Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք եք այս հողը պահում հայկական, հակառակ պարագայում իշխանությունը րոպե առաջ այն հանձնած կլիներ»․ Սուրեն Պետրոսյան

Հունիս 05,2024 22:02

«Դուք այլևս սահմանապահ ժողովուրդ եք, որը չափազանց բարձր պատասխանատվությամբ և պատվով կրում է ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլև մի ամբողջ պետության ու պետականության պահպանման բեռը, որը, ցավոք, իշխանությունը թողել է այլևս ժողովրդի ուսերին»,- Սոթքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

Նա հիշեցրեց՝ իշխանությունը ժամանակին ազատության, զարգացման ու բարգավաճման կարգախոսներով էր խոսում, երբ եկավ իշխանության, խոստանում էր անվտանգություն և ազատություն, սակայն մենք տեսանք, որ ազատության փոխարեն ստացանք միայն մենակություն․ «Մենք ի դեմս իշխանության միայնակ ենք թշնամու առաջ, սակայն դա չի նշանակում, որ անպաշտպան ու անզոր ենք։ Մենք իրականում շատ ավելի զորեղ ենք, քան երբևէ, քանի որ մենք ունենք մեկս մյուսին։ Շարունակաբար փորձում են մեզ ցույց տալ, որ անզոր ենք, մեզնից կախված չէ որևէ բան, և մենք դերակատար լինել չենք կարող։ Հիշեք՝ հողը պատկանում է նրան, ով ապրում է այնտեղ։ Դուք այն հերոսական ժողովուրդն եք, որ այս հողը պահում է հայկական, հակառակ պարագայում իշխանությունը րոպե առաջ այս հողը հանձնած էր լինելու»։

Սուրեն Պետրոսյանն ասաց՝ շարժումը ոչ միայն մեկս մյուսին ունենալու մասին է, այլև ամենակարևորը՝ այլևս մեր խոսքից, մտքից պետք է դուրս գա կենտրոն ու սահմանամերձ հասկացությունը․ «Մենք՝ բոլորս սահմանամերձ ենք և բոլորս կենտրոն ենք։ Դուք այսօր Երևանի կենտրոնն եք, Երևանի կենտրոնն այսօր Գեղարքունիքի մարզն է, և այդ կարևոր բեռն այսօր կրում եք դուք՝ բոլորդ։ Այս շարժումն անպայման հաջողելու է, և հավատացած եղեք՝ ամենակարևոր ու առանցքային դերն ունեք հենց դուք։ Մեզ մնում է մի քայլ, և դրանում դուք ունեք ամենավճռորոշ դերը։ Հետևաբար ակնկալում ենք ձեր բոլորի մասնակցությունը հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում։ Մի քանի քայլ ենք հեռու կարևոր հաղթանակից և կարևոր փոփոխությունից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930