Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում երեք բնակարան ենք գնել, եթե եղբայրներիս աշխատանքը լավ գնա, երկրորդ, երրորդ առանձնատունը կկառուցենք»․ Գնել Սանոսյան

Հունիս 05,2024 17:44

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրություն է սկսել իր թոշակառու մոր կողմից 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով:

Նա ասաց, որ իրեն չեն հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե։ «Հոդված է հրապարակվել, որի շուրջ գործընթաց կա, որը, կարծում եմ, բնական է, նորմալ է։ Ուսումնասիրություն կանեն, եւ, կարծում եմ, դրանով բամբասանքներին վերջ կտրվեն»,- ասաց նա։

Հարցին, թե նախկին իշխանությունների ժամանակ իրենք կկարողանայի՞ն կառուցել նման առանձնատուն, Սանոսյանը պատասխանեց․ «Նախորդ իշխանությունների ժամանակ հայրս, ես եւ եղբայրներս կարողացել ենք երեք բնակարան գնել՝ բավական մեծ արժեքներով։ Չգիտեմ՝ ինչո՞ւ դրա մասին չեք խոսում։ Կարողացել ենք մեր հայրական տունը մեկ հարկից դարձնել երկու հարկ։ Այո, լավ էինք ապրում, որովհետեւ աշխատում էինք։ Ընդ որում, իմ եղբայրները ինչպես շարունակել են աշխատել ՌԴ-ում, հիմա էլ են շարունակում աշխատել։ Եթե աշխատանքները լավ գնան, այս մի տնով չենք բավարարվի, երկրորդը կկառուցենք, երրորդը կկառուցենք։

Ես հասկանում եմ, որ ձեզ համար զարմանալի է, որ ես այսքան տարի բարձր պաշտոն եմ զբաղեցնում հանրապետությունում, ընդ որում, ճանապարհաշինության, շինարարության հսկայական ոլորտ, բայց իմ եղբայրները շարունակում են ինչպես առաջ, այնպես էլ հիմա, գտնվել այնտեղ, որտեղ գտնվում են, զբաղվել նրանով, ինչով զբաղվել են։

Դուք կարող եք գովել ինձ, որ իմ եղբայրները չեն խառնվում այստեղ ոչ մի բանի եւ գովել իրենց, որ աշխատում, արարում ու այդ գումարները տեղափոխում են Հայաստան, այստեղ կառուցում են տներ։ Մեկդ չասեց՝ մարդն այս երկրում այսքան պաշտոն ունի, եղբայրները ոչ մի բանի չեն խառնվում։ Նորմալ ընտանիք է, մարդիկ գնացել աշխատել են, իրենց ծնողների մասին մտածում են, այդ աշխատած գումարները բերել են Հայաստան, ի՞նչն եք քննադատում դուք»։

Գնել Սանոսյանն ասաց, որ իր եղբայրները ՌԴ-ում զբաղվում են հիմնականում շինարարությամբ, մեծամասամբ ասֆալտապատման բնագավառում։ Ունեն ընկերություն։ «Ես պատկերացնում եմ, թե դուք ինչ հոդվածներ կգրեիք, եթե իմ եղբայրներն այստեղ որեւէ բանով զբաղվեին։ Մինչեւ 2018 թվականը մենք զբաղված էինք բնակարաններ գնելով, Երեւանում երեք բնակարան ենք գնել՝ մի հատ բնակարան 2008 թվականին ենք գնել, մի հատ՝ 2012-ին, մի հատ՝ 2017-ին»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930