Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակն է խթանել լրատվամիջոցների՝ որակյալ բովանդակության ստեղծումը. մեկնարկել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը

Հունիս 05,2024 18:02

Երեկ՝ հունիսի 4-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), իր գործընկերների՝ Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (ԲՏԻ) և International Media Support (IMS) դանիական կազմակերպության հետ միասին պաշտոնապես մեկնարկեց «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է խթանել լրատվամիջոցների՝ որակյալ և պատասխանատու բովանդակության ստեղծումը՝ դրամաշնորհների, դասընթացների, շահերի պաշտպանության և բարենպաստ աշխատանքային միջավայրին աջակցելու միջոցով։ Ծրագրի տևողությունը 38 ամիս է, բյուջեն կազմում է 530,370  եվրո, որից 400.000 եվրոն Եվրոպական միության կողմից տրամադրված դրամաշնորհն է, իսկ 130.370-ը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Հայաստանում Ինտերնյուսի գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» ներդրումն է։

Եվրոպական միության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսն իր ողջույնի խոսքում նշեց․ «Մեդիան պատասխանատու է հանրությանը ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկությամբ ապահովելու համար՝ վստահ լինելով, որ քաղաքացիները լավ տեղեկացված են և ունակ են մասնակցել քաղաքացիական կյանքին։ Բացի այդ, մեդիան պահապան շան դերում է՝ որոշում կայացնողներին հաշվետու պահելու և կառավարության և այլ գերատեսչությունների շրջանում թափանցիկության զորեղացման համար։ Անենք այնպես, որ օբյեկտիվ և ճշմարիտ տեղեկությունը հասանելի լինի բոլորին»։ 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի ղեկավար Նունե Սարգսյանը հավելեց «Մեր նպատակը, որպես կազմակերպություն և մասնավորապես այս ծրագիրն իրականացնող, մարդկանց այնպիսի լրատվության տրամադրումն է, որը իմաստալից է, ժամանակին, արդիական, վստահելի  և վերջապես՝ հետաքրքիր։ Սրանք որակյալ մեդիայի հատկանիշների մի մասն են, և մենք շարունակում ենք օգնել լրատվամիջոցներին անցնել այս ճանապարհը՝ չնայած բոլոր բարդություններին։ Պետք է նաև նշեմ, որ այս ծրագիրը համագործակցության լավագույն օրինակ է ինչպես  գործընկերային աշխատանքի , այնպես էլ՝  միջազգային դոնոր կազմակերպությունների  ջանքերը համատեղելու տեսակետից»։  

Առաջիկա երեք տարիներին «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն»  ծրագրով նախատեսվում է իրականացնել մի շարք գործեր։ ՄՆԿ-ի լրատվամիջոցների կառավարման առցանց դպրոցը  դասընթացների նոր փուլ կսկսի, ԵՄԱ-ը կանցկացնի հրատապ խնդիրների լուսաբանմանը նվիրված դասընթացների  շարք՝ «Համատեքստում» խորագրով, կշարունակվեն լրագրողների անվտանգությանն ուղղված վերապատրաստումները։

Ծրագիրը կաջակցի նաև լրատվական դաշտի օրենսդրական բարեփոխումների և քաղաքականության մշակմանը, ինքնակարգավորման մեխանիզմների զարգացմանը, այդ թվում լրատվամիջոցների Էթիկայի դիտորդ մարմնի գործունեությանը․ օրինակ՝ օմբուդսմենի ինստիտուտի գաղափարի առաջխաղացման նպատակով կազմակերպվելու է ուսումնական այցելություն Դանիա։

Ծրագրի շրջանակում լրատվամիջոցներին և լրագրողներին տրամադրվող դրամաշնորհների  համար նախատեսված է 130.000 եվրո։ «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը ներդրում է ունենալու փաստերի ստուգման լրագրության զարգացման,  մեդիագրագիտության տարածման, «Բազմազանության լրատվության ձեռնարկ»-ի վերախմբագրված տարբերակի և «Թվապատում» լրագրողական մրցույթում երկու նոր անվանակարգերի ստեղծման գործում։ 

«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ, Ինտերնյուսի Հայաստանում գրասենյակի մասնակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930