Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիներն ու ԱՄՆ-ից եկած նավահոները՝ մեկ բեմում․ անզուգական համերգ՝ Գյումրիում

Հունիս 05,2024 23:33

Այսօր գյումրեցիները քաղաքի պատմական հատվածում՝ Գորկու զբոսայգում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում ունկնդրեցին ԱՄՆ-ից ժամանած հնդկացիական «Սիհասին» (հայերեն թարգմանաբար նշանակում է «Հույս») ռոք խմբի համերգը։

Երաժշտական այս խմբի համերգային ծրագիրը սկսվեց «Արցախի ձայներ» երաժշտական խմբի ելույթով։

Նրանք մի քանի երգեր հնչեցրեցին Արցախի բարբառով, որն էլ ոգևորեց հանդիսատեսին։ Ի դեպ, նրանց մեծ մասը երիտասարդներ էին, համերգի ամբողջ ընթացքում հեռախոսներով նկարահանում էին, ձայնակցում երգիչներին։

Բանն այն է, որ թե՛ «Սիհասին» ռոք խմբի և թե «Արցախի ձայներ» երաժշտական խմբի անդամներն ունեն ընդհանուր նպատակ՝ մշակութային ժառանգության պահպանումը։

«Սիհասին» խումբը հիմնադրել են քույր և եղբայր Ջենեդա և Քլեյսոն Բենալիները, որոնք Արիզոնայում գտնվող Նավահո պետությունից են։ Նրանք մրցանակակիր երաժիշտներ են, իրենց երաժշտության մեջ մարմանվորում են  նավահոների ազգագրական երաժշտությունը և փանք ռոքի տարրերը։ Երաժիշտները մեծ ջանքեր են գործադրում Նավահո պետության մշակութային ժառանգության պահպանման ու տարածման համար։

Համերգի կազմակերպիչը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն է, ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունն արտերկրում» ծրագրի շրջանակներում։

ԱՄՆ դեսպանության հանրային  դիվանագիտության գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Մքէնդրյուն մեզ հետ զրույցում ասաց․ «Սիհասին» իրենց լեզվով՝ Նավահոյի լեզվով նշանակում է հույս, և նրանք շատ մեծ դեր ունեն մշակույթի պահպանության և ժառանգության փոխանցման հարցում։

Մշակույթի պահպանությունը շատ մեծ դեր է խաղում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև մշակութային կապերն ամրապնդելու համար և այդ է պատճառը, որ մենք այստեղ ենք հրավիրել «Արցախի ձայներ» խմբին, որպեսզի մասնակցեն այս գեղեցիկ իրադարձությանը։

Մենք գիտենք, որ ինչպես նավահո ցեղը, այնպես էլ Արցախն ունի մշակութային ժառանգության պահպանության խնդիր, և սա կլինի ուղերձ ամբողջ աշխարհի համար՝ պահպանել իրենց մշակութային ժառանգությունը։

Քանի որ Նավահո ցեղը մեծ ներդրում է ունեցել Ամերիկայի պատմության կերտման հարցում, այսօր մենք հրավիրել ենք, որպեսզի մեկ անգամ ևս ապացուցենք, որ այդ ներդրումը շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար»։

«Արցախի ձայներ» երաժշտական խմբի պրոդյուսեր, երգիչ, երգահան Արտեմ Վալտերն էլ նշեց, որ համերգը բացելու պատիվը իրենց է տրված, և սա ևս մեկ հնարավորություն է, որպեսզի աշխարհը տեսնի և լսի այն կարևոր խնդիր մասին, որի առջև կանգնել են։

«Ճիշտ է՝ բազմաթիվ խնդիրներ էլ կան, բայց այսօր արցախահայերն էլ ունեն մշակույթի պահպանության, լեզվի պահպանության խնդիր։ Հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ից եկած «Սիհասին» խմբի անդամներն էլ ունեն նույն խնդիրը, ու այն այսօր Գյումրիում մեզ բերել է նույն բեմի վրա։ Այստեղ ես սիմվոլիզմ եմ տեսնում ու կարծում եմ՝ այն կարևորագույն մեսիջ է աշխարհին։ Հայության համար էլ է սա կարևոր, Հայաստանի մի փոքր մասի մշակույթի պահպանության խնդիրն է»,-ասաց Արտեմ Վալտերը։

«Սիհասին» խմբի անդամներ, քույր և եղբայր Ջենեդա և Քլեյսոն Բենալիները ևս կարևորեցին «Արցախի ձայներ» երաժշտական խմբի հետ նույն բեմում ելույթ ունենալն ու  մշակութային ժառանգությունը կիսելը։

«Լինել Հայաստանում, ճաշակել ուտելիքը, հիանալ գեղեցկությամբ, սա մեծ պատիվ է մեծ համար։ Մենք նախ Երևանում այցելեցինք Եղեռնի հուշահամալիր»,- ասացին նրանք։

Նրանց հնչեցրած երգերը նվիրված էին երիտասարդությանը, սերունդներին, կար նաև երգ վայրագությունների դեմ։

Նշենք, որ «Սիհասին» ռոք խմբի հաջորդ համերգը հունիսի 7-ին է՝ «Երևանի գինու օրեր» փառատոնին։ Այս խմբի անդամները հայաստանյան շրջագայության ժամանակ հայ երիտասարդ երաժիշտների ու երգահանների համար վարպետության դասեր կանցկացնեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930