Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են հակաժողովրդական պրոցեսները վերածնե՞լ այս երկրում, ես ձեզ վստահեցնում եմ, որ թույլ չենք տա»․ Ավինյան

Հունիս 05,2024 16:52

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում քաղաքական գործընթացներին, Ավինյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել ՀՀ-ում։ Եվ եթե ընդդիմադիր որոշ գործիչներ որոշակի առաջարկություններով հանդես են գալիս, եւ ինչ-որ մարդիկ իրենց լսում են, ինչ-որ մարդիկ հավատում են, ինչ-որ մարդիկ հիասթափվում են, դա այդ քաղաքական գործիչների իրավունքն է»։

Հարցին, թե մտավախություն ունե՞ն, որ շարժումը կարող է հաջողել, եւ իշխանափոխություն տեղի ունենա, Ավինյանը պատասխանեց․ «Ես վստահ եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտներն այլեւս երբեք չեն կարող չեղարկվել, եւ ազատ, արդար ու ժողովրդավարական ինստիտուտները միշտ լինելու են այն ինստիտուտը, որը գերակա է լինելու այս երկրում»։

Լրագրողները հիշեցրին, որ ՔՊ-ն իշխանության է եկել փողոցի ճնշման արդյունքում, սցենարի կրկնությունը բացառո՞ւմ են, Երեւանի քաղաքապետը պատասխանեց․ «Փողոցի ճնշման արդյունքում մենք չեկանք իշխանության, 2018 թվականին տեղի ունեցավ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխություն, որն ուղղակի իշխանության գալու կամ չգալու մասին չէր։ Դա այն մասին էր, որ ՀՀ-ում չէին գործում ժողովրդավարական ինստիտուտներ, չէր գործում ընտրությունների ինստիտուտը, իսկ 2018 թվականից մինչ այս պահը գործում է եւ հարատեւ գործելու է»։

Հարցին՝ եթե ժողովուրդը դուրս գա փողոց ու պահանջի այս իշխանության հրաժարականը, ժողովրդի պահանջը չեն կատարելո՞ւ, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Ես կարող եմ ասել, որ իրականում ժողովրդի յուրաքանչյուր պահանջին յուրաքանչյուր իշխանություն պետք է համաձայնի, բայց եթե խոսքը գնում է ժողովրդի պահանջի մասին եւ ոչ ընդդիմության պահանջի մասին, որն այս պահի դրությամբ կարելի է վստահ ասել, որ փոքրամասնություն է։ Մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում, ժողովրդավարական երկրում մեծամասնությունն է որոշում, թե ով է չորս տարի կամ մեր դեպքում՝ հինգ տարի լինում իշխանություն։ Մեզ մոտ այդ մեխանիզմը 2018 թվականից աշխատում է, բոլորն ընդունում են, որ այդ մեխանիզմն աշխատում է, բոլորը վստահում են այն ընտրություններին, որոնք 2018 թվականից անցկացվում են։ Հիմա, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ասեք՝ մեր խնդիրն ինչո՞ւմ է, մենք ուզում ենք հակաժողովրդական պրոցեսները վերածնե՞լ այս երկրում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա թույլ չենք տա»։

Անդրադառնալով նախորդ տարի Երեւանում անցկացված ավագանու ընտրություններին՝ Ավինյանն ասաց, որ այս հարցով ամեն տեսակի մանիպուլյացիաներ եղել են․ «Բայց մեր քաղաքական ուժը Երեւանի բոլոր վարչական շրջաններում ամենաշատը ձայն ստացած քաղաքական ուժն է։ Խնդրում եմ այդ մանիպուլյացիաներից զերծ մնալ»։

Հարցին, թե ՔՊ-ում քննարկո՞ւմ են Բագրատ սրբազանի ղեկավարած շարժման պահանջները, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Ես կուսակցության վարչության անդամ եմ, մենք ունենում ենք վարչության նիստեր, ունենում ենք նախաձեռնող նիստեր։ Եվ այդ նիստերից որեւէ մեկում մենք այս շարժման վերաբերյալ քննարկումներ չենք ունեցել»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930