Լրահոս
Օրվա լրահոսը

«Շվիդկոյն ասաց՝ Խաչատրյանը ոչ մի օր չի ապրել Հայաստանում, ասացի՝ մենք չենք ուզում դառնալ ձեր ֆիլիալը». Արմեն Սմբատյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հունիս 05,2024 19:25

Հունիսի 6-ը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Ամեն տարի այդ օրը մեկնարկում է Խաչատրյանական միջազգային մրցույթը: Մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, ՌԴ-ում, Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը‚ որ խաչատրյանական մրցույթի հիմնադրման ակունքներում է, Aravot.am-ի հետ զրույցում բացառիկ եւ երբեւէ չհրապարակված մանրամասներ է ներկայացրել մրցույթի հիմնադրման մասին:

«2003թ, երբ նշում էինք Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակը, որոշեցինք, որ լավ կլինի կազմակերպել միջազգային մրցանակաբաշխություն, աշխարհի մակարդակով խոսել Արամ Խաչատրյանի երաժշտության մասին: Հայաստանում ապրելով՝ հաճախ մեզ թվում է, թե աշխարհում մեզ շատ լավ ճանաչում են, գիտեն, որ առաջին ենք Քրիստոնեություն ընդունել, թատրոն ենք ունեցել, մեզ թվում է՝ ամեն ինչում առաջինն ենք, մինչդեռ պետք է ավելի համեստ լինել ու մտածել, թե ոնց ենք ապրելու եւ ավելի ճանաչելի դառնալու աշխարհում: Իսկ հայերին աշխարհում կարող են լավագույնս ճանաչել մշակույթով ու արվեստով:

Նշեմ, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունն առանձնապես պոպուլյար չէր աշխարհում, ընդամենը մի քանի գործեր կային՝ «Սուսերով պարը», «Սպարտակ» բալետը, որ կատարվում էին, իսկ գործիքային ասպարեզում շատ լավ չգիտեին, օրինակ Ջութակի կոնցերտը, Դաշնամուրի կոնցերտը եւ այլ ստեղծագործություններ, որոնք բավականին արժեքավոր գործեր են: Խորհրդային միության ժամանակ Արամ Խաչատրյանը, Շոստակովիչը, Պրոկոֆիեւը բացարձակ միասին էին, նրանք եւ ընկերներ էին, եւ Խորհրդային Միության ժամանակակից արվեստի կրողը: Ընդ որում երեքն էլ ապրել են Մոսկվայում»,-նշեց Արմեն Սմբատյանը:

Ապա անդրադարձավ մրցույթի ստեղծման պատմությանը. «Երբ այստեղ իմ գործընկերների, ընկերների հետ միասին որոշեցինք, որ պետք է Երեւանում հիմնադրել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ, այդ ժամանակ Մոսկվայում էի: Պատահաբար տեղեկացա, որ ՌԴ մշակույթի նախարարությունը նույնպես կազմակերպում է Արամ Խաչատրյանի անվան մրցույթ: Այն ժամանակ ՌԴ մշակույթի նախարարը իմ լավ բարեկամ Միխայիլ Շվիդկոյն էր: Ես ասացի, որ մենք պլանավորել ենք նման մրցույթ: Շվիդկոյն ասաց՝ մենք էլ, նաեւ ֆինանսավորման հարց է լուծվել:

Ասացի, եթե դուք Խաչատրյանական մրցույթ իրականացնեք, մենք կխեղճանանք, որովհետեւ իրենց ֆինանսավորումը 50 անգամ մեծ էր: Ասաց՝ բայց Արամ Խաչատրյանը Հայաստանում ոչ մի օր չի ապրել, ծնվել է Վրաստանում ամբողջ կյանքը Ռուսաստանում է անցկացրել ու այնտեղ է դարձել Արամ Խաչատրյան: Ասացի՝ դուք ունեք Չայկովսկու մրցույթ, ունեք Շոստակովիչ, Պրոկոֆեւ, Գլինկա, Սկրյաբին, Մուսորգսկի, յուրաքանչյուրի անունով կարող եք մրցույթ հիմնադրել, իսկ մենք ունենք Խաչատրյան:

Միխայիլ Շվիդկոյն ասաց՝ բայց դուք ունեք Կոմիտաս: Ասացի՝ այո, ճիշտ է, մենք Կոմիտաս ունենք, բայց Կոմիտասը չունի այնպիսի գործեր, որ աշխարհում կատարեն, իսկ մեր նպատակն այն է, որ կատարվի գործը, ոչ թե միայն անունը հնչի, ասեն՝ մեծ արվեստագետ էր, հայ էր: Գործով պետք է ներկայանալ, իսկ գործով կարող ենք ներկայանալ, օրինակ, Խաչատրյանի ջութակի կոնցերտով, դաշնամուրի կոնցերտով կամ «Սպարտակ» բալետով, ինչու չէ՝ «Սուսերով պարով» …Ասացի՝ կխնդրեմ, որ դուք հրաժարվեք Խաչատրյանի անվան մրցույթ անցկացնելուց:

Իրենք շատ էին արժեւորում Խաչատրյանին, ասում էին՝ մենք մրցույթ ենք իրականացնում, դուք էլ արեք, մենք ձեզ կօգնենք, ասում էի՝ այդպես մենք կդառնանք ձեր մասնաճյուղը, իսկ մենք չենք ուզում ֆիլիալ դառնալ: Ի վերջո, Միխայիլ Շվիդկոյն ասաց, որ դա կոլեգիալ որոշում է, ասաց՝ այստեղ Ձեզ շատ հարգում են, եկեք մասնակցեք կոլեգիայի նիստին ու հայտնեք այս մասին: Ես գնացի կոլեգիայի նիստին, 35 հոգուց էր բաղկացած կոլեգիան՝ տարբեր ղեկավարներ, արվեստագետներ էին ներկա: Ես ելույթ ունեցա, բացատրեցի ամեն բան: Ասացի՝ կարող եք ինձ մերժել եւ դուք ճիշտ կլինեք, որովհետեւ Արամ Խաչատրյանը Սովետական Միության հերոսներից է երաժշտության բնագավառում, բայց ես ձեզ խնդրում եմ, Հայաստանն ունի Արամ Խաչատրյան, եւ մենք դրանով կարող ենք մեզ ներկայացնել աշխարհում որպես հայ: Եվ հետո ո՞վ գիտի, որ նա միայն Մոսկվայում է ապրել…

Ասացի՝ Խաչատրյանի երաժշտության մեջ դուք տեսնում ե՞ք արեւելք, բոլորն ասացին՝ այո…Ասացի՝ չի կարող պատահի, որ մարդ Հայաստանում ապրած չլինի ու նման երաժշտություն գրի, խաչատրյանական երաժշտության մեջ այնքան հայկական ոգի կա, անգամ «Սպարտակ» բալետում եմ տեսնում հայկական ինտոնացիաներ, մանավանդ ես գիտեմ, որ Խաչատրյանը օգտվել է շարականներից, մեծ ուշադրություն է դարձրել հոգեւոր երաժշտությանը, շատ երկար խոսեցի… Ասացի՝ ձեզ շատ հարգելով խնդրում եմ, դուք հետո կհպարտանաք, եթե տեսնեք, թե ինչպես ենք Հայաստանում կազմակերպում Արամ Խաչատրյանի անվան մրցույթը, դուք միայն հրաժարվեք»:

Արմեն Սմբատյանն ասում է միայն մի հոգի էր դեմ, սիմֆոնիկ նվագախմբերից մեկի տնօրենը. «Ես ասացի, որ որպես դեսպան եւ երաժիշտ ասում եմ, որ սա շատ կարեւոր է մեզ համար: Իրենք ընդունեցին: Իհարկե, դրանում շատ մեծ դեր կատարեց նաեւ Շվիդկոյը: Նա ասաց՝ Արմենը ճիշտ է ասում, ես ասելիք չունեմ, բայց թող կոլեգիան որոշի, իսկ դա արդեն նշանակում էր, որ համաձայն է: Այդպես ընդունեցին որոշումը, որին հետեւեցին ծափահարություններ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Սմբատյանի հետ հարցազրույցի այլ մանրամասներ՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930