Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

Հունիս 05,2024 20:03

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ֆուտբոլի զարգացման գործում երկու ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությունը, որը վկայում է երկու երկրների բարեկամական և կայուն հարաբերությունների ու համագործակցության մասին: ԿԳՄՍ նախարարը նաև շնորհավորել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլերին ազգային թիմի մասնակցության կապակցությամբ:

«Ֆուտբոլն, իսկապես, շատ մասսայական և սիրված մարզաձև է մեր երկրում: Համաշխարհային ֆուտբոլի խոշորագույն իրադարձություններից մեկի հյուրընկալումը հիանալի հնարավորություն կլինի՝ մասը կազմելու ֆուտբոլային անմոռանալի մթնոլորտի: ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար՝ մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման առումով»,- ասել է ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ արդեն իսկ քննարկվում է Լոռու և Տավուշի մարզերի երկու քաղաքներում նոր մարզադաշտերի կառուցման հարցը՝ առաջնության հանդիպումները պատշաճ մակարդակով ընդունելու նպատակով:

Հայաստանի կողմից նախատեսվում է օգտագործել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև միջազգային մրցաշարերի ընդունման Հայաստանի կուտակած փորձն ու տեղեկացրել, որ մինչև 2029 թվականը մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված ՀՀ-ում: 2027 թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը կանցկացվեն Հայաստանում, որը, ըստ նախարարի,  կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը՝ ամրապնդելով  խոշոր մրցաշարեր հյուրընկալելու մեր երկրի հմտությունները:

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ռազմավարությամբ սահմանված կարևոր թիրախները, ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, ինչպես նաև նոր մարզադպրոցների կառուցման գործընթացը:

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ Լևան Կոբիաշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, և ընդգծել՝ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիան իր լիակատար աջակցությունն է հայտնել երկու ֆեդերացիաների համատեղ հայտի ներկայացմանը:

«Վրաստանը մինչև այսօր անցկացրել է Եվրոպայի մինչև 19 և 21 տարեկանների առաջնությունը։ Հայաստանը 2019 թվականին մեծ հաջողությամբ ընդունել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը, իսկ այս տարի հյուրընկալել է Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը։ Սա մեծ մրցաշարը բարեհաջող հյուրընկալելու լուրջ գրավական է»,- ասել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության անցկացման համատեղ հայտը Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ՖԻՖԱ-ին պաշտոնապես կներկայացնեն 2024 թվականի դեկտեմբերին, իսկ առաջնության անցկացման վայրը հայտնի կդառնա 2025 թվականին:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930