Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները հետ կգնան, եւ ՀՀ այն բնակավայրերը, որոնք այսօր ուղիղ թիրախավորված են, կլինեն անվտանգ»․ Կարեն Սարգսյան

Հունիս 05,2024 18:40

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ Ադրբեջանից պահանջներ են ներկայացնում նաեւ Գեղարքունիքի գյուղերի վերաբերյալ, հնարավո՞ր է Տավուշից հետո հայտարարեն, որ սահմանազատում են իրականացնելու Գեղարքունիքի մարզում։

«Ադրբեջանական կողմն ինչ է խոսում, ինչ չի խոսում, ինձ ադրբեջանական կողմի խոսացածն ընդհանրապես չի հուզում, որ ես մեկնաբանեմ։ Ինձ հետաքրքրում է, թե մենք ի՞նչ ենք խոսում եւ ի՞նչ ենք ներկայացնում։ Եթե սահմանազատում պետք է իրականացվի Գեղարքունիքի մարզում, ուրեմն պետք է իրականացվի։ Դուք բոլորդ տեղյակ եք, որ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք։ Եվ հարձակում է եղել մեր մարզի՝ սահմանին հարող 12 բնակավայրի վրա։ Եվ դրա արդյունքում մի շարք հատվածներում իրենք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Սահմանազատման արդյունքում իրենք հետ կգնան իրենց ելման դիրքեր, եւ ՀՀ այն բնակավայրերը, որոնք այսօր ուղիղ թիրախավորված են այդ ուժերի կողմից, արդեն իսկ կլինեն անվտանգ»,- ասաց նա։

Հարցին, թե վստա՞հ է, որ ադրբեջանցիները հետ կգնան, մարզպետը պատասխանեց․ «Այո։ Տավուշում դուք ինքներդ տեսաք, որ սահմանազատված հատվածներում կային հատվածներ, որոնք հետ վերադարձվեցին ՀՀ-ին։ Այն հատվածները, որտեղ սահմանազատում է իրականացվել, այդ նույն քարտեզներով կա տարածք, որը նաեւ այնտեղի բնակիչներն ասացին՝ իրենք մտածել են, որ դա հարեւան երկրինն է, բայց պարզվեց, որ դա ՀՀ տարածք է, եւ այնտեղ հենասյուներ են կանգնեցրել, դա ընկել է հենասյունից դեպի ՀՀ տարածք, այսինքն՝ նշանակում է՝ դա մեր տարածքն է»։

Ըստ Կարեն Սարգսյանի՝ այն քարտեզներով, որով արվում է սահմանազատումը, այդ քարտեզներն են հիմք տալիս իրեն վստահ ասելու, որ ադրբեջանցիները հետ են գնալու։

Հարցին, թե հնարավո՞ր է այդ գործընթացի ժամանակ պարզվի, որ ինչ-որ տարածքներ էլ պետք է Հայաստանը զիջի, մարզպետը պատասխանեց․ «Հաշվի առնելով, որ քարտեզների այդ մասշտաբայնությունը մենք չունենք եւ չենք կարող դրանք որպես այդպիսին օգտագործել, ես հիմա այդ հարցին պատրաստ չեմ պատասխանել։ Բայց գոնե վստահ եմ, որ մեր մարզից կան տարածքներ, որոնք այսօր գտնվում են ադրբեջանական զորքերի հսկողության տակ, եւ այդտեղից իրենք պետք է հետ գնան»։ Հարցին, իսկ եթե հետ չգնա՞ն, ի՞նչ են անելու, Կարեն Սարգսյանը պատասխանեց․ «Կօգտագործվի այլ գործիքակազմ, որով իրենց կստիպենք, որ հետ գնան»։ Հարցին, թե ուժո՞վ պետք է ստիպել, որ հեռանան, նա պատասխանեց․ «Տարբեր գործոններ կան, որոնք կարելի է օգտագործել, մինչեւ ձեր ասած այդ գործիքը»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930