«Ուզում ենք մեր զորակցությունը հայտնել երեկ, այսօր այլևս բռնապետական ռեժիմ կոչվածի խաբեություններով լեցուն և կարած գործերով պայմանավորված արդեն իսկ քաղկալանավոր դարձած մեր տղաներին՝ Դավիթ Համբարձումյանին, Ժորա Ավետիսյանին, Գնել Պետրոսյանին և Մեսրոպ Եսայանին, ում տնային կալանք են տվել, և Մեսրոպը նաև երեկ երրորդ զավակն է ունեցել»,- Սոթքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա նշեց՝ երիտասարդ տղաներ են՝ ոմանք պատերազմով անցած, և նրանց մեղադրում են խուլիգանության մեջ, զանգվածային անկարգություններ անելու մեջ՝ մոռանալով, որ այդ բոլորի պատճառը հենց իրենք են․ «Մինչև այսօր որևէ ոստիկանի նկատմամբ որևէ վարույթ կամ մեղադրանք չի եղել, երբ նրանք ծեծել են պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, երբ քարշ են տվել, ծեծել գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին, երբ ոտքերով քայլել են երիտասարդի երեսի վրայով՝ Արմանի Սարգսյանի։ Մեկ ոստիկան չկա, որի նկատմամբ որևէ ձևով վարույթ կամ մեղադրանք գոյություն ունենա։ Սա նշանակում է, որ մեր կյանքն ամբողջությամբ վտանգված է․ ոչ միայն արտաքին վտանգների ներքո է գտնվում, այլև ներքին վտանգների»։
Անդրադառնալով պետական գերատեսչությունների աշխատանքին՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Դրանք չեն գործում, ընդհանրապես ոչ ասելիք, ոչ անելիք ունեն։ Այսինքն՝ մեր քաղաքագետներից մեկն ասում էր՝ այն ավտորիտարիզմ կոչվածն է, որ ժողովուրդն իր համար ապրում է ինքնավար կարգով, իշխանությունն էլ իր համար է ապրում․ կապ չունի երկրի հետ։ Անելիքներն էլ ինչ է չգիտենք․ մի ասֆալտ անել, այն էլ այնպիսին, որը ոչ մի բանի չի դիմանում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջի