում կանգնածների անձերի, շրջանակների, անգամ երկրների վերաբերյալ, ոմանց վանելով հրապարակից, եւ այդ անորոշությունը, վախը` իշխանությունը սկուտեղով հետագայում հասարակությունից մերժված անձանց մատուցելուց, անգամ Սրբազանի խարիզմատիկ անձը չի կարող ի չիք դարձնել:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930