Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «Լույս» հիմնադրամ

Հունիս 05,2024 17:48

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2024» զեկույցը։

Այսպես՝
• 2024թ. ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման 3.73 ինդեքսով Հայաստանը 119 երկրների շարքում 72-րդն է։ 2019թ. համեմատ Հայաստանի ինդեքսը նվազել է 2.4%-ով, իսկ վարկանիշային դիրքի առումով արձանագրվել է հետընթաց՝ 8 հորիզոնականով։

• Հայաստանի ինդեքսը 5.9%-ով պակաս է համաշխարհային միջին (3.96 միավոր) և 12.4%-ով մեր տարածաշրջանային խմբի՝ «Եվրոպա և Եվրասիա» տարածաշրջանի տարածաշրջանային միջին (4.26 միավոր) ցուցանիշից։

• Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի բոլոր ենթաինդեքսների գծով 2024-ին արձանագրվել է Հայաստանի վարկանիշային դիրքի վատթարացում։

• «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսի գծով շոշափելի վատթարացում է արձանագրվել ՀՀ-ի թե՛ գնահատականի և թե՛ վարկանիշային դիրքի առումով։ Հատկապես մտահոգիչ են այս ենթաինդեքսի մեջ ներառված «Գնային մրցունակություն» հիմնասյան գծով արձանագրված բացասական փոփոխությունները (այս հիմնասյան գնահատականը 2019թ. համեմատ նվազել է 8.8%-ով, իսկ դիրքը վատթարացել է 15 հորիզոնականով), քանի որ դրանք վկայում են միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչության կտրուկ նվազման մասին։ Գնային մրցունակության նվազմանը, անկասկած, նպաստել է նաև դրամի արժևորումը։

• Վատթարացումը զգալի է նաև «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի կայունություն» ենթաինդեքսի գծով՝ գնահատականի 7.5%-ով անկում և դիրքի 49 հորիզոնականով նահանջ։ Հատկանշական է, որ ինդեքսի բոլոր 17 հիմնասյուներից ամենամեծ վատթարացումն արձանագրվել է հենց այս ենթաինդեքսում ներառված «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի սոցիալ-տնտեսական ազդեցություն» հիմնասյան գծով. հիմնասյան գնահատականը նվազել է 18.8%-ով, իսկ դիրքը վատթարացել է միանգամից 58 հորիզոնականով։ Այս հիմնասյան գծով վատթարացումը խիստ մտահոգիչ է այն պատճառով, որ դրանով «չափվում» է երկրի տնտեսության վրա ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ազդեցության ուժեղությունը։ Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ տնտեսական աճի վրա ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի աճի ազդեցությունն էապես թուլացել է։

• Չնայած Հայաստանի ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսը 2019թ. համեմատ 2024թ. նվազել է, 2018-2023թթ. ժամանակահատվածում Հայաստան այցելուների թիվն աճել է՝ 40.2%-ով (1.65 մլն-ից մինչև 2.32 մլն)։ Իրականում, սա հաստատում է այն պնդումը, որ այս աճը չի կարելի ներկայացնել որպես ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի զարգացման և իրականացվող բարենպաստ քաղաքականության արդյունք, այլ այն պարզապես արտածին (ժամանակավոր) գործոնների ազդեցության հետևանք է և, մասնավորապես, պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության հետևանքով արտերկրից մարդկանց մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառման պատճառով այդ երկրի քաղաքացիների զբոսաշրջային ուղղությունների հարկադրված փոփոխությամբ։

• 2024թ. ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսով և վարկանիշային դիրքով Հայաստանը զգալիորեն զիջում է հարևան չորս երկրներից երեքին՝ Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին (իսկ Իրանին շատ աննշան է գերազանցում)։ Ավելին, 2019թ. համեմատ տարածաշրջանում միայն Հայաստանն է ունեցել վարկանիշային դիրքի նահանջ։

• Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր հարևաններին։

• «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսներ» ենթաինդեքսի ցածր լինելը չափազանց մտահոգիչ է։ Նախ այն պատճառով, որ այս ենթաինդեքսի գծով Հայաստանը վարկանիշային աղյուսակում հետնապահների թվում է՝ գնահատականն ընդամենը 1.46 է՝ զբաղեցնելով վերջից 8-րդ հորիզոնականը։

Մտահոգության մյուս պատճառն այն է, որ այսպիսի ցածր գնահատականից հետևում է որ Հայաստանը բնության գեղատեսիլ վայրերի, կենդանական ու բուսական բազմազանության և մշակութային ժառանգության առումով գրավիչ երկիր չէ, իսկ դա վկայում է տարբեր միջազգային կառույցներին, շահագրգիռ կողմերին և պոտենցիալ զբոսաշրջիկներին Հայաստանի իրական պատկերը ներկայացնելու ուղղությամբ պատկան մարմինների անարդյունավետ աշխատանքի մասին։ Այս պնդման օգտին է խոսում այն հանգամանքը, որ մեր հարևան երկրների (որոնք այս ենթաինդեքսի համար հաշվի առնվող գործոնների առումով, ըստ էության, Հայաստանից ավելի շահեկան պայմաններ չունեն) գնահատականները շատ ավելի բարձր են։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930