Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել է, որ այս լցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության. մանրամասներ

Հունիս 07,2024 07:58

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդում է. «Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ»:

ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը «Մեդիահաբի» թղթակցին հայտնել է, որ ելնելով մեթոդիկայից` հրդեհաշիջման աշխատանքները դեռ երկար կտևեն:

«Հետքը» պարզել է, թե որ գազալցակայանում է եղել պայթյունը, ով է ընկերության սեփականատերը, ինչպես նաև ընկերության՝ նախկինում թույլ տված խախտումները։

Ըստ լրատվամիջոցի՝ պայթել է Երևան-Սևան մայրուղու (Մ-4) Արզնու տրանսպորտային հանգույցից 650 մ հեռավորության վրա գտնվող գազա-բենզալցակայանը, որտեղ վաճառվում է բենզին և հեղուկ գազ (լցակայանի անմիջական հարևանությամբ է գտնվում «Հանդիպում» հացատունը):

Դրա շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն է, որի միակ սեփականատերը 41-ամյա երևանցի Ռաֆայել Այվազյանն է։ ՍՊԸ-ն գրանցված է Այվազյանի տանը, սակայն լցակայանն Արզնիի տարածքում է:

Փետրվարի 19-ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էր հայտարարել, որ հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազա-բենզալցակակայանում:

Արձանագրվել է, որ այս լցակայանը շահագործվում է՝ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության:

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի՝ արտադրական վտանգավոր օբյեկտները, ինչպիսիք են գազալցակայաններն ու բենզալցակայանները, ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության: Նման փորձաքննություն իրականացվում է 3 փուլում՝ նախագծային փաստաթղթերի նկատմամբ (մինչև դրանց հաստատումը), գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ (մինչև գործարկումը կամ վերագործարկումը) եւ շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ (ռեեստրում դրանց գրանցվելուց հետո):

Այսինքն՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ն շահագործել է գազա-բենզալցակայան՝ չունենալով դրա իրավունքը:

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը, հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը, որոշել է դադարեցնել այս լցակայանի գործունեությունը: Լցակայանը, համաձայն տեսչական մարմնի հաղորդագրության և տարածած լուսանկարների, կապարակնքվել էր:

 

Ռաֆայել Այվազյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Հետքը» պարզել է, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռաֆայել Այվազյանը ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև քաղաքական գործունեություն է ծավալում: Նա ԲՀԿ-ական է: 2008-2009 թթ. եղել է Երեւանի ավագանու անդամ, 2011-2012 թթ. եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական, 2012-2013 թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունում, 2014-ին էլ դարձել է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախագահ:

Ըստ իր ֆեյսբուքյան էջի՝ նա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930