«Աղետի գոտում շարունակվում են վթարավերականգնման աշխատանքները: Երեկ հնարավոր է եղել Քարկոփ բնակավայրի հետ մեր գործընկերների աջակցությամբ հետիոտնային կամրջի կառուցումը: Կարողանում ենք ոտքով անցնել M6 միջպետական ճանապարհից դեպի Քարկոփ բնակավայր, ինչը բավականին հեշտացրել է մեր աշխատանքները»,-Ալավերդու համայնքապետարանում կայացած ասուլիսում նշեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը՝ ներկայացնելով աղետի գոտում իրականացվող աշխատանքները:
Մարզպետը հայտնեց, որ առավոտյան անձամբ է այցելել Քարկոփ բնակավայր, որտեղ վարչական ղեկավարը՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ եւ կամավորների աջակցությամբ, իրականացնում էր մաքրման աշխատանքներ: «Նախատեսված է նաեւ ջրագիծ անցկացնել M6 միջպետական ճանապարհից, որպեսզի բնակիչներին մի քանի կետերից կարողանանք ապահովել խմելու ջրով: Իհարկե, ջուր մատակարարում ենք, սակայն ուղիղ խողովակաշարով դեռեւս հնարավոր չի եղել մատակարարել: Այժմ Վեոլիա ջրի աշխատակիցներն աշխատում են տեղում, այսօր կամ վաղն այդ աշխատանքները կավարտվեն, եւ հնարավորություն կունենանք ջուր մատակարարել մեր բնակիչներին»,- ասաց Արամ Ղազարյանը:
Հավելեց, որ աշխատանքներ են իրականացնում նաեւ ՀԷՑ-ի աշխատակիցները, սակայն առայժմ տների պատերը խոնավ են, եւ անվտանգության տեսանկյունից ներկայումս նպատակահարմար չէ հոսանք մատակարարել, սակայն ազգաբնակչության կարիքները որոշակիորեն հոգալու նպատակով՝ մի քանի կետերում, այնուամենայնիվ, հոսանք կլինի:
Կարդացեք նաև
«Ախթալայի կամրջի վրա տեղադրվել է ժամանակավոր երկաթյա կամուրջ, որը ներկա պահին դեռեւս անցանելի չէ, սակայն այսօր երեկոյան կամ վաղը կունենանք նաեւ ժամանակավոր ավտոմոբիլային կամուրջ՝ նախատեսված թեթեւ մարդատար մեքենաների համար… Շարունակվում են աշխատանքները նաեւ Ալավերդի համայնքում: Թումանյան թաղամասում մաքրման աշխատանքներն ավարտված են, սակայն կոյուղիների հետ կապված խնդիրներ ունենք, որոնք պարբերաբար մաքրվում են, բայց դեռեւս ավարտական փուլում չեն: Ավելի նպատակահարմար է նոր կոյուղագծեր կառուցելը:
Այցելել եմ նաեւ Սանահին թաղամաս, որտեղ հանդիպել եմ ազգաբնակչության հետ, զրուցել, լսել, թե ինչ կարիքներն ունեն: Այնտեղ գրեթե 90 տոկոսով ավարտված են մաքրման աշխատանքները: Ավարտական փուլում են գտնվում նաեւ դեպի մյուս ափ տանող հետիոտնային կախովի կամրջի աշխատանքները: Դրա շնորհիվ ազգաբնակչությունը ազատ ելումուտ կունենա Ալավերդի բնակավայր»,-նշեց մարզպետը:
Մարզպետն ասաց նաեւ, որ շարունակվում են վնասների գույքագրման, գնահատման աշխատանքները: Կան տնտեսվարողներ, որոնք մեծ վնասներ են կրել: Հավելեց, որ երկաթուղին եւս վերականգնվել է, գնացքները կարողանում են մոտենալ Այրում կայարանին, որտեղից վառելիքը բեռնատար մեքենաներով տեղափոխվում է Երեւան եւ Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրեր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ