Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ/քարոզիչներ vs մտածող մարդիկ՝ 90:10

Հունիս 07,2024 10:00

Մի քանի օր առաջ դիտեցի ուկրաինացի հրապարակախոս Վիտալի Պորտնիկովի եւ Ռուսաստանից փաստացի վտարված գրող Յուլիա Լատինինայի զրույցը, որը շատերը «բանավեճ» էին անվանում: Ըստ որոշ գնահատականների’ օգտատերերի համակրանքը 90/10 էր՝ հօգուտ Պորտնիկովի: Հավատում եմ, որ այդ թիվն օբյեկտիվ է: Եվ կարծում եմ, չեք զարմանա, եթե ասեմ, որ ես մտնում եմ 10 տոկոսի մեջ:

Պնդել, որ կայսրությունը բոլոր կողմերից եւ բոլոր պարագաներում բացասական երեւույթ է, եւ որ բոլոր տեսակի չարագործությունները եւ նողկալի երեւույթները գալիս են բացառապես Ռուսաստանից (Խորհրդային Միությունից), «թրենդային» կարծիք է, որը տարածված է նաեւ հայաստանյան որոշ շրջանակներում: Մեզանում կա հատուկ «բրիգադ», մի քանի տասնյակ մարդուց բաղկացած քարոզչական թեզ, որն օրական մի քանի հարթակում հնչեցնում է այդ պատումը:

Բայց այս պարագայում ինձ հետաքրքրում է ոչ թե վեճի առարկան, այլ դրա ոճը:

Խնդիրը հին է, կարելի է ասել՝ հազարամյակների պատմություն ունի, բայց հատկապես սրվել է սոցցանցային դարում: Մի կողմից՝ ակտիվիստները, քարոզիչները, «թրոլերը», «ֆեյքերը» եւ այլն եւ, մյուս կողմից՝ մտածող մարդիկ, որոնք իրենց թույլ են տալիս կասկածել եւ հարցեր տալ: Առաջիններին ցանկացած հասարակությունում հավանում է մոտ 90 տոկոսը, երկրորդներին՝ 10-ը:

Հեշտ է ապրել, երբ չկան երանգներ, չկան մանրամասներ եւ ամեն ինչ ծայրից ծայր պարզ է: Ակտիվիստ/քարոզիչները նման մոտեցման կրողներն են: Նրանք Հայաստանում կարող են լինել նիկոլական (ամենահոծ եւ, մեծամասամբ, ամենագռեհիկ զանգվածն է), բայց կարող են լինել քոչարյանական, դաշնակցական եւ նույնիսկ՝ «բագրատ-սրբազանական»:

Սակայն մարդկության պատմության մեջ կարեւոր եւ հեռանկարային է այդ կաղապարներից դուրս ապրող 10 տոկոսի կարծիքը: Եթե այդ 10 տոկոսը չլիներ, որեւէ ոլորտում առաջընթաց չէր լինի, որեւէ գյուտ չէր արվի:

Ինչպես գրում էր Մարկ Թվենը, եթե դուք նկատել եք, որ մեծամասնության կողմից եք, ապա դա ճշգրիտ նշան է, որ փոխվելու ժամանակն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930